seroj araqelyan1

Բաղնիքը վառեք, գալիս ենք

Բարև ձեզ: Երկարատև բացակայությունից հետո՝ ես վերջապես եկա: Չէ, չեմ զլացել գրել, ուղղակի ուսանող եմ, քիչ է՝ դրան էլ գումարած ուզում են բանակ տանել: Դե, բնականաբար, զինկոմիսարիատ, հիվանդանոց, ստուգումներ և վերջնական նշանակված օր: Վերջին ստուգումների օրն էլ անցա: Մտա գեներալի մոտ, դեռ չէի հասցրել բարևել, երբ նա ասաց.

-Առաքելյան, բարի ծառայություն, տղա ջան, անփորձանք:

Ասաց և ձեռքը պարզեց: Ես էլ, բնականաբար, սեղմեցի և ասացի.

-Շնորհակալություն, պարոն գեներալ:

Դուրս գալուն պես ինչ նպատակներ ունեի՝ թողեցի բանակից հետո, իսկ ինչը կհասցնեմ անել, սկսեցի երկու ամսվա մեջ տեղավորել: Հասցնելու գործերից մեկն էլ էս պահն է՝ նյութ գրելը: Չնայած ծանրաբեռնված դասերիս ու գերհոգնած աչքերիս՝ ինքս ինձ ասացի.
-Այ մարդ, քնելը կա ու կա: Մի քիչ ուշ կքնեմ: Փոխարենը՝ նյութ կգրեմ:
Լավ գիտակցում եմ, որ գալու է պահ, երբ ասելու եմ՝ բա սենյակումս չլինեի՞, մի հատ նյութ գրեի:
Վերջը գցեցի, բռնեցի, հետաքրքիր ու մի քիչ դժվար պատմության մասին սկսեցի գրել՝ գյուղի լոգարանների կամ «բաղնիք վառելու» օրվա մասին:
…Գիտե՞ք, որ Հայաստանի գյուղերում լոգարանները խիստ տարբերվում են քաղաքի լոգարաններից: Ասեմ՝ ինչի: Դե, քաղաքում, բնականաբար, մարդիկ բնակվում են շենքերում, իրենց բնակարաններում ունեն սեփական լոգարանը: Բայց գյուղերում մարդկանց 80 տոկոսը լոգանք է ընդունում տնից որոշակի հեռավորության վրա գտնվող, առանձին մի փոքրիկ շինությունում: Ներսից այն չի տարբերվում քաղաքի լոգարաններից, ուղղակի հին նախագիծ է: Լավ, գնալով զարգացան, նոր տներ սարքեցին, նախօրոք մտածեցին և լոգարանը կառուցեցին այնպես, որ մուտքը տան միջից լինի: Բայց, կա մի «բայց»: Գյուղի տներում ջեռուցման համակարգեր կան միայն հաշված տներում: «Բաղնիք վառելու օր» լինում է այն տներում, որտեղ ջեռուցման համակարգ չկա: Եթե չկա էլեկտրական տարբերակ՝ տաք ջուր օգտագործելու, ապա դիմում են այս քայլին: Պատրաստում են հատուկ վառարաններ: Վառարան, որի շնորհիվ ջուրը սկսում է մոտ մեկ ժամ հետո եռալ: Ահա և վերջ. բաղնիքը վառված է: Բայց միայն հո վառելով չի, վառելուց հետո պետք է այնպես անել, որ ջուրը պահպանի իր նորմալ ջերմաստիճանը, որպեսզի լողանալու ընթացքում չսառի: Հետաքրքիր է, անգամ, երբ ասում են. «Հազիվ գնում ես, էս երկու փետը հետդ տար, ձեռի հետ կգցես, որ ջուրը չսառի»: Ամեն օր չէ, որ այսպես է: Դժվար է ամեն օր վառարանի չափսերով փայտ կոտրել, ժամերով տանջվել, վառել, և անուշադրության պատճառով մեկ էլ տեսնում ես՝ կրակը հանգել է: Դե, արի ու նորից վառի բաղնիքը: Մի քիչ անսովոր է, բայց կա էսպիսի մի բան. մարդիկ հիմնականում լողանում են կիրակի օրերը: Չզարմանաք, բայց հատուկ ընտրում են կիրակին, որ շաբաթվա գործերն ավարտեն ու կիրակի բաղնիքը վառեն: Հարմար պահ է՝ երեխաները կլողանան, կգնան դպրոց երկուշաբթի: Մարդիկ երբեմն նաև լոգանք են ընդունում բարեկամների լոգարաններում: Պատճառը երևի պարզ է. չկա մշտական տաք ջուր: Քաղաքներում լողանալը ընդամենը մեկ գործողություն է՝ պտուտակը՝ աջ, պտուտակը՝ ձախ: Ձմռանը գյուղում ավելի է դժվարանում բաղնիքի գործը: Քաղաքներում, լոգանքից հետո, մարդիկ լոգարանից քայլում են դեպի իրենց սենյակ, իսկ գյուղերում սառը եղանակին սրբիչի մեջ փաթաթված վազում են դեպի տուն և մոտենում վառարանին, որ տաքանան: Դե, հիմա էլ գնա՝ վառարանի համար փայտ բեր, որ նոր եկողները չմրսեն հանկարծ: Հուսանք՝ այս տարբերակով տաք ջուր ստանալու երևույթը շուտով կվերանա, և լոգանքը այդքան թանկ չի նստի գյուղացիների վրա: