seryoja baboyan

Բամբասանք, այ քեզ չարիք

Երևի բոլորիս բակում, փողոցում, շենքում, գյուղում, քաղաքում, չգիտեմ որտեղ, կան բամբասկոտ կանայք, և չեմ էլ ուզում ասել` տղամարդիկ։ Նրանց, ինչպես կարգն է, անվանում են BBC-ներ, բամբասկոտներ։ Նրանք բամբասում են ամեն մեկից, ինչ-որ երևույթից, կարճ ասած, ամեն ինչից։ Նրանք միշտ նստած են լինում նույն վայրում, նույն դիրքով և նույն կազմով։ Իսկ ցուրտ եղանակին շփվում են հեռախոսով կամ մեկը մյուսի տուն գնալով։ Ինչպես ասացի, նրանք բամբասում են ամեն ինչից։ Էս մեկը էս շորը հագավ, էն մեկը էս ձև էր քայլում, մյուսը էսօր էս ինչ բանը կերավ, էն մեկը մեկի հետ խոսեց, էս մեկը, եսիմ ինչ, արեց ու էդպես լիքը բաներ։ Կամ մի բան էլ ասեմ, որն ինձ շատ է բարկացնում՝ մեկը մյուսին բողոքելը։ Կոպիտ օրինակ բերեմ։

«Աղջի, տեսա՞ր, սրա հավերն էսօր տասը հատ ձու ածեցին, իմ հավերը չածեցին»։ «Սրա կովը էսօր էսքան կաթ բերեց, իմ կովը մի կես բաժակ էլ չբերեց»։ «Աղջի, տեսա՞ր, էն օրը էս ինչի թաղմանը, օրինակ՝ Զարիկը լացում էր, մյուսը չէր լացում»։

Ամբողջ օրը թողնես մենակ բամբասեն՝ սրանից-նրանից, բարևեց-չբարևեց, էկավ-չեկավ ու նման նյարդայնացնող բաներ։ Բա որ էդ «բամբասկոտ բրիգադի» անդամներից մեկը գալիս է մեր տուն ու սկսում է պատմել, բողոքել, գովել, ու դու էդ ամեն ինչը ապշած լսում ես։

Մի անգամ մեր փողոցի բամբասկոտ բրիգադի անդամներից մեկը եկել էր մեր տուն ու «նստել» տատիկիս ականջին։ Նրա գնալուց հետո ջղայնացած տատիկիս հարցրի․

-Տատ, ո՞նց ես լսում իրա պատմածները, կոպիտ ասած, «ամբախ-զամբախ» խոսում ա, չեմ հասկանում, ո՞նց ես դիմանում։

Ու տատիկս հոգոց հանելով պատասխանեց.

-Ճարս ինչ, այ բալա, հո չե՞մ ասի` թող գնա ստեղից։

Համաձայն եմ, մի քիչ կոպիտ կլիներ, եթե այդպես ասեր տատիկս։ Բայց դրան չափ ու սահման կա չէ՞, վերջիվերջո։ Բա որ կողքներից անցնում ես, ուշադիր նայում են քեզ ու ինչ որ բան են փսփսում։ Ուղղակի տարիքները հաշվի առնելով չեմ շրջվում ու ասում․

-Ախր ի՞նչ էս տենց ուշադիր նայում վրես։

Ուֆ, չգիտեմ ինչ ասեմ։ Կարճ կապեմ, թե չէ էդ բամբասկոտներն ինձ որտեղ բռնեցին, կդարձնեն իրենց բրիգադի անդամ։ Ես էլ հո չե՞մ գժվել, տասնհինգ տարեկան եմ, գնամ` կործանվեմ։

Հ․Գ․ Ես չեմ ուզում ներողություն խնդրել նրանցից, ուղղակի թող կարդան ու որոշ չափով ուղղվեն։ Չնայած գիտեմ, որ ամբողջովին չեն կարող, դրանից պրծում չկա։