anahit ghazaxecyan lori

Բայց հաղթում ենք

Փոքր ապերիկս հարցրեց.

-Անահիտ, բա ինչի՞ ես հենց Ռեալ սիրում որ:

Ու ես էլի սկսեցի նույն բանը, որ էնքան քիչ եմ պատմում մարդկանց, որ մի քիչ անհավատալի է երազ տեսնել, արթնանալ, գուգլով փնտրել անունը ու ֆուտբոլից բացարձակ անտեղյակ՝ սկսել ապրել դրանով:

Դասարանում երևի մենակ ես էի Ռեալ Մադրիդ սիրում, մնացածը՝ Բարսելոնա, ու պարտության օրերին ավելի լավ էր դպրոցում չերևայի: Հա, էն ժամանակ էդպես էինք սիրում:

Դասարանում մի սեղան կար. ես ու դասընկերուհիս էինք նստում,  մի կողմում գրված էր Ռեալ Մադրիդ, մյուսում ՝ Բարսելոնա: Դասամիջոցներին գրատախտակի վրա ով հասցնւոմ էր, արագ մե՜ծ սիրտ էր նկարում, մեջը անգլերեն գրում իր թիմի անունը, կողքերին՝ ֆուտբոլիստների անունները: Ես տետր ունեի, որ սկսվում էր Ռեալի հիմնով, հետո պատմությունն էի արտագրել, գրել ֆուտբոլիստների անունները`  ծննդյան թվերի հետ միասին:  Տրանսֆերների մասին էի գրում:

Կլասիկոյին ավել շատ էի սպասում, քան արձակուրդներին: Օրերով իրար հետ չէինք խոսում, որովհետև ֆուտբոլային հարգանքը էնքան քիչ էր. անընդհատ ծաղում էինք իրար, անկապ արտահայտություններ անում,  մի կաթիլ չէինք հասկանում իրար: Եթե Ռեալն էր հաղթում կլասիկոյում,  ուրեմն, ես էի մի քայլ առաջ գնում, եթե Բարսան ՝ ուրեմն իրենք: Էդպես գնում էինք իրար հետևից, բայց ոչ կողքից: Ամիսը մի անգամ պարտադիր կրկնվող դիալոգ էր.

-Բարսան 5-0 ա կրել:

-Հա, ի՞նչ, Ռեալն էլ` 11-1:

Մենք չէինք հետևում մեր հակառակորդ թիմի փոփոխություններին… Իբր թե: Եթե էդ ժամանակներում Բ տառը գրեի, առաջինը Բարսայի հայկական կայքը կբերեր:

ՑՍԿԱ-Ռեալ խաղին վերջին անգամ անիմաստ լաց եղա. 1-1 էր: Մերոնք ջղայնացան.

-Ֆուտբոլ ա, էլի:

Մենք մեր ցավով էինք տառապում: Ավելի շատ մտածում էինք ոչ թե միավորի, այլ պարզ ճակատով դասի գնալու մասին: Իրար երեսի նայելու:

Լա Լիգայի վերջին խաղերն էին, հորեղբորս տանն էի, խաղը չկարողացա նայել ու, որովհետև փոքր էի, ու realmadrid.am-ից բացի ուրիշ կայք չգիտեի (թե ոնց մտքովս չէր անցել ուրիշ տեղ նայել), մինչև գիշերվա 3-4-ը սպասեցի արդյունքների տեղադրելուն: Ամենվատն էն էր, որ… Նորից ոչ ոքի էր:

Ընկերներիցս մեկը խաղերից առաջ, տուրերից առաջ միշտ գրում էր՝ տես, էսա Բարսան ինչ ա անելու:

Ես նույնիսկ ֆուտբոլ խաղալ սովորեցի ու դարպասապահ էի ՝ Կասիլյասի պես: Հետո Կասիլյասը գնաց: Կասիլյասը… Չգիտեմ ՝ ինչ եղավ: Անսովոր էր: Ահավոր: Ռեալից ամեն ֆուտբոլիստի գնալը մի բան պոկում-տանում է, ու մարզիչի ՝ Մոուրինյոի գնալուց հետո էլ տխրեցի: Ահագին:

Անհույս ժամանակ վերջին րոպեներին Քուինի “We are the champions”-ն էի միացնում, մի անգամ խփեցին… Մի անգամ մի բան եղավ: Երգ էր էլի, խաղեր էին, էլի:

Փոխվեցինք: Մեկ-մեկ ասում էին, ասենք, Ռեալ-Վալենսիա խաղը ե՞րբ ա: Ու ինչ ամոթ էր չիմանալը: Մեկ-մեկ խաղերը չէինք նայում, որովհետև… Որովհետև միշտ մի պատճառ կար: Բայց դե հարգել սովորեցինք: Ժամանակի ընթացքում հարգել սովորեցինք, կամաց-կամաց, բայց սովորեցինք:

2015/2016 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ էին դուրս եկել Ռեալն ու Ատլետիկոն, մի խոսքով ՝ Մադրիդյան դերբի էր: Ու էդ խաղում Մադրիդի Ռեալը հաղթեց: Երեկ ես հաղթեցի ու հաղթեցի… Ինքս ինձ: Հաղթեցի՝ արցունքների աստիճան հուզված պարտվողի լիքը լցված աչքերից ու… Իրենց տխրությունը հարգելով: Հաղթել եմ` մեջս սպանելով տարիներ շարունակ չակերտավոր հաղթողին՝ միայն հաղթանակը տեսնողին: Գավաթը մերն է: Գավաթը իմն է: Պարտվողի տխրության տերերն էլ, դե, մենք ենք: