ani tadevosyan lori

«Բայց մենք ժպտում ենք…»

Մինչ հեղափոխությունը ես և իմ ընկերները գնացել էինք «Լավ էլի» և «Clocker» խմբերի համերգին։ Իսկապես, ինձ համար շա՜տ սպասված համերգ էր, որովհետև ամեն օր և ամեն պահի իրենց երգերն էի երգում և երազում, որ նորից հայտնվեմ համերգին։ Նրանց երգերը շատ յուրահատուկ են։ Գիտեք, ես չէի պատկերացնում, որ երկու-երեք օր հետո այդ համերգին հավաքված նույն մարդկանցով մասնակցելու ենք մեր երկրի համար այս պատմական շարժմանը, թավշյա հեղափոխության մասնակիցներից ենք լինելու։ Համերգին երգում էինք.

«Նրանք մեր ընթացքին նենգ պատեր կանգնեցրին,
Կապեցին սևակնած շղթաներ,
Կապեցին հուսահատ շղթաներ,
Բայց մենք ժպտում ենք…»։

Եվ ով կպատկերացներ, որ այդ նույն երգը մեր շարժման հիմներից մեկն էր լինելու։ Եվ իսկապես, չնայած մեր հասցեին հնչող տարբեր սպառնալիքներին, մենք նայում էինք նրանց դեմքերին և թեթև ժպտում էինք։
Մայիսի 2-ին ամբողջ Հայաստանով մեկ տոտալ գործադուլ և դասադուլ էր։ Վանաձորում երթուղայինները չէին աշխատում, խանութները փակ էին, բոլորը միախմբված դուրս էին եկել փողոց և իրենց հաղթական քայլն էին անում։ Այդ օրը շատ տպավորիչ էր, որովհետև Վանաձորում սովորական դարձած անձրևը չկար, և արևն էր շողում մեր՝ դարերով պայքարող ազգի վրա։
Այո՛, այդ հեղափոխությանը մասնակցելիս մենք վերջ դրեցինք մեր ցավերին և տխրությանը։ Մենք հաղթել ենք, և դրանով ամեն ինչ ասված է։ Էլ չեն լինի տխուր դեմքերը, էլ չեն լինի նրանք, ովքեր կասեն՝ երկիրը երկիր չի, էլ չեն լինի նրանք, որ կասեն՝ լավ, էս ի՞նչ սերունդ ա։ Մենք վերջ տվեցինք այդ ամենին։ Հիմա մենք ուղղակի ժպտում ենք։ Ես իսկապես երջանիկ եմ։