aniharutyunyanarm

Բայց սա ուրիշ պատմություն է

Ամեն ինչից անկախ` յուրաքանչյուր ընտրությունից առաջ ժողովուրդը միշտ էլ որոշակի հույս ունենում է` մի քիչ, շատ քիչ, հոգու էն ամենախորքում, որ այս անգամ ուրիշ է լինելու, որ մարդիկ իրոք իրենց ընտրությունն են կատարելու, որ նորից չեն հիասթափվելու ու խաբվելու: Խնդիրներն ամենուր են, լուծումներին սպասում են բոլորը, բայց գյուղում ավելի շատ են սպասում, ավելի շատ են ուզում հավատալ, որ հաջորդ տարի բերքը գետնին ու ծառերին չի մնա, ջուրը ժամանակին կլինի, հարկերը աշխատածից ավելի շատ չեն լինի, ու հավատում են` ուզած-չուզած, որքան էլ բողոքում են, մեկ է, ընտրությունից առաջ էլ, հետո էլ, իրենք իրենց հողի հետ են, ծառերի ու այգիների, կենդանիների հետ են: Բողոքում ու ցանում են, բողոքում ու բերքահավաք են անում ու ամեն սերմի հետ հավատ են ցանում, որ բերքը առատ է լինելու, բերքահավաքին հույս են հավաքում, որ բերքը ամբողջությամբ վաճառելու են ու ձմեռն ավելի ապահով են դիմավորելու:

Այս տարի բերքը այդքան էլ լավ չի վաճառվել, ճանապարհներին է մնացել, բայց Ռաֆիկ պապը, անկախ ամեն ինչից, ձմռանն է պատրաստվում: Փայտը կոտրատելու ձայն եմ լսում իրենց բակից, գնում եմ ու թակում դարպասը, բայց կացնի ձայնն ավելի բարձր է: Հենց այդպես ներս եմ մտնում, որովհետև Ռաֆիկ պապի բակ մտնելիս դարպասը թակելը կարևոր ու պարտադիր չէ. դռներն ու սրտերը միշտ բաց են:

-Ռաֆիկ պապ, ի՞նչ կասես, ի՞նչ ես սպասում ընտրություններից, մի բան կփոխվի՞:

Հարցիցս հետո ծիծաղելով ասում է․

-Էլի թուղթն ու գրիչն առած եկա՞ր,- ու շարունակում,- ամեն անգամ բարձրանում, սիրուն-սիրուն խոսում են, վերջում տեսնում ենք` սայլը տեղից չի շարժվում, ես ի՞նչ գիտեմ` էս անգամ էլի տարբեր մարդիկ նույն պատմությունը չե՞ն կրկնի: Ինչ էլ լինի, ես հո ուրիշ տարբերակ չունե՞մ: Էլ էս երկրից, էս գյուղից գնացողը չեմ, ով էլ գա` պիտի հարմարվեմ: Ես իմ հողի ու անասունի տերն եմ, ինձ հերիք ա, որ գոնե մի քիչ հարկերը թեթևացնեն, որ գյուղացին իրա տանջանքի դիմաց գոնե իրա բերքից մի քիչ օգուտ ունենա:

Որոշում եմ շատ չխոսեցնել Ռաֆիկ պապին, որ ցախի օրվա բաժինը շուտ կոտրի` գնա տուն, որ հասցնի հանգստանալ, թեյ խմել, մի քիչ լուրեր նայել ու քնել` հաշվելով, որ երեք օրից արդեն կվերջացնի, չորրորդ օրը կոտրած փայտը կպահեստավորի ու վառարանը կդնի:

Փողոցի վերևից իջնում եմ դեպի մեր տուն ու հարևան Հրաչի երգելն եմ լսում: Մեր ու իրենց բակը բաժանող պատի մոտ կանգնում ու հանգիստ խոսում եմ, փոքր տարիքում անգամ այդ պատով իրենց բակ էի մտնում: Իսկական հարևանություն եմ ասել, է՜: Միշտ ընդդիմադիր Հրաչն էլի դժգոհ է, ասում է, որ մոտակա 4-5 տարին հույս չունի, որ ինչ-որ փոփոխություն կլինի կամ փոփոխությունը կհասնի գյուղին.

-Բոլոր երկրներում գյուղացիներին 2 տոկոսով վարկեր են տալիս, դուք մեր վարկերի տոկոսները տեսե՞լ եք: Գյուղացին մի վարկը փակելու համար մյուսն է վերցնում, իրեն էլ ոչ մի բան չի մնում: Շատ կուզեի, որ երբ բերքը հասներ, ոչ թե գյուղացին ընկներ շուկաները, որ իր բերքը ծախեր, այլ գային, դաշտից մեծ մեքենաներով գնեին ու տանեին, որ գյուղացին ժամանակ ունենար ամբողջ օրը ծառերով ու բերքով զբաղվելու, որովհետև էդ բոստանը մշտական խնամքի կարիք ունի:

Եկա, Հրաչին նորից խոսեցրի, դարդերը խառնեցի ու թաքուն հեռացա, որ ընկերուհուս հետ թեյ խմեմ: Մենք ամեն ինչից խոսում ենք, բայց քաղաքականությունից, ընտրություններից` հազվադեպ: Իրենց ծառերի նուռն ուտելով, թեյով տաքանալով կամաց-կամաց թեման բացում եմ.

-Նար, ընտրության գնալո՞ւ ես, իրար հետ գնանք:

-Չգիտեմ, որ գնալու լինեմ` կասեմ քեզ:

-Ի՞նչ ես մտածում, բա:

-Գիտես, որ քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, բայց հավատում եմ, դե, գոնե ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի, կամ արդեն փոխվել ա, ոնց դու ես հավատում ու շատերը: Առաջին անգամ ես, չէ՞, ընտրելու: Կգնանք, կընտրես, որ քո ընտրությունը հաղթի, կհասկանաս, որ փոխվել ա, որ հավատալդ իզուր չէր: Ես առաջին անգամ չեմ գնում, բայց էս անգամ ես էլ հույս ունեմ, որ իմ ընտրությունը տեղ կհասնի:

Իմ գյուղում ու մնացած գյուղերում մեծահասակների մտածմունքի թեման հողն ու ջուրն են, կանայք խոպանից ամուսիններին ու որդիներին են սպասում, աշխատատեղերի բացվելուն են սպասում, երիտասարդները գյուղում հետաքրքրությունների են սպասում, ես էլ եմ սպասում, որ գյուղերին կնկատեն, որ այնպես կանեն, որ ուսանողները հաճույքով վերադառնան գյուղ դասից, իմանան, որ երեկոյան արդյունավետ ժամանց են ունենալու, բոլորով մի տեղ հավաքվելու տեղ են ունենալու:

Ու էսպես գյուղում ու Հայաստանում ամեն ընտրությունից առաջ նոր հույսեր են վառվում: Այս անգամ հույսերը մեծ են, սպասումները` շատ, ու որքան շատ ենք սպասում, հիասթափությունն այնքան մեծ է լինում:

Բայց սա լրիվ ուրիշ պատմություն է, այս անգամ մենք հիասթափությունը տան ամենախորը դարակում պահելու ու նոր ընտրության ենք գնալու: