Բանակը մենք ենք, բոլորս

Երեկ վաղ առավոտից թե հեռուստատեսությամբ, թե սոցիալական ցանցերով, հեռախոսով ու պարզապես փողոցում իրար հանդիպելիս մարդիկ ասում էին. շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր, հա՛յ սպա, անմահացա՛ծ հերոս, հայ քաջորդուն ծնունդ տվող առյուծածին մայր: Ես էլ առաջինը շնորհավորում եմ հայրիկիս: Չէ որ նա էլ այն մարդկանցից մեկն է, ով մասնակցել է ազատագրական մարտերին, ով կռվել է հանուն հայրենիքի: Հայրս «Սևքարեցի Սաքո» կամավորական ջոկատի անդամներից է: Ջոկատը կազմավորվել է 1989 թվականի հունվարին և կոչվել Իջևանի Սևքար գյուղի, այսինքն մեր համագյուղացի, լեգենդար հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի անունով: Կազմված է եղել մոտ 32 հոգուց: Սկզբում միայն մի քանիսն են զենք ունեցել, այն էլ որսորդական հրացաններ: Միայն հետո են ապահովվել անհրաժեշտ զինամթերքով: Դրա հետ կապված ջոկատի անդամները հաճախ են հիշում,թե ինչ է եղել, երբ առաջին անգամ ձեռքներին նռնականետ է հայտնվել: Փորձարկելու ժամանակ առաջին արկով պատ են քանդել:

Պատերազմի ընթացքում համագյուղացիներն էլ են ամուր թիկունք եղել՝ յուրաքանչյուրն իր ձևով: Տատիկս, օրինակ, մեծ սիրով ու ջերմությամբ է հյուրընկալել կռվող տղերքին՝ հյուրասիրել, լվացել նրանց գուլպաները, չորացրել ու կրկին ճանապարհել սահման: Ու այսօր, երբ ամեն կողմից լսում եմ շնորհավորանքներ, չեմ զարմանում, քանի որ այսպես, ազգովի ենք կազմավորել Հայոց բանակը:
Տա՛ Աստված, որ այս հուշերը մնան լոկ իբրև հուշ: Հետ չդառնան անցած դառը օրերը: Մեր սահմաններն ամուր լինեն, երկիրը՝ խաղաղ, ժողովուրդն էլ միշտ իր զավակի պես սիրի ու փայփայի իր բանակը: