ella mnacakanyan yerevan

Բարի ծառայություն, տղե՛րք

Արդեն 3-4 տարի կլինի՝ զորակոչներն անտարբեր չեն անցնում իմ կողքով: Միշտ մեկին կամ մի քանիսին տանում են: Վերջինը 2017-ի ամառային զորակոչն էր, որի մասին գրել էի իմ «Սերունդները փոխարինվում են» վերնագրով նյութում: Հիմա արդեն ձմեռային զորակոչն էլ է անցյալում, ու այն ևս իր նախորդների նման անտարբեր չանցավ իմ կողքով: Բայց շատ կուզեի, որ անտարբեր անցներ, անտարբեր թե՛ իմ, թե՛ քո, թե՛ մեկ ուրիշի կողքով, կուզեի, որ առհասարակ չլիներ, բայց…

Չգիտեմ՝ գուցե տարիքս է պատճառը (այսինքն, ոչ թե գուցե, այլ՝ հաստատ), որ ընկերական շրջապատիցս շատերը մի օրվա մեջ բակում նստող ամենահասարակ տղայից վեր են ածվում արևից փայլող գլուխ ունեցող ու կանաչավուն այդ համազգեստը կրող մեկի (դե՜, չեմ ասում՝ զինվորի, որովհետև սափրած գլուխն ու զինվորական համազգեստը դեռ չեն դարձնում զինվոր), ով բռնում է տղամարդ դառնալու ոչ այնքան կարճ ուղին ու առաջին քայլերն անում: Էդպես են ասում, չէ՞. «Բանակը տղային դարձնում է տղամարդ»: Չգիտեմ, էդ մտքի հետ էնքան էլ համաձայն չեմ: Ըստ իս, տղամարդկային հատկանիշները տղայի մեջ ամրացած են ի բնե, ծնվելու պահից ի վեր: Բանակը գուցե միայն ստեղծում է բարենպաստ միջավայր, որ այդ հատկանիշներն ակնհայտորեն դրսևորվեն ու վերջնականապես ձևավորեն անհատականությունը: Իսկ եթե մարդն ի ծնե օժտված չէ դրանցով, ապա ուզում ես՝ երկնքից աստղեր իջեցրու, ոչինչ չի փոխվի. նա կմնա նույնը՝ բանակից առաջ, թե հետո:
Արդեն 1-2 տարի կլինի՝ զորակոչներն անտարբեր չեն անցնում իմ կողքով: Միշտ մեկին կամ մի քանիսին բերում են: Ու տա՛ Աստված, որ 2 տարի հետո վերադառնան ճիշտ նույնքան զինվորներ՝ արդեն տղամարդ դարձած, որքան տղաներ զորակոչվել էին այս զորակոչին: