Manana davtyan

ԲարՔեմփ Քութայիսիում

Վերջին ժամանակներս ինձ ամենաշատ տրված հարցը հետևյալն է. «Ի՞նչ ես արել Վրաստանում»: Հիմա վերջապես կպատասխանեմ այդ հարցին:

2019 թվականի սեպտեմբերի 27-29-ին ես ապրեցի անմոռանալի օրեր, որոնց մասին այժմ կարոտով եմ պատմում: Այդ օրերին Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի ունեցավ քաղաքացիական ԲարՔեմփ: Ի՞նչ է ԲարՔեմփը: ԲարՔեմփը միջոցառում է, որի բովանդակությունը, թեմաները որոշում, ձևավորում են մասնակիցները: Դրանք կարող են լինել բաց բանավեճեր, հետաքրքիր կազմակերպությունների ներկայացումներ և այլ ինֆորմացիայի ու փորձի փոխանակումներ: Բացի այդ, մասնակիցները կարող էին բարձրացնել իրենց հուզող թեմաները և դրանք ավելի լսելի դարձնել:

Այն, ինչն այս ամենի մեջ ինձ ամենաշատն էր գրավել, դա հավասարությունն էր դասընթացավարի և մասնակցի միջև: Բացի ընկերական շփումից ու հարաբերություններից, նրանք իրենց դասընթացը վարելուց հետո որպես մասնակից ներկա էին լինում ու հետևում մյուս դասընթացներին:

ԲարՔեմփի ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր կապված ժուռնալիստիկայի, բռնության, կանանց իրավունքների, էկոլոգիական հիմնահարցերի, օնլայն հարթակների, լուսանկարչության հետ, պարզաբանվել են, թե ինչպես կարելի է ճիշտ լսել, խոսքը լսելի դարձնել և այլն:

Դե, իսկ հիմա անցնեմ ցանկացած միջոցառմանը մասնակցելու մյուս առավելությանը` նոր ընկերների ու շրջապատի ձեռքբերմանը: Իրականում ես մասնակիցներից տարիքով ամենափոքրն էի և, անկեղծ ասած, շատ ուրախ եմ դրա համար: Արդեն իսկ հասուն մարդկանցից միշտ էլ սովորելու շատ բան կա: Իրենցից այդքան փոքր լինելով, վերջում կապվել էի բոլորի հետ, չնայած, որ ընդամենը երեք օրվա ծանոթներ էինք:

Մասնակիցներ կային Ուկրաինայից, Ադրբեջանից, Վրաստանից, Չեխիայից և դե իհարկե, Հայաստանից (ի դեպ, թվով ամենաշատ մասնակիցները հենց Հայաստանից էին): Հաշմանդամություն ունեցողները` կյանքով լեցուն ու չափազանց դրական, մեծահասակները` հավերժ երիտասարդ, բնապահպանները` իրենց առաքելությանը հավատարիմ:

Ի դեպ, ԲարՔեմփի շրջանակներում բարձրացվեց նաև բնապահպանական խնդիրներից Ամուլսարի խնդիրը:  Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բնապահպանական խնդրի մասին կարծում եմ բոլորդ գիտեք, և գիտեք նաև, որ հանքի շահագործումը կարող է ունենալ չափազանց ծանր բնապահպանական հետևանքներ տարածաշրջանի համար (օդի, շրջակա գետերի աղտոտում և այլն): Եվ, առիթից օգտվելով, ցանկանում եմ իմ կողմից բարձրաձայնել այս շատ կարևոր և կենսական նշանակություն ունեցող հարցը և դառնալ բնապահպանական այս նախաձեռնության մի մասնիկը:

Վերադառնալով ԲարՔեմփ-ին ավելացնեմ, որ այնտեղ կազմակերպիչների կողմից մեզ տրամադրվում էր բացառապես բուսական սնունդ, որը նույնպես ուներ իր նպատակը` պաշտպանել կենդանիներին ոչնչացումից: Չնայած նրան, որ Հայաստան մտնելուն պես միանգամից կենդանական սնունդ ենք ընդունել, բայց և այնպես ողջունելի է նման մոտեցումը:

Իսկ այս հագեցած առօրյայից հետո` միանգամից անցում կատարեցի տուն-դպրոց, դպրոց-տուն ռեժիմին, որը, ճիշտն ասած, կարոտել էի:

Ահա` ձեր հարցերի պատասխանը, ահա, թե ինչ եմ արել ես Վրաստանում: