Բարև, թուղթ

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Հա, գիտեմ, մի քիչ տարօրինակ է հնչում, բայց դե ինձ բաժին է ընկել աշխատել թղթերի հետ: Ինչո՞ւ հենց «բարև, թուղթ»՝ հիմա կասեմ:

Մարդիկ տարբեր են, չէ,՞ իսկ եթե տարբեր են, ապա տարբեր են նաև իրենց մտածելակերպը, պլաններն ապագա կյանքի, մասնագիտական աշխատանքը և այլն: Ես էլ դե իմ հերթին եմ տարբերվում, ինչպես նաև երևի իմ դրած վերնագրով: Ուզում եմ մի պահ կտրվել իմ գերծանրաբեռնված գրաֆիկական դիզայն մասնագիտության ծանր գրաֆիկից և մի քիչ կիսվել ու զրուցել: Հա, գիշերվա ժամը չորսին քսան է պակաս, բայց համ հավես ունեմ գրելու, համ քունս է ճիշտ պահին փախել, համ էլ այսօր շորերս դասավորելուց ծալեցի նաև իմ շատ սիրելի 17.am-ի շապիկը: Որ ճիշտը ասեմ, ուզում էի հագնել, բայց նայեցի ցրտից քրտնած ապակիներին ու էլի դրեցի տեղը` ասելով. «Լավ, չեմ հագնի, բայց կգրեմ էսօր կայքի համար, վերջ ի վերջո հենց էնպես չի այն իմ պահարանում»:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Հիմա ես գրում եմ, այդ ամենին գումարած տանը միայնակ եմ, անդորր է, ու հենց սա էլ պետք է ինձ: Դասերս ավարտված են, հեռուստացույցի անձայն էկրանն է խաղում ու վերջ: Հա, մի քիչ սառնարանի ձայնն է խանգարում, բայց ոչինչ, էսքան դրականի մեջ մի հատ էլ բացասական թող լինի: Հիմա ես գրում եմ սպիտակ մի տարածքում. ամբողջ սեղանը թղթերի մեջ կորած է, կպչուն ժապավենները կենտրոնում են ու համակարգիչը: Հա, վայ, մոռացա, մեկ էլ 24 գույնի մարկերներ թափված բազմոցին, և ինչպես միշտ, կանաչը գետնին, որը այդքան շատ չի օգտագործվում: Մոտ մեկ ամիս է` քնում և արթնանում եմ թղթերի մեջ: Բերում ես հյուրասենյակ թղթերը, և արդեն նկատվում են ընկերներիս տխուր դեմքերը: Չէ, չէ, սխալ մի հասկացեք, իրենց չեմ խնդրում, որ օգնեն, այլ ասում եմ. «Ազատեք տարածքը, գալիս ենք»: Ու տան միակ բազմոցին նստում եմ ես ու հիսուն սանտիմետր լայնությամբ և յոթանասուն սանտիմետր երկարությամբ գծագրական տախտակը իր անբաժան նույն չափսի հինգ թղթերի հետ միասին:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

-Բարի գիշեր, Սերոժ, մենք գնացինք:
-Բարի:
-Չե՞ս քնում:
-Չէ, գործի կեսն եմ արել, դեռ երկու հատ հիսուն-յոթանասուն կա:
-Լույսը անջատեմ, էլի, քնում ենք:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ու այդպես ամբողջ գիշեր հյուրասենյակի լույսը վառած գծել-ջնջել, ուրախանալ և հիասթափվել՝ չորս միլիմետր սխալ է գծվել: Դե արի ու նորից գծի: Լավ, տեսողության անկումը ու հոգնածությունը մի կողմ: Ես դրանց վրա գումար եմ ծախսում, չէ՞. գնում եմ  թուղթ, որի արժեքը չորս հարյուր դրամ է, ու բնականաբար, ոչ մեկ հատ: Քանի դեռ ուսանող ես, վստահ չես, որ չես փչացնի և չես վազի խանութ: Երանի չէ՞ր թղթերով պրծնեի: Չխոսեմ ներկերի մասին: Երբ գնացել եմ տասերկու հազար դրամով գնել քսանչորս գույն, լավ իմանալով, որ այն օրիգինալ ներկերը չեն՝ գնելով ամենաէժանը,  օգտագործում եմ, էսպես ասած, շունչս պահած, որպեսզի շուտ չվերջանան: Կապ չունի, որ չեմ աշխատում, բայց գիտակցում եմ, որ ծնողներիս համար էլ հեշտ չի ապահովել ինձ այդ նյութերով: Հիմա կասեք` մեծ տղա է, ինչո՞ւ չի աշխատում: Համաձայն եմ ձեզ հետ: Տասինը տարեկան եմ, դեռ չեմ աշխատում: Բայց ոչ թե նրա համար, որ չեմ ուզում, այլ այն պատճառով, որ գիշերվա չորսից մինչև առավոտվա ինը գրաֆիկով աշխատանք չկա: Կան երեկոյան ժամերից: Իսկ երեկոյան ես գծում եմ: Գիտեմ նաև, որ եթե աշխատեցի, չեմ կարող նորմալ մասնագետ դառնալ, իսկ հետո էլ մասնագիտական աշխատանքի ժամանակ իմ արդարացումները չեն փրկի, երբ ասեմ` էս բանը չգիտեմ, որովհետև աշխատում էի: Առանց աշխատելու էլ քնում եմ երեք ու կես ժամ, բա որ աշխատեմ, էդ ժամանակ ի՞նչ անեմ, չքնե՞մ: Էդպես կլինի՞: Ինձ ասում եմ` ոչինչ, կիսել եմ արդեն, մնաց երկու կուրս: Սա էլ կավարտեմ ու արդեն կաշխատեմ իմ գործով ու սիրելով: Բայց միևնույնն է, ինքդ քեզ հույս տալուց հետո բախվում ես այն փաստին, որ աշխատանք է պետք: Աշխատանք է պետք թղթերից ու ներկերից բացի ուրիշ ծախսերի և այսքան ժամանակ ինձ համար երազանքի նման մի բան դարձած լուսանկարչական ապարատ առնելու համար, մանավանդ, երբ շուտով դրա պահանջը կզգացվի համալսարանում լուսանկարչական դասընթացին: Երրորդ կուրսից արդեն կանցնենք համակարգչային դիզայն, և կազատվեմ ներկերից ու թղթերից: Իսկ այդ գումարն էլ, որը ծախսում էի թղթերիս վրա՝ կհավաքեմ և կգնեմ լուսանկարչական ապարատը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Դե ինչ, սա է իմ առօրյան. համալսարան, կանգառ, կանգառում նստած ինձ տարօրինակ հայացքով նայող մարդիկ, ովքեր միշտ զարմանում են իմ ձեռքի մեծ սև լայնամասշտաբ պայուսակից, որը արտաքինից նման է զենքի պատյանի, բայց իր մեջ անմեղ գծագրեր են, վառ գույներ: Իսկ սառած ձեռքս, որը գրպանումս է, այդ ձեռքիցս էլ կախված է տոպրակ, որի մեջ են քառասուն հատ A4 թղթեր: Չգիտեմ` ինչ եմ գրել, որովհետև արդեն համարյա ժամը հինգն է, ու կարծես երազում լինեմ, էնքան հոգնած եմ:
Ինչ անեմ, քնե՞մ, թե արդեն արթնանալու ժամանակն է: Եթե քնեմ, անտանելի է լինելու արթնանալը երեք ժամ հետո, իսկ եթե չքնեմ` վաղը դասին անկախ ինձնից կքնեմ: Մի խոսքով, արդեն գերհոգնածությունից կարծես զառանցում եմ:
Հավաքեմ այս թղթերը և գնամ սենյակ քնելու: Ահ, մոռացել էի. այս նույն իրավիճակը նաև սենյակումս է: Անկողին, որի վրա ծածկոցը չի երևում սպիտակ թղթերի պատճառով և պահարան, որի վրա են տարատեսակ ներկանյութեր: Մի խոսքով, ես էլի կարթնանամ իմ թղթաշատ սենյակում, և շորերիս տակ կլինեն էսքիզների ճմռթած թղթեր և այն մեծ տոպրակը, որը պայթում է իր մեջ եղած թղթերի քանակից: Առավոտյան ձայն կտամ ինձ հետ բնակարանը վարձակալող ընկերներիս. «Բարի լույս, տղերք», ովքեր հյուրասենյակում են: Բայց մինչ իրենց տեսնելը աչքովս են ընկնում պահարանի գլխին դրված թղթերը, որոնք անհնար է առաջինը չնկատել: Թվում է` քեզ են նայում, իսկ բարևդ էլ կարծես ուղղված է առաջինը հենց իրենց՝ թղթերին:
Դե ուրեմն` բարև, թուղթ…