lida armenakyan

Բարև, պաթոս

Բարև, պաթոս: Չէ որ այսօր ապրիլի 2-ն է: Այսօր պիտի խոսենք կամ ընտրություններից, կամ արդեն մեկ տարվա վաղեմություն ունեցող պատերազմից:

Խնդրում եմ սենտիմենտալ մի դարձրեք ամեն ինչ ու սիմվոլների մի վերածեք ամեն բան: Շատ եմ լսում, որ բողոքում ենք, որ ընտրությունները հենց ապրիլի 2-ին են նշանակվել: Մարդիկ հիշեցնում են, որ այսօր ազգը պիտի Եռաբլուր գնար, այլ ոչ ընտրատեղամասեր: Հարցին ուրիշ կողմից նայեք: Մեզ ոչինչ չի խանգարում Եռաբլուր գնալ: Ոչինչ չէր փոխվի, եթե անգամ ուրիշ օր նշանակված լինեին ընտրությունները: Ձեր ներսն է կարևոր: Հարգանքը դրանով չէ, որ պետք է որոշվի: Շատ ուրիշ հարցեր ու խնդիրներ կան, որտեղ ցույց եք տալիս ձեր հարգանքը, կամ հակառակը: Չեմ վիճում:

Չեմ եկել բողոքելու, ընտրակաշառք բաժանելու, ընտրությունները կեղծելու, քվեաթերթիկները պատռելու, անվավեր ճանաչելու, տեսախցիկների չաշխատելու, ուղիղ եթերներին հետևել չկարողանալու և երկրի գործող նախագահի անձնագիրն ու մատը չճանաչելու մասին ասելու: Կամ գուցե հենց դրա համար էլ եկել եմ: Չգիտեմ:

Չեմ եկել լացելու, բանաստեղծության տողեր ցիտելու, ավելորդ անգամ հերոս տղերքի` «մոնումենտցի Կյաժի», Ադամի, Քյարամի, Ուրֆանյանի, Ռոբերտի ու Մկրտչյան Սասունի անունները շահարկելու, թուրքին մեղադրելու, անօդաչու թռչող սարքի գործը խափանած հովվի, 800 հեկտարի մասին հիշեցնելու ու  «ամեն» ասելու: Կամ էլ դրա համար եմ եկել: Ով գիտե:

Ես եկել եմ ասելու, որ մեր Բաղանիսի տղաները վաղուց էլ երեխա չեն: Իրենք էդ սահմանին են մեծացել: Կրակոցները իրենց հետքը թողել են ժամանակի ընթացքում: Հիմա էլ է նույնը: Սերյոժան «Ուղտի մեջք»-ի մասին մի տեսակ սովորական է պատմում, բայց կուտակված շատ բան կա: Թվում է, թե շատ հանգստությամբ է խոսում, բայց բոլորիս ներսը տակնուվրա է լինում: Պատմում է, որ շատ ժամանակ ստիպված են շորերով քնել, որ կրակելու դեպքում, հանկարծ հագնվելու վրա ժամանակ չկորցնեն: Հաճախ ստիպված են բաց թողնել պարապմունքները, որովհետև կյանքն ավելի կարևոր է, բնականաբար հասկանում եք:
«Հա, մին էլ մոռացա, կռավաթդ պատուհանիցը դեսն ենք բերել՝ դբա պատը, պոստերը երևըմ ա քու սենյակիցը, դրա հըմար»:
Մահճակալն էլ տեղափոխվում է տան անկյուններից, որ մի քիչ ապահով լինի: Դրանից մեր սրտերի տեղերը չեն տեղափոխվում, որ մենք էլ մի քիչ ապահով լինենք, մի քիչ հանգիստ լինենք, մի քիչ էլ քիչ մտածենք:

Պատերազմական օրերին ես տանը հանգիստ նստած կարդում եմ Դավիթի «Խաչմերուկ» նյութը ու ուղեղիս ծալքերով անցկացնում, որ ես էլ, ինքն էլ նույն Հայաստանում ենք ապրում: Իրականում կյանքը շատ տարբեր է սահմանամերձ գյուղերում ու հեռու-հեռավոր քաղաքներում:

Հիմա, այսօրը շատերը տխրությամբ են հիշում, շատերը հպարտությամբ, շատերը չեն ուզում հիշել: Ես արդեն չգիտեմ` որ տեսակին եմ պատկանում և կամ՝ որ խմբի մեջ եմ մտնում: Միայն կասեմ, որ այսօր ապագա Հայաստան ընտրելու ու ողջ մնացած հերոսների կողքին հպարտությամբ կանգնելու օրն է: Լավ մնացեք:
Ցտեսություն, պաթոս: