Բաց գրադարան Վանաձորում

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Գրքասե՞ր ես, սիրում ես անվերջ կարդա՞լ, գրքեր նվիրել ու ի ցույց դնել մարդկանց, որ հենց այդ զարմանահրաշ գրքե՞րն են, որ մարդուն կորով ու ամրություն են տալիս ու մի մեծ միտք…..

Դե ուրեմն, արի Վանաձոր, կամ ինքդ փորձիր անել այն, ինչ արեցին մի շարք երիտասարդներ:

Մի փոքրիկ անկյուն, հենց Վանաձորի սրտում:

Մի փոքրիկ անկյուն, բայց մի մեծ գանձարան զմրուխտյա քաղաքում:

Վանաձորի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ուսանողական ծրագրային թիմի նախաձեռնությամբ «Արցախ պուրակում» «Բաց գրադարանն» արդեն մեր աչքերի առջև է:

Ընտրման փուլն անցավ հաճելիորեն լարված, որին մասնակցում էին մի խումբ ուսանողներ իրենց ծրագրերով: Արդյունքում ժյուրիի կողմից հավանության արժանացան ընդամենը երկու ծրագիր, որոնք էլ երաշխավորվեցին ֆինանսավորման:

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Երկու ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ապրիլի 19-ին «Բաց գրադարան»-ն արդեն «Արցախ պուրակում» էր: Գրքերի հավաքման գործընթացն ընթացել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ: Տարածված հայտարարությունների արդյունքում մի շարք կամավորներ տրամադրել են բազմաթիվ գրքեր:

Ծրագրի ղեկավարը Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Շուշան Ներսիսյանն է:

Գրադարանն ունի օգտվելու կանոնակարգ, որի գլխավոր պայմանը գրադարանը երբեք դատարկ չթողնելն է: Յուրաքանչյուրն այնտեղից կարող է վերցնել կամ փոխանակել ցանկացած գիրք: Գրադարանը հնարավորություն է տալիս ծանոթանալու առկա գրականությանը, ընթերցելու այն մոտակա այգում կամ սրճարանում, վերադարձնելու գրադարանին կամ ցանկության դեպքում անվճար ձեռք բերելու այն՝ սեփական գրքերից որևէ մեկը նվիրելով գրադարանին:

Դե ինչ, գաղափարնեով լեցուն հասարակության մեջ, այլոց մնում է միայն աջակցել, և պահպանել այն, ինչ արդեն ստեղծվել է: