seda mkhitaryan

Բաց դռները

Դռները փակ են` սրճարանների, թանգարանների, համալսարանների, տների, հոգու։ Ներսից ու դրսից փակ է ամեն ինչ։

Պատճա՞ռը։

Հազար ու մի տեսություն։ Լաբորատորիայից տեղի է ունեցել արտահոսք։ Աստված պատժում է մարդկանց։ Բնությունը ինքնամաքրվում է։

Հավատաս, թե ոչ, ես ամբողջ հոգով ուզում եմ, որ դու սա կարդալիս այգում նստած լինես։ Դիմակ չլինի դեմքիդ վրա։ Երեխաները աղմկեն շուրջդ։ Օդն էլ մաքուր ու անվտանգ լինի։ Կարդաս ու չհասկանաս, թե ինչու եմ գրել այս մասին։ Չէ՞ որ սա մեծ ու անցողիկ երազ էր, որ գնաց, անհետ կորավ։

Բայց մենք հիմա ապրում ենք այդ մեծ ու անցողիկ երազի մեջ։ Ու քանի դեռ բակում հանգիստ նստել չես կարող, մոտեցիր պատուհանին, նայիր օդին ու կարդա այն։

Ես օդի բաղադրության մասին շատ բան չգիտեմ, բայց կարող ես գուգլել ու իմանալ։ Այնտեղ երևի մինչև անցած տարվա վերջ ամեն ինչ կարելի էր պատկերացնել, բացի այն մի կաթիլ թույնից, որից հիմա բոլորը վախենում են։ Անկախ նրանից՝ խոստովանում են այդ վախը, թե պարզապես ասում են, որ սուտ է ու չեն հավատում։ Չեն հավատում իրենց վախին։ Չեն հավատում, որ իրենց ու գիտության ուժից ավելի ուժեղ ինչ-որ բան կա, որ ամեն օր ու ամեն տեղ հնարավոր է հայտնվի։

Գիտության ու մարդու ուժից ավելի ուժեղ է այդ ուժերը գերագնահատելը։ Դա անիմաստ ու հզոր բան է։ Դա նման է մեծ փուչիկի, որ ամեն օր պատրաստ է պայթել ու ասել, որ ինքը չկա։ Որ ինքը իմ ու ձեր երևակայության արդյունքն է։ Ես չեմ ժխտում գիտության ու մարդու ուժը, բայց այն դեռ միայն ուժեղ է և ոչ հզոր։

Իսկ ուր է իմ ու ձեր հորինած գիտությունը իր ուժով, մարդը իր ուժով։ Ես ու դուք, որ հորինել ու հազարավոր տեսություններով ապացուցել ենք այդ ուժը, հիմա պարզապես անզոր կանգնած ենք մի կաթիլ օդի առջև, մի փոքրիկ փշոտ գնդակի առջև։ Գնդակ, որ իր փշերով պայթեցրեց հասարակության ամենաուժեղը լինելու փուչիկը, ու դրա ներսի թույնը թափվեց բոլորիս գլխին։ Գնդակ, որ մտավ օդի մեջ, ծնվեց ինչ-որ տեղ, խառնեց բոլորին ու բոլորիս։ Նա ստիպեց, որ ֆուտբոլիստները գնդակով տանը պարապեն, որ երեխաները բակ չիջնեն, որ մեծահասակները նարդու քարերը չշարեն իրար կողքի, որ ես ու էլի շատերը համալսարանի դռնով ներս չմտնենք, որ…

Շարքը կարող ես ինքդ էլ շարունակել։

Մենք անզոր կանգնած ենք նրա դիմաց, ու մեր ունեցած միակ ուժը հիմա այդ գնդակը անտեսելը չէ հաստատ։ Դրանից վախենալուց ամաչելը չէ հաստատ։ Գնդակին հաղթելու միջոցը նրա թելադրած կանոններով խաղալն է։ Տանը մնալն է, սարդոստայնների տեղերը անգիր անելը, վատ բաները մտքից դուրս հանելը, ամեն ինչ վերաիմաստավորելը, մեջքի ցավից բողոքելը։

Դռները փակելն է` սրճարանների, թանգարանների, համալսարանների, տների։ Ներսից ու դրսից փակելն է։

Միայն մի դուռ է պետք բացել, այն որ մինչև հիմա փակ էր։

Պետք է սկսել բացել միմյանց ու քո հոգու դռները։ Պետք է ներս նայել։ Գտնել մյուս արհեստածին փուչիկները, պայթեցնել դրանք, վերացնել հզոր ու անիմաստ բաները։ Պայթեցնել ալարկոտության, վախենալուց ամաչելու փուչիկը։ Պայթեցնել, քանի դրանք չեն մեծացել ու դարձել համամարդկային փուչիկներ, քանի մի ուրիշ փշոտ գնդակ չի հայտնվել։

Պետք է պարզապես հասկանալ, որ անտարբերությունը, միմյանց ու ինքդ քո հանդեպ պատասխանատվություն չունենալը փշոտ գնդակի հաղթանակի գրավականն է։

Իսկ պատասխանատվության ու սեփական վախի գիտակցումը կարող է այնպես անել, որ դու սա կարդալիս այգում նստած լինես։ Դիմակ չլինի դեմքիդ վրա։ Երեխաները աղմկեն շուրջդ։ Օդն էլ մաքուր ու անվտանգ լինի։ Կարդաս ու չհասկանաս, թե ինչու եմ գրել այս մասին։ Չէ՞ որ սա մեծ ու անցողիկ երազ էր, որ գնաց, անհետ կորավ։