Բերքաբեր

Գիտե՞ք ինչի եմ ես այսքան շատ սիրում կամավորական աշխատանքը: Որովհետև այն ինձ հնարավորություն է տալիս ճանապարհորդելու և շփվելու հավես մարդկանց հետ: Բայց իմ կամավորական աշխատանքի հիմնական պատճառը դա չէ: Ուղղակի ինձ դուր է գալիս ձեռք բերել նոր հմտություններ, գիտելիքներ և ինչու չէ, ընկերներ: Ոնց հասկացաք, ես շատ եմ սիրում ճանապարհորդել,  և երբ տեսնում եմ հնարավորություն ճանապարհորդելու, չեմ կարող առիթը բաց թողնել:

Այս անգամ  այցելեցի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ: Այն մարզում ավելի հայտնի է Ջողազ անունով: Բերքաբերը սահմանամերձ գյուղ է, և ինչպես մնացած սահմանամերձ գյուղերը, դատարկվում է: Բայց նման չէ մյուս գյուղերին, քանի որ նրա ափերը ողողում է Ջողազի ջրամբարը: Հենց այդ լիճն է Ադրբեջանը  Բերքաբերից բաժանում, և մեզ թույլ տվեցին մոտենալ լճին, չնայած վտանգավոր է, որովհետև մյուս ափին հակառակորդի դիրքերն են: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր` կապուտակ լիճը, բարձր լեռները: Հեռվում երևում էր ադրբեջանական փոքր գյուղը, որից այն կողմ մեծ մի քաղաք է, Ղազախ անունով: Գյուղի բնակիչներից մի քանիսի հետ շփվելով հասկացա, որ գյուղը դատարկվում է:

-Բալա ջան, դե դժվար ա ստեղ ապրիլը, մարդիկ արդեն զզվել են կրակոցների անվերջ վախից, չնայած մարդիկ իրար օգնում են,-բացատրեց գյուղացիներից մեկը:

Գյուղի տղամարդկանցից մեկը, որ չէր պատրաստվում լքել գյուղը, ասաց.

-Դա մեզ համար պատվի հարց ա, որովհետև մենք այստեղ ենք ծնվել և մեզանից բացի մեզ պես մեր օրրանը ոչ մեկը չի պաշտպանի:

Ես գյուղից հեռացա բարձր տրամադրությամբ և այն հույսով, որ գյուղը այլևս չի դատարկվի: Հեռվում արդեն երևում էր ժանգոտած  ցուցանակը, որտեղ գրված էր Բերքաբեր: