anna  andreasyan

Բժշկից մինչև ռեժիսոր

Երբ փոքր էի, հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ։ Գրեթե բոլորը այդ տարիքում գիտեն իրենց ապագա մասնագիտությունը։ Ես վստահ էի, որ բժիշկ եմ դառնալու։ Դա շատ տարածված է փոքր երեխաների մոտ։ Մի երկու բժշկական խաղալիք ու մի երկու խրախուսական արտահայտություն տանեցիներից, և ապագա բժիշկն արդեն պատրաստ է։ Բայց դե, այդ ժամանակ որտեղի՞ց իմանայի, թե դեռ ինչքան եմ փոխելու միտքս։ Եվ այսպես, մի քիչ մեծանալով ու պատկերացնելով, թե ինչքան երկար պետք է սովորեմ բժիշկ դառնալու համար՝ արդեն մի տեսակ սկսեցի տատանվել։ Իսկ ավելի ուշ, երբ դպրոցում սկսեցի ուսումնասիրել բնագիտական առարկաները, հրաժարվեցի բժիշկ դառնալու մտքից։

Հետո որոշեցի, որ պետք է ծրագրավորող դառնամ։ Տանեցիք էլ միանշանակ կողմ էին, չնայած ինչ էլ որ ասում էի, միշտ կողմ էին լինում, երևի գիտեին, որ անընդհատ միտքս փոխելու եմ։ Հա, մոռացա ասել, որ մինչև ծրագրավորող դառնալ ուզելը, որոշել էի հաշվապահ դառնալ։

Իհարկե, որոշ ժամանակ հետո հասկացա, որ դրանցից և ոչ մեկը իմը չէ։ Քանի որ այդ նույն ժամանակ ես պատմությունից շատ լավ էի ու հաճույքով էի պատմության դաս անում, մտածեցի, որ ուզում եմ պատմաբան դառնալ։ Հետո իրավաբան, արևելագետ, մշակութաբան և այսպես շարունակ։

Իմ մասնագիտության կողմնորոշման հարցում մի հետաքրքիր բան կար։ Հենց մի նոր ֆիլմ էի նայում, որտեղ, ասենք, գլխավոր հերոսը հոյակապ բժիշկ էր, իրավաբան, ինժեներ, ուզում էի ես էլ լինել։ Ու դա միշտ ինձ մի տեսակ շփոթության մեջ էր գցում։

Վերջապես, բոլորովին վերջերս մի պարզ բան հասկացա, որ այսքան ժամանակ չէի հասկացել։ Այդ բոլոր ֆիլմի հերոսների մասնագիտությունների՝ ինձ գրավելու պատճառը ոչ թե մասնագիտությունն ինքն էր, այլ դրան տիրապետելու մակարդակը։ Այսինքն՝ ինձ գրավում էր, թե մարդիկ ինչքան փայլուն կարող են լինել այն մասնագիտության մեջ, որը սովորել են։

Դրանից հետո ինձ համար մի հետևություն արեցի՝ ինչ մասնագիտություն էլ ընտրես, պետք է նվիրվես, սիրես այն, ինչ անում ես ու անես լավագույն ձևով, որ կարող ես։

Հ․Գ․ Այս պահի դրությամբ որոշել եմ ռեժիսոր դառնալ։ Իսկ թե դա վերջնական է, թե ոչ, ժամանակը ցույց կտա։