«Բյուրեղապակե մարդը» մեծ հետաքրքրություն է առաջացրել

Լուսանկարը՝ Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը՝  Արմինե Դանիելյանի

Միշտ երազել եմ ապրել այն քաղաքում, որտեղ մարդկանց բազմություն տեսնելիս՝ ոչ ոք չի մտածի, թե ինչ-որ վատ բան է պատահել: Միշտ երազել եմ լինել մի քաղաքում, որտեղ կտիրի արվեստանման ջերմություն, որտեղ կծնվեն նոր գրքեր, որոնց մեջ տեղ գտած ցանկացած բառ ու տառ իր մեջ կունենա խորը իմաստ, որը կունենա մեծ կարևորություն: Ծննդավայրս՝ Վանաձորը, ենթադրում եմ, որ իր մեջ ունի գերբնական ուժ: Այսքան տաղանդավոր, շնորհաշատ մարդիկ ինչպե՞ս կարող են ապրել միևնույն քաղաքում՝ ջերմ ու բարի մթնոլորտում:

Լուսանկարը՝ Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը՝  Արմինե Դանիելյանի

 

Ահա և կրկին գրքի շնորհանդես: Վանաձորում՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում, նշվում էր գրող, արտիստ Էլֆիք Զոհրաբյանի բազմաթիվ մրցանակների արժանացած հեքիաթների՝ «Բյուրեղապակե մարդը» գրքի շնորհանդեսը: Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, ավագանու անդամներ, մտավորական-արվեստագետներ, գրքասեր հյուրեր Երևանից և Գյումրիից: Միջոցառումը վարում էր «Ֆորտունա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Սարգիս Գոքորյանը: Կենդանի կատարմամբ հանդես եկան Կոմիտասի անվան արվեստի դպրոցի ուսանողները, ինչպես նաև Էլֆիք Զոհրաբյանի ղեկավարած դրամատիկական ստուդիայի սաները՝ ներկայացնելով մեկ դրվագ հենց «Բյուրեղապակե մարդը» հեքիաթից: Ըստ գրականագետ, դոցենտ Գայանե Մալումյանի՝ Էլֆիք Զոհրաբյանը հանճարեղ լուծում է տվել հենց «Բյուրեղապակե մարդը» հեքիաթին, ստեղծել է բավականին հետաքրքիր ժամանակակից հեքիաթներ: Վանաձորի պետական համալսարանի մագիստրանտ Կարեն Մանուչարյանը նշեց, որ այս հեքիաթները նորույթ են հայ հեքիաթագրության մեջ։ Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն ասաց, որ լավ գրել կարողացող երիտասարդները պետք է շարունակեն արժեքավոր գործեր ստեղծել: Թե՛ Երևանում, թե՛ Վանաձորում մեծ արձագանք է առաջացրել հեքիաթների այս գիրքը և արագորեն սպառվում է գրախանութներից: Գիրքը նախատեսված է 7-107 տարեկանների համար: Ներկաները, հիացմունքի խոսքեր ասելիս, բառեր չէին գտնում նկարագրելու Լոռվա զավակ Էլֆիք Զոհրաբյանին ու նրա կատարած գրականանվեր աշխատանքը: Մտածենք այնպես, իբր ամենքս էլ մի մի «բյուրեղապակե» մարդ ենք՝ զգայուն սրտով, և շնորհակալ լինենք այն մարդկանց, որոնց շնորհիվ արվեստն ու գրականությունը չեն մահանում: