Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Բջջային հեռախոսից օգտվելու տարրական կանոնները

Երևի արդեն շուրջ քսան տարի կլինի, ինչ Հայաստանում զանգվածային մասշտաբով օգտվում են բջջային կապից (այն տարիները, երբ բջջային հեռախոսները նույնքան հազվագյուտ ու թանկ էին, որքան մասնավոր տիեզերանավերը, չենք հաշվում), բայց, չգիտես ինչու, դրանցից օգտվելու թեկուզ պարզագույն կանոններ չեն ձևավորվում: Եվ դա երբեմն խիստ նյարդայնացնում է:

Առաջինը` եթե մարդիկ նախընտրում են բջջային հեռախոսը միշտ պահել իրենց մոտ, դա դեռ չի նշանակում, որ նրանք ցանկանում են կամ կարող են շուրջօրյա հասանելի լինել և պատասխանել բոլոր զանգերին: Եթե ձեր զանգին չեն պատասխանում, պատճառները կարող են լինել երկուսը` ա. հեռախոսի տերը չի լսում հեռախոսի ձայնը, կամ հեռախոսն իր մոտ չէ, և նման դեպքում որքան էլ երկար զանգեք, նա չի լսի, իսկ եթե ձեր երևակայության մեջ նա այդ պահին գլխապատառ վազում է դեպի հեռախոսը, որպեսզի պատասխանի ձեր բաղձալի զանգին, ապա նույնիսկ այդ դեպքում եթե ժամանակին անջատեք, նա հետ կզանգի մեկ րոպե հետո: Եվ բ. հեռախոսի տերը չի կարող կամ չի ուզում պատասխանել զանգին: Դրա պատճառները անթիվ ու բազմազան են` նա հանդիպման է, որևէ կարևոր գործ է անում, գուցե շատ զբաղված է (կան այդպիսի մարդիկ, պետք չէ զարմանալ) կամ էլ, ինչու չէ, զուգարանում է: Միգուցե նա թատրոնում է, կամ մահացել է նրա սիրելի թութակը, ու նա թքած ունի այն «կարևոր» լուրի վրա, որ դուք հիմա հայտնելու եք: Հնարավոր է, որ նա այդ պահին երկու ծանր տոպրակ բռնած բարձրանում է աստիճաններով` անիծելով գրպանում զնգացող հեռախոսը և ձեզ էլ հետը: Կամ էլ (ի վերջո, հաշտվեք այդ մտքի հետ) այդ պահին ցանկություն չունի ձեզ հետ խոսելու, այդ տարբերակը ինչո՞ւ ոչ ոք երբեք չի դիտարկում:

Այս պարզ երևույթը հասկանալն իրականում բոլորովին բարդ չէ. եթե հեռախոսի տերը չի լսում ձեր զանգը, կամ էլ նրան հարմար չէ պատասխանել, անգամ եթե մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը շարունակեք զանգել, ոչինչ չի փոխվի: Էլ չեմ ասում ամենասարսափելիի մասին` երբ կես ժամ շարունակ բարձրախոսի մեջ հնչող ազդանշանները լսելուց հետո զանգողը անջատում է հեռախոսն ու անմիջապես նորից զանգում, ասես թե առաջին զանգը պարզապես անհաջող էր ստացվել, ու հիմա երկրորդ կրակոցը հաստատ կկպնի նշանակետին: Հավատացեք, համառությունն այստեղ չի օգնում: «Ջուրը քար կծակի» կարգախոսը տվյալ պարագայում արդիական չէ: Իսկ երբ ոչ միայն չեն պատասխանում ձեր զանգին, այլև նույնիսկ անջատում են` հստակ ազդանշանելով, որ զանգին պատասխանելու անհարմարությունը հասել է իր կիզակետին, անմիջապես ևս տասներկու անգամ զանգելով դուք նույնացնում եք ձեզ այն նեանդերթալցու հետ, որը բութ քարե դանակով փորձում է սպանել իր որսին:

Այո, բոլորս էլ չենք սիրում, երբ զանգերին չեն պատասխանում, բայց նույնիսկ եթե դուք կարևոր գործով եք զանգում, կամ նույնիսկ եթե ձեր զանգին սպասում են, ավելին` խնդրել ու թախանձել են, որ դուք այդ ժամին զանգահարեք, մեկ անգամ չվերցնելու դեպքում սպասեք առնվազն 20-30 րոպե ու նոր միայն կրկին փորձեք: Երկրորդ անհաջող փորձից հետո մնում է միայն սպասել պատասխան զանգի: Մյուս տարբերակները բացառվում են, եթե, իհարկե, խոսքը հույժ հրատապ զանգի մասին չէ: Տանեցիների առողջական վիճակով ու որպիսությամբ հետաքրքրվելը, որքան էլ դա զարմանալի հնչի հայերի մեծամասնության համար, հույժ հրատապ զանգերի շարքին չի պատկանում:

Նույնիսկ այս ամենը ճիշտ կատարելուց հետո, երբ զրուցակիցը պատասխանել է զանգին, պետք չէ կրկին մոռանալ քաղաքավարության կանոնների մասին: Կա մի ցավալի միտում շատերիս մոտ. մեզ բոլորիս թվում է, թե մեր գործերից ավելի կարևոր բան աշխարհում չկա, և որ բոլոր մյուս մարդիկ պարտավոր են ահով ու սարսափով սպասել մեր զանգերին, և նրանց մտքով անգամ չպետք է անցնի զբաղվել այլ ճղճիմ ու երկրային գործերով` երբ զանգում ենք մենք` միջմայրցամաքային կարևորության գործունեություն ծավալող վերամբարձ անձիքս: Իրականում դա այդքան էլ այդպես չէ, և պետք է քաջ գիտակցել, որ բոլորիս գործերն էլ կարևոր են միայն ինքներս մեզ համար. անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց դրանք, մեղմ ասած, չեն հուզում, իսկ կոպիտ ասած` նրանք թքած ունեն դրանց վրա: Այդ պատճառով, նույնիսկ եթե ձեր զրուցակիցը ժամանակին է պատասխանել ձեր զանգին, պետք չէ անմիջապես խոսափողի մեջ աղաղակել ձեզ հուզող հարցը: Նախ պետք է հարցնել, հարմար պահի՞ եք արդյոք զանգահարել: Իսկ խոսելու պահին էլ ցանկալի է, որ հեռու գտնվեք ամեն տեսակի բարձր աղմուկից: Օրինակ` բավականին տարօրինակ կլինի, երբ զանգեք սրճարանից այն պահին, երբ վատ ֆիլմի սաունդտրեկի պես հնչում է Ստաս Միխայլովի ոսկե հավաքածուից որևէ մի կատարում (և ընդհանրապես մի լսեք Ստաս Միխայլով, դա ի՞նչ աննորմալություն է, չեմ հասկանում), կամ երբ ձեր խոսակցությանը զուգահեռ հնչում է ձեր ընկերոջ պատմած անպարկեշտ անեկդոտը, իսկ այնուհետև մյուս ընկերների ծիծաղի մեղմիկ դայլայլը: Այդ ամենը կարող է տհաճ տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հետ դեռ մտադիր եք պահպանել երկարատև գործնական հարաբերություններ:

Այս կանոնները ես չեմ հորինել, դրանք գոյություն ունեին դեռևս քաղաքային հեռախոսների կիրառման ժամանակներից (հիշո՞ւմ եք, այդպիսի հեռախոսներ կային ժամանակին), պարզապես մի փոքր ձևափոխվել են: Դրա համար հերթական «բոլորովին նոր», կատարելագործված մոդելի հեռախոս առնելուց առաջ կատարելագործենք մեր վարքը, հազար ու մի հարց կա բա: