milena baghdasaryan

Գալի՜ս եմ…

-Մա՜մ, 5 օր մնաց։

-Նորի՞ց օրերն ես հաշվում։ Դու ասա՝ ի՞նչ թխեմ։

-Հըմ․․․ Ինչի՞ց սկսեմ, ինչո՞վ վերջացնեմ։

-Ամենակարոտածից:

Մայրիկիս հետ նման համեղ ու անուշաբույր խոսակցություն վերջին անգամ ունեցել էի 291 օր առաջ, երբ թռիչքիս նախօրյակին, կռահելով՝ ինչն եմ ամենաշատը կարոտելու օտար, ամայի ճամփեքի վրա,  որոշում էինք օրվա ճաշացանկը։ Թավայում շիկնող կարկանդակին էր միանում հերթական համեստ ալյուրաթաթախը, երկուսն էլ հույսով, որ հավասարաչափ կարմրելու դեպքում Չինաստանից մագնիս նվեր կստանան։ Գազօջախի կողքին հպարտությամբ պառկած ճամպրուկի սրտում էլ տոնախմբություն էր․ գնում էր Չինական մեծ պարիսպը տեսնելու։ Ճամպրուկի կողքին էլ մայրիկն էր ու ես, որ անսովոր լռության մեջ անգիտակցորեն, բայց հավասարաչափ ծալում էինք ամառային զգեստներն ու ձմեռային բրդյա հագուստներս։

-Մա՜մ, էնտեղ շատ ցուրտ չի լինում,- որոշեցի խախտել երկաթյա լռությունը։

-Ապահովության համար ամեն ինչ պիտի լինի։ Նույնիսկ ուտելիք։ Չընդվզե՛ս։

-Ուտելիքին՝ բնավ, բայց այ․․․ Մուշտակն ավելո՞րդ չէ։

-Անորոշության ճամպրուկում՝ ոչ։

Երևան-Անորոշավան չվերթից հետո գիշերեցի Շանհայի օդանավակայանի հատակին՝ ինձ տարեկից հույն աղջկա հետ։

-Ավտոբուսն 9-ին կհասնի։

-Կարող ես քնել, կհսկեմ ճամպրուկդ։ Հետո էլ կփոխվենք տեղերով։

Հերթափոխով ճամպրուկահսկիչ աշխատելը միակ աշխատանքը չէր, որ բախտ վիճակվեց ունենալ Չինաստանում։ Երկու անգամ բժշկի հոգատարությամբ մշակել եմ վնասված ոտքս ու վիրակապով տա՜ք փաթաթել, կարևոր շարադրությանս վերջնաժամկետից հաշված ժամեր առաջ համակարգչային մասնագետի ակնոցով ինքնուրույն վերականգնել եմ համակարգչիս լիովին սևացած ու ապտակիս չարձագանքող էկրանը, «Տա՜ք հագնվիր» կարգախոսով ինքս ինձ մայրիկ եմ եղել, մի անգամ էլ, չինացի, բայց հայկական խրոխտ քթով երկրպագուիս «ձեռքս չտվող» հայրիկ եմ եղել։ Բացի կեցությանս հիմնական վայրից, երկու տուն եմ ունեցել, երկուական չինացի մայրիկ ու հայրիկ, ում հետ խոհարարի ախորժակով չինական խմորագնդիկներ եմ պատրաստել ու Ամանորս էլ նշել նրանց հետ՝ տոնական հաստաբուդը բարակիրան բրնձով փոխարինելով։

-Չե՞ս կարոտել բնականոն կյանքդ, դավաճա՛ն։

-Ինձ պետք էր սա։ «Մարդ» դառնալու ու 18 ամյակս չափահասուն դիմավորելու համար։

Եթե անկեղծ՝ 18 ամյակիս առնչվող գաղափարներ ու ճոխ պատկերացումներ գլխումս հաճախ են պտտվել, ու այն բացառիկ դարձնելու ցանկությունս երազանքներիս ուղեկցել է միշտ։ «Գոնե ամենասիրելիներն ու հարազատները պետք է ներկա լինեն»-ը բարձր զնգում էր իմ մտքում, մինչդեռ, արի ու տես, հարազատ ծնողներիս 18 ծնունդաթուշիկապաչիկներն անգամ այտերիս էին հպվում կիլոմետրեր հաղթահարելուց ու հեռախոսի էկրանով ինձ հասնելուց հետո միայն։ Ինչևէ, իմ 18-ն էլ բացառիկ էր յուրովի․օրվան նախորդող գիշերն ինքնահաշվետվության երեկույթ էի կազմակերպել, որին ներկա էինք ես ու ես։

Հանդիպման ընթացքում կողմերը խոստովանեցին, որ շնորհակալ են Չինաստանին անկախանալու ու մեծանալու համար, բայց և, միևնույն ժամանակ, կարմիր կարկանդակ,  մայրիկի թխած հոբելյանական տորթ ու այտին անպատնեշ հպվող համբույր են ուզում։

Խոստովանեցին, որ չինական ռեստորաններն իրոք շքեղ են, բայց մայրիկի խոհանոցի պես համեղ չեն բուրում։

Որ Շանհայի փողոցները, հիրավի, փայլում են ճոխությունից, բայց աչքերդ, վեր նայելիս, Երևանի երկնքում օդապարիկի դեր տանող ամպերի պես սպիտակ ամպերի դժվար թե հանդիպեն։

Որ Չինաստանի գեղեցիկ քաղաքներում շրջագայելն իսկապես հետաքրքիր է, բայց ես ու ես նախընտրում ենք երեկոյան Երևանում զբոսանքն ու Աբովյան փողոցը վերից վար չափչփելը։

Որ Չինաստանն, անխոս, բազմազավակ երկիր է, բայց հեղափոխություն, այն էլ, սիրո, դուխով եղբայրներն ու քույրերը Հայաստանում են անում։

Որ․․․

-Մա՜մ, 5 օր մնաց։