mariam tonoyan

Սևան մեդիա ճամբար. Գավառի գաթա

Հայաստանի մարզերից յուրաքանչյուրն ունի միայն իրեն հատուկ համ ու հոտ, կախված մարզին բնորոշ ուտեստներից և դրանք մատուցելու յուրահատուկ սովորույթներից:

Գեղարքունիքի մարզի հատկապես Գավառ քաղաքում, որպես ավանդական և ոչ տոնական, և տոնական սեղաններից անպակաս թխվածք է համարվում տատիկների բաղադրատոմսով պատրաստվող գաթան:

Գաթայի պատրաստման ձևերին ինձ ծանոթացրել է մեծ տատս: Տատս լինելով ավանդապաշտ կին, ասում էր, որ գաթան կլինի համեղ միայն այն դեպքում, երբ այն պատրաստվի սիրով ու հաճույքով, այլապես կկորցնի իր համը: Տատիկս հավատացնում էր, որ Գավառի գաթան ամենահամեղն է մնացած բոլոր այլ բաղադրատոմսերով պատրաստվող գաթաներից: Երբ սկսում էր գաթա թխել, թոռներին ու ծոռներին հավաքում էր շուրջը և ասում.

-Սովորե՛ք էրեխեք ջան: Սովորեք, որ ձեր էրեխեքն էլ գիդան` իմալ ա հլնում իսկական գաթեն:

Երբ Ռոզա տատիկը հասնում էր խորիզի պատրաստմանը, խառնում էր շաքարավազը, յուղը և ալյուրը, երեխաներով սկսում էինք ուրախանալ և չարաճճիություններ անել: Մինչ Ռոզա տատիկը խմորը կնախապատրաստեր, մեզանից ամենաճարպիկը` Կոլյան, իր մեծ ափսեով գողանում էր խորիզի մի մասը և մեզ բաժանում: Դե, մեզ ասելով նկատի ունեմ թաղի բոլոր երեխաներին, որոնք անհամբեր սպասում էին գաթայի պատրաստմանը: Իսկ խմորը գրտնակելուց հետո, երբ շրջվում էր, որ խորիզը լցներ, տեսնում էր, որ խորիզի մեծ մասն արդեն չկա: Հաճախ բարկանում էր մեզ վրա, և մենք, գլուխներս կախած, գնում, բոլորում էինք թոնրի շուրջ, որը վառում էր պապիկս և նախապատրաստում գաթայի համար: Տատիկն ասում էր, որ թոնրով թխելը օգնում է, որ գաթայից հաճելի ծխի հոտ գա, որն ախորժակ է բացում, ինչպես, օրինակ` փուռ դնելիս:

Մեր թոնրատունը փոքր էր: Մի փոքրիկ տնակ էր, որտեղ ձմռան ամիսներին նաև գառներին էին պահում, երբ սարերից հոտը հետ էր գալիս:

Տատիկը հերթով բերում էր գաթաները թոնրատուն: Թոնրատանը ունեինք գաթայի պատրաստման համար նախատեսված երկաթյա «զամբյուղ»` երեք հարկերից բաղկացած, որոնց մեջ դնելով գաթաները, իջեցնում էինք թոնրի մեջ` կախելով թոնրին ամրացված երկաթյա ձողից, որպեսզի կրակից չվառվի: Հետո ընտանիքով նստում էինք արդեն տաքացած հատակին և սպասում տատիկի հեքիաթներին` պահանջելով «Նունիկի և արջի պատմությունը», որի մեջ կար հատված համեղ գաթայի մասին. «Է՜յ, ա՛րջ, տեսնում եմ, տեսնում: Չնստես կոճղին, գաթան չուտես»: Ռոզա տատիկն ամեն անգամ գաթա կամ լավաշ թխելիս, հիշեցնում էր, թե ինչպես փոքր ժամանակ խորիզը թռցնելու համար հայրս ինձ վախեցնելով հանգած թոնիրն է իջեցրել: Լսվում էին քրքիջներ, և ես շիկնում էի:

Ահա և գաթաները պատրաստ են: Օ՜, ինչպես է բուրում, և՛ կարմիր է, և՛ փքված, և՛ շերտ-շերտ կարծես: Ռոզա տատը` գոհ իր աշխատանքից, հանեց գաթաները և ինչպես սովորությունն է, ձեռքով կտրելով գաթաները, բաժանեց մեզ:

-Լա՛վ ա, տեսա՞ք, եթե յուղը շատ անի` թմբլիկ ու շերտ-շերտ չէր ստացվի, բալեք ջան: Յուղը թաց կմնար մեջը,- բացատրեց տատիկը:

-Տատիկ,- ընդհատեց քույրս,- դանակ բերե՞մ:

-Չէ՛, բալեք ջան, գաթեն դանակով չեն կտրում: Հացի ու գաթի վրա սուր չեն քաշում: Էդ էլ իմացեք` ադաթ ա: Հա, մեկ էլ գաթի հետ գինին լավ ա, էդ էլ մատուցման ադաթն ա, բալեք ջան:

Գաթա թխելու ավանդույթը տատից մորս փոխանցվեց: Հիմա արդեն ես էլ քիչ-միչ կարողանում եմ թխել, բայց ափսոս, թոնիր այլևս չունենք: Դե ինչ, ես էլ վառարանով սկսեցի թխել: Առաջինը, որը ինքնուրույն էի թխել` վառվեց, իսկ երկրորդը, որը թխեցի մայրիկիս օգնությամբ, հետս Սևանի մեդիա ճամբար բերեցի` հյուրասիրելու մերոնց, ում նախօրոք խոստացել էի:

Հ. Գ. Երևի դուր եկավ: