Սևան մեդիա ճամբար. Գավառի, թե՞ Մարտունու փուռ

-Յա՜, ո՞նց թե Քյավառի փուռ դնելու սովորույթը Մարտունուց ա գալիս,- զարմացած բացականչեցի ես` ֆիլմի առաջարկների քննարկման ժամանակ,- Բա մեր Քյավառի մեծ փռի փառատո՞նը:

-Այ հենց տենց,- համոզված պատասխանեց Սեյրանը,- Էն ֆիլմի առաջարկը, որ արեցինք, էդ ֆիլմի ազգագրագետ կինը կապացուցի` կտենաս:

-Ընկեր Արա,- համառեցի,- ես էլ եմ ուզում էս ֆիլմի նկարահանմանը մասնակցել:

Սեյրանի համառ պնդումներն իմ մտորումների պատճառը դարձան: Ամբողջ օրվա ընթացքում միտքս զբաղված էր Գավառի ու Մարտունու կարտոֆիլներով, Գավառին հատուկ ճաշատեսակներում և հնուց եկած սովորույթներում փռի մասին գրված հատվածներ որոնելով կամ մտաբերել փորձելով:

Ավաղ, ո՛չ համացանցը, ո՛չ էլ հիշողությունս չօգնեցին: Երբ խոսք էր գնում Գավառի ու Մարտունու փռերի մասին, ինքնաբերաբար հայացքներս միմյանց էինք ուղղում ես և Մարտունու իմ ընկերները, որն ուղեկցվում էր հեգնական կատակ-ժպիտներով:

Վերջապես հասավ սպասված ժամը, և մեզանից մի խումբ գնաց Մարտունի` ֆիլմ նկարելու: Խմբի մեջ էի նաև ես: Ճանապարհ դուրս գալու ամբողջ ընթացքում լուռ էի, ճանապարհն էլ երկար էր, ուրեմն` դեռ երկար պետք է տանջվեի փռի ծագման մասին մտածելով:

Չգիտես ինչու` ամեն վայրկյանը կարծես ձգձգվում էր, և չէի ստանում ինձ հուզող հարցի կոնկրետ բացատրությունը:

Պատասխանը կապված էր գավառցիների ծագման հետ: Քանի որ գավառցիները գաղթել էին Բայազետից, ուրեմն` քաղաքացիներ էին, իսկ փուռը չէր կարող լինել քաղաքացու ուտեստ: Բայց ինչո՞ւ ոչ: Ես, իհարկե չհամաձայնեցի, սակայն հաճույքով և ուշադրությամբ լսում և վերլուծում էի ցանկացած բառ:

Հետո, չնայած մեղմ անձրևին, փուռ դրեցինք: Այդ ընթացքում գեղջկական երգեր երգեց ազգագրագետ տիկին Տաթևը: Պատմեց, որ չի կարելի լույս վառել փուռ դնելիս, որ փուռը դնում են երեկոյան, ամբողջ ընթացքում հիշում են հետաքրքիր դեպքեր, սկսում են կատակել: Կատակներից հետաքրքիր էր հատկապես զրուցակիցների դեմքերին թաքուն մուր քսելն ու շիկացած քարը կարտոֆիլի փոխարեն զրուցակցին առաջարկելը: Ճիշտն ասած, այդ մասին չգիտեի, քանի որ Գավառում նման ծեսեր չկան: Կրկին կասկածներ առաջացան. «Չլինի՞ իրոք մերը չէ»:

Փռի կարտոֆիլն իսկապես շատ համեղ էր:

Ոգևորված, բայց միաժամանակ դեռ տագնապալից մեքենա նստեցի: Ամբողջ ճանապարհին մինչ ընկերներս զրուցում և կատակում էին, ես գավառցու հպարտությամբ համոզում էի, որ փուռը Գավառինն է, և չունի որևէ այլ ծագում: