Գարնանային հոգսեր

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Արմենակ Հովհաննիսյանը երկմտանքի մեջ է` հողատարածքը վարի՞, ցանքս կատարի՞, թե՞ ոչ: Անցյալ տարվա դառը փորձը վախենալու առիթ է տվել։ Գյուղվարկ է վերցրել, սերմացու, պարարտանյութ գնել, իսկ ամռան կեսին ոռոգման ջրի բացակայության պատճառով մոտ 10 տոննա ձմերուկի բերքը կորցրել է։

Արմավիրի մարզում տարեկան շուրջ 10.500 հա հողատարածք ուղղակի չի մշակվում ջրի բացակայության պատճառով, ինչը մեծ ազդեցություն է ունենում գյուղատնտեսության վրա (ոռոգելի տարածքները մարզում կազմում են 63.300 հա` տնամերձի հետ միասին): Ստորերկրյա ջրերի մակարդակը մարզում 3-4 տարիների ընթացքում մոտավորապես 500 մլն խորանարդ մետրից ավելի պակասել է:

-Մարզի համար, ընդհանրապես, ջրի կարիքները սահմանվում են 250-300 մլն խորանարդ մետր: Ջրի աղքատության խնդիր չունենք: Հիմնականում ունենք ջրի արդյունավետ կառավարման խնդիր: Օրինակ` ձկնաբուծարաններում ջրի կառավարումը ճիշտ չի իրականացվում, շատ դեպքերում ջուրն օգտագործվում է անխնա: Մեզ մոտ խնդիրը ջրի էֆեկտիվ կառավարումն է,- ասում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Ներտնտեսային և միջտնտեսային ջրամբարների քայքայված լինելու պատճառով Արմավիրում ջրի կորուստները բավականին շատ են:

-Հողային շերտով ոռոգում կազմակերպելու ժամանակ ջրի մոտ 50%-ից ավելի կորուստ ենք գրանցում, ոռոգման ցանցերի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են, և կարծում ենք, որ սեզոնի բացման հետ կկարողանանք ջուրը պատշաճ ձևով հասցնել ջրօգտագործողներին,- նշում է պարոն Մաթևոսյանը:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Գյուղացիները պատմում են, որ բացի ոռոգման ջրից` սեզոնին մի շարք խնդիրների առաջ են կանգնում: Գյուղտեխնիկայի, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի խնդիր ևս կա: Բոլոր գյուղական համայնքներում տեխնիկայի դեֆիցիտ կա, եղածը մաշված է, նորերը բացակայում են, գյուղեր կան, որ հարևան գյուղերից են վարձում վար ու ցանք անող տրակտորներ: Թունաքիմիկատների անորակությունը գերխնդիր է դարձել գյուղացիական տնտեսությունների համար:

«Վերահսկողություն չկա, որակի երաշխիք չկա»,- եզրափակում են գյուղացիները:

Իսկ գարունը շուտով կավարտվի: