Maria Araqelyan

Գարուններս Հայաստանից հեռու

Հայաստանը վաղուց ենք լքել․ չնայած, վաղուց ասվածը շատ հարաբերական ենթատեքստ է կրում։ Հայաստանը լքել ենք ուղիղ երեք եղանակ ու երեք օր առաջ, էլի գարունով, մայիսի ամենաերկար ու գորշ գիշերներից մեկին` օդում մեր վերջին հետքը թողնելով անհետացել ենք։ Իսկ այս տարի գարունս ո՛չ մեր բակի խնձորենու վարդագույն ծաղիկները ազդարարեցին, ո՛չ էլ ձնծաղիկներ վաճառող կարճահասակ, գլխարկով պապիկը։ Չէ, ամենևին։ Գարունս եկավ լոկ հեռախոսիս վրա ամսաթվի փոփոխությամբ միայն․ ու ոչ մի թռչուն էլ ետ չվերադարձավ տաք երկրներից, որովհետև նույն «տաք երկրներ» ասվածը հենց այս կողմերում է հիմա։

Տաք երկրներով հիմա միայն թռչուններին չէ, որ կզարմացնես: Էս տաք երկրներ մարդիկ էլ թռչունների պես ցրտերն ընկնելու հետ թռչում-գալիս են, մի սուր ու տխուր բացառությամբ սակայն․ ետ վերադառնալը թռչուններից չեն սովորում ու բներն էլ այնպես հիմնովին են հյուսում, որ վերադառնալու մասին մտածելն անգամ սեփական աչքին ծիծաղելի է թվում։ Կյանքը դարձնում են ծանծաղուտ, ընկնում սեփական կարճատև երազանքների ծուղակն ու ամեն հաջորդ քայլով ավելի ու ավելի են խրվում դրա մեջ, սխալ ու նյութական երազանքների ետևից վազելու պարզ հետևանքով։

Գարունովս հիմա ոչինչ չփոխվեց․ էստեղ տարվա ամեն օրն էլ գարուն է, ու միևնույն է, գարուն լինի, թե ձմեռ, մարդիկ ո՛չ մեքենաներն են լքում, ո՛չ էլ տները: Սիրով չեն լցվում գարնանամուտին ու գարնան ամիսներն անիծող բառակապակցություններ անգամ չունեն հնարած։

Իսկ ես․․․ Իսկ ես դեռևս էստեղից չեմ։ Ես «տաք երկրներում» մրսկան եմ դարձել ու անգամ այն ժամանակ, երբ արևին դեմքիս դիպչել է հաջողվում, ես փշաքաղվում եմ միայն, բայց չեմ տաքանում։ Չէ, այնուամենայնիվ, հոգի տաքացնողը ամենևին էլ այս արևը չի։ Էստեղ մարդիկ ջան, ջիգյար չունեն, ու կպատկերացնե՞ք, անգամ սեփական բախտը վիրավորող արտահայտություններ չունեն։ Էստեղ «քաղաքից դուրս»-ում կենդանիների փոխարեն հոլիվուդյան ֆիլմերի երկնաքերերն են, որոնք իրականում անչափ անշունչ են ու ամայի։

Հիմա կողքից եմ Հայաստանին նայում, 10540 կմ հեռվից, մի օվկիանոս ու կես մայրցամաք հեռվից ու թեև, էդտեղ մենք սովոր ենք կյանքից դժգոհել՝ գոնե երջանիկ եմ, որ կյանքից ենք դժգոհում․․․ Կյանքից, ապրելուց, թեկուզ երբեմն վատ, բայց զգացմունքներից ենք դժգոհում։ Էստեղ ոչ մի զգացմունք չկա, չկա նաև ոչ մի ապրող: Էստեղ նյութից կախված գոյատևում է միայն՝ անզգացմունք, անկյանք ու անշունչ։ Էստեղ գարուններս երբեք չեն էլ բացվելու․․․