zarine kirakosyan

Գարուն էր

Ամեն օր իրար հետ էինք գնում, իր համար  մի տեղ նստում էր  ու պատուհանից նայում ինչ-որ շատ հեռուն, ինձ մեկ-մեկ թվում էր, որ ոչ մի տեղ էլ չի նայում, կամ  նայում էր  մի ուրիշ անցած իրականության, մեկ-մեկ քթի տակ ժպտում էր էն ծանոթ դեմքով, որով մարդիկ ինչ-որ մի բան են հիշում  հաճելի, անցած ու ափսոսանքով:

Էսօր Պապիկը կայտառ էր,  կլիներ մոտ 70 տարեկան: Բարձրացավ ավտոբուս ու չնստեց վերջին ազատ մնացած տեղը, զարմանալի էր:
-Դուք նստեք- ինքն առաջարկեց
-Վայ չէ, պապի ջան, դու նստի:
-Նստի, աղջիկս:
Ինձ էր ասում: Ախր, ո՞նց նստեի  ու կամ ոնց չնստեի ու հիշեցնեի, որ  ինքը երիտասարդ չի:
-Նստեցեք, նստեցեք նստեցեք,- 3… 6… 8… Մարդիկ բարձրանում հավաքվում էին դատարկ  նստարանի մոտ ու չէին նստում, հայացքներով հիշեցնում էին, որ «Դուք ծեր եք, դուք պիտի նստեք»:
Ինքը դեռ  համառորեն  պայքարում էր: Դրեց ականջակալները ու բարձր լսում էր Մարտին Վարդազարյանի «Խոսում է Երևանը» դեմքի անհոգ արտահայտությամբ,  աչքերի մեջ մի էնպիսի ապրելու ցանկություն կար: Աչքերը  երիտասարդ էին:  Էս անգամ պատուհանից դուրս ամեն անգամվա պես անորոշ չէին նայում, հափշտակվում էին ամեն քարով ու ծառով, իբր առաջին անգամ էին տեսնում,  ու ամբողջ կյանքը հայացքը էդ նույն տեսարանին նայելով չէր մաշել:
Գարուն էր, ծիրանենիներն ավետել էին: Գարունները անցածը հիշեցնելու սովորություն ունեին:

- Այ, Դուք, եկեք նստեցեք,- նոր տրանսպորտ բարձրացած մի 60 տարեկան մարդու առաջարկեց մեր հերոսը:
- Ես նստեմ` դուք կանգնե՞ք: Մեծ մարդ եք,- մի քիչ զարմանքով, մի քիչ ջղայնացած, հարցական տոնով դուրս թռան էդ բառերը ու շրջեցին ամբողջ ավտոբուսով:
Էս մեկին չդիմացավ: Վերջապես հանեց ականջակալները, խորը շունչ քաշեց  պարտված ու հանձնվածի դեմքով ու մի քիչ էլ նեղացած բոլորիցս,  էլի նստեց իր տեղը` պատուհանի կողքին: Աչքերը դարձան առաջվա պես տխուր ու 70 տարվա փորձով հագեցած:  Սկսեց  նորից նայել պատուհանից դուրս, հայացքն էլի մաշում էին նույն շենքերը ու իր աչքի առաջ մեծացած ծառերը,  որոնց ինքը ուշադրություն չէր էլ դարձնում, իրականությունից վերացած մի տեղ էր, որտեղ  երևի մեր ծնվելուն դեռ 30 տարի կար:
Գարուն էր, ինչ որ մեկը ուզում հիշել, թե ինչպես են երիտասարդ լինում:

Իսկ  մենք ակնարկում էինք, թե «երիտասարդը մենք ենք»: