laura sekoyan

Գարուն է Սոլակում

Սովորականից ավելի աշխուժություն, կանանց միամսյակ, շատ վաճառված ծաղիկներ ու արդեն դատարկ դրամապանակներ, այս ամենը խոսում է նրա մասին, որ եկել է սպասված գարունը։ Մի շարք մայրերին նվիրված միջոցառումներ, գարնանը վերաբերող պատի թերթեր, դեռ չավարտված օլիմպիադաներ, անվերջ դասեր ու պարապմունքներ։ Դպրոցական կյանքը շատ աշխույժ է այս շրջանում, հատկապես՝ ավագ դասարաններում։ Մոտ է այդքան սպասված գարնանային արձակուրդը, կազմակերպվում են խնջույքներ ու առաջին հանրապետության հարյուրամյակի առթիվ միջոցառումներ։

Աշխուժացել է կյանքը նաև Սոլակում։ Տաք եղանակը հնարավորություն է տվել ծառերը ավելորդ ճյուղերից մաքրելու, նոր տնկիներ տնկելու ու պատվաստներ անելու։ Բոլորը բարձրանում են արտերի վիճակը պարզելու, ու աչքաչափով էլ բերքատվությունն են որոշում։ Այս ժամանակահատվածում գյուղի մեծերին ավելի հաճախ կարելի է տեսնել բակերում, մշակույթի տանը կամ որևէ պատի տակ հավաքված։ Երիտասարդները ևս աշխուժացել են, հաճախակի են դուրս գալիս շրջելու, խնջույքներ են կազմակերպում ձորում, որտեղից էլ ձնծաղիկներով են վերադառնում։

Կանանց տոնի կապակցությամբ շատ տղաներ էին ձոր իջել ձնծաղիկ հավաքելու, որպեսզի նվիրեն իրենց մայրերին, քույրերին, տատիկներին և աղջիկներին։ Գյուղացիների այս շրջանի մտավախությունը ցրտահարությունն է, որը սպառնում է նոր բողբոջող ծառերին։ Գարունն արդեն մտել է իր հունի մեջ, և մարդիկ սպասում են մարտ ամսվա գժություններին, քանի որ այս ամիսը շատ անկանխատեսելի է։