«Գեղեցիկ ապրեցեք»

Սեպտեմբերի 15-ին Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հարկի տակ էր հավաքվել մի զորյանասեր ու արվեստասեր հասարակություն. չէ՞ որ այդ օրը նրա ծննդյան օրն էր, չէ՞ որ 128 տարի առաջ կանաչազարդ Լոռվա գրկում ապագայի մի մեծանուն երեխա էր լույս աշխարհ եկել:

Գրական, դասական, բարի, ջերմ մթնոլորտ էր տիրում: Թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը մեծ ոգևորությամբ է նշում այն փաստը, որ Զորյանը բոլոր ժամանակների լավագույններից այն մեկն է, ում գրչով արարված ցանկացած գործ հետաքրքրություն է առաջացնում ընթերցողի մոտ: Իր օրհնությամբ ու լավատեսական խոսքով հանդես եկավ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը:

Մեծ սիրով էին խոսում Զորյանի մասին ու նույնքան մեծ սիրով լսում նրա մասին, սակայն նաև ցավով նշում, որ դպրոցական դասագրքերում շատ հազվադեպ ու քիչ է շեշտված գրող, արձակագիր Ստեփան Զորյանի անունը։ Հայաստանի Գրողների միության Լոռու բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը և թարգմանիչ, բանաստեղծ Խորեն Գասպարյանը հպարտությամբ էին խոսում նրա մասին՝ հավելելով, որ Զորյանը երբեք չի դավաճանել իր գրչակից ընկերներին, սիրել է իր աշխատանքը, ապրել որպես մեծ հայ ու առաքինի անձնավորություն:

Հյուրերի շարքում էր նաև ՀԳՄ Կոտայքի բաժանմունքի նախագահ Հակոբ Հարությունը, որն իր երախտիքի խոսքը հղեց տուն-թանգարանի տնօրինությանն ու աշխատակազմին:

Արմավիրի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցի տասնամյա մի աշակերտուհի էլ կարդաց «Ջրհորի մոտ» իմաստախրատական արձակը: Նույն մարզի Լուկաշին գյուղի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի սաներն էլ իրենց մասնակցությամբ ուրույն տեղ էին զբաղեցնում միջոցառման մեջ:

Ստեփանավանի մշակույթի ու ժամանցի կենտրոնի գուսանական համույթը, իր երաժշտական նուրբ ու ժողովրդական կատարումներով ողջունեց ամենքին: Այնքան հաճելի համադրություն էր՝ քանոնի ելևէջներն ու զորյանական մթնոլորտը:

Հայ ազգային տարազի ժողովրդական վարպետ Մարտուհի Սարգսյանը, ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռոզա Մխիթարյանը, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գագիկ Դուրմիշյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ և դերասան Էլֆիք Զոհրաբյանը, Լոռու մարզային գրադարանի աշխատակից, գրականագետ Կարեն Մանուչարյանը, Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մասի ավագ մասնագետ Վալյա Լոռյանը, Վանաձորի ակտիվ հասարակության ասմունքողներն ու արվեստասեր երիտասարդությունն իրենց միանգամայն գեղեցիկ կատարումներով ու ջերմագին խոսքերով արթնացրին զորյանական ոգին ու շունչը:

Իսկ մի փոքրիկ անկյունում էլ ներկայացված էին գեղանկարիչ Սենիկ Մանուկյանի ձեռքի աշխատանքները, որոնք ավելի ու ավելի էին գեղեցկացնում միջավայրը:

Հետաքրքիր ու գեղեցիկ էր միջոցառումը, որը ևս մեկ անգամ մեզ պատմեց մեծ գրող, արձակագիր Ստեփան Զորյանի մասին: Իսկ մենք ապրենք նրա խրատներով, քանի որ գրողն իր կյանքի վերջին պահին ասել է՝ գեղեցիկ ապրեցեք: