Գետի սեզոնն սկսում է

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Արդեն ամառ է, շոգ ու անտանելի եղանակ: Մեծերի համար պրծում չկա, բայց մեր ձեռքն էլ հո քարի տակ չէ՞: Ես պաշտոնապես համարում եմ գետի սեզոնը բացված: Սկսում է գետի սեզոնը, և դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ վառվելու ենք արևի տակ, որ սկսվում են մեր ամառային արկածները, որ անպայման կլինի այնպիսի բան, որ դեռ երկար կհիշենք:

Սկսվում է «Բումը», այսինքն` կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն, որ մենք, այսպես ասած, օգտվում ենք նրանց այգու համով դեղձերից:

Ու մի այսպիսի պատկեր է ստեղծվում. մեր շատ սիրելի Թոմի ու Ջերիի պատմությունը, բայց  ջերիները շատ են: Ինչպես միշտ, մենք չենք բռնվում: Դե, գիտեք, մենք` տղաներս, պարկուրի որոշ հնարքների լավ ենք տիրապետում: Ահա և հասանք գետ: Ի՞նչ է մեզ այստեղ սպասվում, հեսա տեսնենք: Հա, հաստատ մի բան կլինի, որ մեզ մինչև տուն հասնելը լավ կծիծաղեցնի: Երևի մեկը ինչ-որ արկածախնդրություն կանի, ու կսկսվի մեր արկածների երկրորդ փուլը:

Վերադարձն ամենատհաճն է. սոված, ծարավ, ուժասպառ, հոգնած, ոտքի վրա հազիվ ենք կարողանում կանգնել: Ոչ թե մենք ենք կառավարում ոտքերին, այլ նրանք մեզ: Հասնում ենք դեղձի ծառի մոտ ու գիտակցում,  որ հաստատ չենք կարողանա այս վիճակով «պլստալ» տիրոջ ձեռքից: Մեզ հազիվ զսպելով անցնում ենք կողքով ու «ջուր» կանչելով հասնում մոտակա աղբյուրին: Այսպես քայլելով հասնում ենք տուն ու սկսում հաշվել մոծակների խայթած տեղերը:

Հ.Գ. Որ հիշում եմ մոծակներին, գետ գնալս չի գալիս: