ella mnacakanyan yerevan

Գիշերային երաժշտություն

Բարև: Էլի ես եմ ու էլի 58 համարի ավտոբուսի մասին եմ խոսելու: Չէ՛, այս անգամ խոսքն անտանելի շոգի ու կաթվածահար երթևեկության մասին չէ՝ չնայած, որ էլի սարսափելի շոգ ու նույնքան սարսափելի երթևեկություն է Երևանում: Այս անգամ պատմելու եմ մի 16-17 տարեկան աղջկա մասին, որն ստիպեց ճանապարհիս կեսը մտորումների մեջ անցկացնել:

Հերթական անգամ երթևեկում էի ավտոբուսով, բնականաբար, կանգնած, երբ, ի ուրախություն ինձ, նստելու տեղ ազատվեց: Ժպտալով նստեցի, որովհետև հիշել էի, որ սիրելի գիրքս մոտս է: Հարմար տեղավորվելուն պես բաց արեցի պայուսակս ու հանեցի գիրքս: Սկսեցի կարդալ: Վերջին շրջանում այնքան զբաղված էի, որ միայն երթևեկելիս էի կարողանում ընթերցել: Աչքերով գտա այն տողը, որի վրա կանգ էի առել անցած անգամ, քանի որ ստիպված էի եղել իջնել իմ կանգառում, ու սկսեցի:

Գրքասերները կհասկանան ընթերցանությունը սկսելուն հաջորդած 4-5-րդ րոպեին առաջացող այն զգացումը, երբ սկսում ես կամաց-կամաց կտրվել քեզ շրջապատող իրականությունից (նույնիսկ աղմկոտ շարժիչով ավտոբուսում գտնվելու դեպքում), եթե իհարկե սյուժեն հետաքրքիր է, ու մտովի հայտնվում ես այնտեղ, որտեղ տեղի են ունենում կարդացածդ գրքի գործողությունները: Հենց այդպիսի մի էյֆորիկ պահի մեջ էի, երբ հանկարծ վեր թռա: Չէ՛, պատճառը ավտոբուսի կտրուկ արգելակումը չէր, այլ մի աղջկա հարցը, որը կանգնած էր իմ նստատեղի մոտ՝ կարծես գլխավերևումս:
-Քուրի՛կ, որ խնդրեմ` էդ գրքի անունը կասե՞ս,- թեթև ռուսական առոգանություն նկատեցի խոսքի մեջ:
Ես, հանկարծակիի եկած, ռեֆլեքսորեն փակեցի գիրքը ու կարդացի կազմի վրա.
-Ночная музыка,- ասացի այնպես, իբր եթե չնայեի կազմին, չէի կարողանա հիշել անունը:
-Մոյեսի՞նն ա:
-Ահա,- պատասխանեցի ես ու անմիջապես վերադարձա ընթերցանությանս. հետաքրքիր մասում էի կանգ առել:
Շարունակեցի կարդալ, կարդացի երկու-երեք տող, հետո զգացի, որ չեմ ընկալում գրվածը, նորից կարդացի, էլի չհասկացա, երրորդ անգամ էլ նույնը: Պատճառն այն էր, որ միտքս զբաղված էր այն աղջկանով, որի տված հարցը զարմանալիորեն մտորումների մեջ էր գցել ինձ: Կտրվեցի գրքիցս, նայեցի աղջկան: Մենակ չէր, հավանաբար ընկերուհու կամ քրոջ հետ էր, որն իրենից տարիքով ավելի մեծ էր թվում ու կարծես հայաստանցի էր: Չէի էլ նկատել, թե երբ ու որտեղ էին ավտոբուս նստել, կամ թե ինչպես էր այդ աղջիկը հայտնվել գլխավերևումս ու քանի րոպե էր հետևում կարդալուս ընթացքին: Գիրքը փակեցի, տեղավորեցի պայուսակումս ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Չգիտեմ՝ ինչու, հոգիս ուրախությամբ էր պատվել այն մտքից, որ հիմա էլ ավտոբուսներում երիտասարդները իրար հարցնում են ոչ թե հագած զգեստի գնից ու խանութից կամ լսած երաժշտությունից, այլ կարդացած գրքից ու երբեմն կազմից անգամ գուշակում են գրքի հեղինակին:

Իսկ ես արդեն գրքի վերջաբանին եմ մոտեցել, տեսնես այդ աղջի՞կն էլ կարդաց գիրքը: