astghik hunanyan

Գիտե՞ս, երբեմն մենք նման ենք

Լինում է, չէ՞, որ ֆեյսբուքյան էջդ թերթելիս հրապարակումների ես հանդիպում, որոնք տիպիկ քեզ ու արածներդ են նկարագրում, իսկ դու մտածում էիր, թե միայն դու ես էդպիսին։ Չէ, մինչև կարդալը չէիր էլ մտածում արածիդ մասին, բայց ինչ-որ մեկից լսելով՝ ոնց-որ մտքիդ մի մութ հատված լուսավորվում է, ու սկսում ես դրա մասին մտածել։ Է՜, դե, մեկ է՝ չեմ կարողանա նորմալ բացատրել՝ ինչ նկատի ունեմ, մի րոպե՝ օրինակով ասեմ: Ասենք, թե մեկը հրապարակում է արել մոտավորապես էսպիսի բովանդակությամբ. «Լայք, եթե դու էլ ես փռից տուն տանելիս հացի կեսը ուտում»։ Ու քո ռեակցիան. «Վա՜յ, ճիշտ ա» կամ «Էս ինձ հետևո՞ւմ են»։ Ես մեծ հույս ունեմ, որ հասկացաք, թե ինչ նկատի ունեմ, որովհետև ամբողջ ուժով ջանում եմ էդ անտեր մտքերս նորմալ հավաքել ու գրել։

Հետաքրքիր է, չէ՞, մենք չենք տեսել, թե ինչպես է մեկը փռից հացը թաքուն ուտելով գնում տուն (ախր, էդպե՞ս ենք թաքուն ուտում, որ մի բան էլ անցորդները տեսնեն), բայց չգիտես՝ ոնց, գրեթե բոլորիս մոտ էլ էդ սովորությունը կա։ Կամ մեկ ուրիշը, օրինակ՝ եթե դու թղթակից ես ու մի քիչ հաճախ ես նյութեր գրում, ուրեմն քեզ հետ էլ է պատահել, որ փողոցում քայլելիս մի քանի հազար մտքեր ծնվեն գլխումդ, որոնցից ֆանտաստիկ նյութեր դուրս կգային, բայց երբ գրիչը վերցնես ձեռքդ, հասկանաս, որ չէ, դու ոչ մի միտք էլ էդ պահին չունես։ Մենակ դու չես այդքան անհաջողակ, ես էլ, տո, մնացածն էլ։

Դե, գուշակեք՝ այսքան ճառս ինչի՞ համար էր։ Ճիշտ է, մտածել եմ ու ծայրահեղություններ գրել, որ գրեթե բոլորի մոտ էլ էդպես է, ու հա, շատ շատերն էլ մինչև կհասցնեի գրել, մտքիցս թռան ու թռան, այ քեզ կյանքի հեգնանք։

Մենք նման ենք, եթե՝

1. Դու էլ ես միշտ պլանավորել առավոտյան ժամը վեցին արթնանալ ու գնալ վազելու, բայց արթնացել ես, նայել ժամացույցին ու նորից քնել, կամ էլ ով գիտի՝ չես էլ արթնացել։

2. Դու էլ ֆանտաստիկ երգիչ կդառնայիր, եթե երգի մի առանձին ճյուղ ստեղծվեր՝ երգել լողանալու ժամանակ։

3. Դու էլ չես կարողանում փռշտալ, երբ «նախափռշտական» միմիկաներ են հայտնվում դեմքիդ, ու մինչև փռշտալդ ասում են՝ առողջություն։

4. Դու էլ ես քո ընկերներին «Օսկարի» արժանի նկարներ անում, իսկ երբ գալիս է հերթը, որ քեզ նկարեն, դու դառնում ես կապիկ, գորիլա, ընձուղտ, վերջիվերջո՝ ուղտ և այլն:

5. Ձմռանը տուն գնալիս դու էլ ես խանութ մտել տաքանալու նպատակով ու էնպիսի բան փնտրել խանութում, որ ասեն՝ չունենք։

6. Դու էլ ես մի պահ ամբողջ սրտով ատել կյանքը. հա, էն պահը, երբ խնձորը կծում ես ու մի թեթև հայացք նետելով խնձորին՝ միայն որդի շարժվող կեսն ես տեսնում։

7. Դու էլ ես կռվում, վերջացնում, հետո գնում տուն ու մտածում, որ ավելի լավ բաներ էլ կարող էիր ասել։

8. Դու էլ ես մտածում, որ եթե չալարեիր, անգամ ամբողջ աշխարհին կարող էիր տիրանալ, բայց դե, գրողը տանի, ո՞նց չալարես, է։

9. Դու էլ ես կապիկություն անում, երբ ինչ-որ մեկի գրկում երեխա ես տեսնում, ու էդ ինչ-որ մեկը մեջքով դեպի քեզ է կանգնած, բայց երբ շրջվում է, որ տեսնի՝ երեխան ինչու է ծիծաղում, միանգամից ձև ես բռնում, իբր իրենց չես էլ նկատել։

10. Դու էլ ունես եզակի տաղանդ՝ հիմար իրադարձությունների մեջ հայտնվելու։

11. Դու էլ ես «Ռոլտընը» անեփ սիրում, ու մինչև ջուրը կեռա, կեսը հում ուտում ես (հա, ես բոլոր արագ եփովի փլավներին «Ռոլտըն» եմ ասում)։

12. Դու էլ ես ուզում սովորել մի քանի լեզու, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, նայել մի քանի սեզոնի սերիալ մի գիշերում, իսկ հետո գալիս ես տուն, նստում անկողնուդ վրա, մի քանի ժամ անջատված նայում մի կետի, իսկ հետո հասկանում, որ դու անգամ շնչելու հավես չունես։

13. Դու էլ չես կարողանում տատիկիդ բացատրել, որ եթե նայում ես հեռախոսիդ ու ժպտում, ուրեմն ամուսինդ կամ կինդ չի գրում։

14. Դու էլ վանդակավոր հատակի վրա քայլելիս չես կանգնում գծերի վրա, որովհետև ուղեղդ քեզ ասում ա, որ դու խաղի մեջ ես ու եթե գծի վրա կանգնես՝ կպարտվես։

15. Դու էլ ես լացելիս գնում, կանգնում հայելու առաջ, որ տեսնես՝ սիրուն ես լացում, թե չէ (եթե, իհարկե, լուրջ պատճառով չես լացում)։

16. Դու էլ ես խորովածի հացը խորովածից շատ սիրում (էն, որ փռում են խորովածի վրա ու խորովածի համը տալիս է հացին)։

17. Դու էլ ես դաս կարդալու ժամանակ ձևացրել, թե դասին չես հետևում, որ ուսուցիչդ հարցնի կարդալ, ու դու քեզնից գոհ կարդաս։

18. Քեզ էլ է թվացել, որ հետևում են քեզ, կամ դու ֆիլմի մեջ ես, բայց էդ մասին չգիտես։

19. Դու էլ ես սպասում էն օրվան, թե երբ քիմիայի էլեկտրոլիզի դիսոցումը կամ երկրաչափության տանգենս-կոտանգենսը քեզ կյանքում շա՜տ պետք են գալու։

20. Դու էլ ունես եզակի տաղանդ. ունենալով անչափ շատ ժամանակ, ամեն ինչ անում ես վերջին վայրկյանին՝ գլուխդ կորցրած այս ու այն կողմ վազելով և ուշանալով։

21. Քեզ մոտ էլ է եղել կյանքի մի փուլ, երբ որոշել ես «You Tube»-ով ֆեյսբուք ջարդելու ձևը սովորել, իսկ հետո հասկացել, որ չէ, դա քո խելքի բանը չի։

22. Դու էլ ունես բարեկամ կամ ծանոթ, որ ծնունդներից կամ հարսանիքներից առաջ «You Tube»-ով լեզգինկա պարել ա սովորում, որ պարի ու բոլորին ցույց տա, թե բա՝ գիտի։

23. Դու էլ չես հասկանում բեսարաբերեն։

24. Դու էլ ես աշնան կեսից սկսում ձմեռային վերմակի տակ քնել, ու փոխում միայն ամռան կեսին։

Երևի վերջ, հնարավոր է, նյութն ուղարկեմ ու հետո միայն ավելի էպիկական բաներ հիշեմ, միշտ էդպես է։

Հ. Գ. Հումորով կընդունեք, ժողովո՛ւրդ ջան: