margarita ghazaryan

Գիրքը` անհաղթահարելի սեր

Գիրքը անհաղթահարելի սեր է: Ցավոք, ոչ բոլորն են այդ սիրով տարված: Պետք է ընդամենը մի քանի հետաքրքիր գիրք ընթերցել, և վերջ. ներսումդ ծնվում և հետզհետե մեծանում է մի անբացատրելի զգացում…   Դա կախվածությունն է գրքերից:

Գրքերն իմ լավագույն ընկերներն են, այս աշխարհում իմ բաժին մենությունը հաղթահարելու լավագույն միջոցը (հոգու խորքում բոլորն են մենակ): Դարակում կամ սեղանին դրված գիրքը սովորական մի բան է, բայց երբ սկսում ես ընթերցել` սկսվում է կախարդանքը, մտնում ես գրքերի հեքիաթային և գունագեղ աշխարհ: Երբեմն զարմանում եմ` ինչպես է ինչ-որ մեկը (հեղինակը) իմ մտքերն ու ապրումները նկարագրել այսպես հստակ և տառացի: Յուրաքանչյուր կերպարի մեջ ինձ բնորոշ բնավորության գծեր եմ փնտրում, փորձում արդարացնել նույնիսկ ամենաբացասական կերպարներին, չէ՞որ մարդիկ չար չեն ծնվում, կյանքն ու հանգամանքներն են նրանց այդպիսին դարձնում, և եկեք խոստովանենք, որ առանց նրանց կյանքը չափից դուրս միապաղաղ կլիներ, և մենք այդպես էլ չէինք իմանա, թե որն է բարին:

Ինձ համար շատ կարևոր է ինչ-որ մի նոր բան սովորելը, քնել ավելի խելացի, քան արթնացել եմ, և դրա լավագույն միջոցը գրքեր կարդալն է: Ցավում եմ, որ շատերի մոտ համացանցից ունեցած կախվածությունը այժմ ավելի ազդու է, քան սերը դեպի գրքերի հեքիաթային աշխարհը:

Շատ գրքեր եմ կարդացել` մեկը մյուսից տարբեր և մեկը մյուսին նման: Գրքերի աշխարհը մի անծայրածիր օվկիանոս է, որտեղ մտնելուն պես մոլորվում ես, և ցամաքին մոտենալը գնալով ավելի անհնարին է դառնում: Իմ կյանքն էլ` որպես մի նավակ, անընդհատ այս ու այն կողմ է գնում այդ օվկիանոսում, բայց ստած կլինեմ, եթե ասեմ, որ փնտրում եմ ցամաքին հասնելու ճանապարհը: Հակառակը` ցանկանում եմ ավելի ու ավելի առաջ գնալ, նոր  որոնումներ և բացահայտումներ անել ինձ և իմ աշխարհի համար:

Այժմ ցանկանում եմ ներկայացնել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որը գրվել  է 1942 թվականին: Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։ Այս հեքիաթը ինքնակենսագրական է, իսկ Փոքրիկ Իշխանի կերպարը հեղինակն ինքն է:

Կարդալիս թվում է, թե մի հեքիաթային և գունեղ աշխարհում ես, որտեղ ուղղակի մոլորվել կարելի է: Այս հեքիաթը չափազանց արդիական է: Գլխավոր հերոսը` Փոքրիկ Իշխանը, դրական անսպառ էներգիա է փոխանցում ողջ ընթերցման ընթացքում: Նա ճանապարհորդում է` գնալով տարբեր մոլորակներ: Յուրաքանչյուր մոլորակում կարծես ներկայացնում է ժամանակի որևէ բացասական կողմը: Հանդիպում է տարբեր կերպարների` Թագավորին, Փառասերին, Հարբեցողին, Գործարարին, Լապտերավառին և Աշխարհագետին:

Թագավորը ցանկանում էր իշխել բոլորին, սակայն իր մոլորակի վրա բացի իրենից և առնետից ուրիշ ոչինչ և ոչ ոք չկար:

Փառասերը կարծում էր, որ պետք է երկրպագեն իրեն, մինչդեռ ինքը ևս մոլորակի վրա միայնակ էր:

Հարբեցողը հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը, փորձում էր այդ ձևով փախչել իրականությունից, քանի որ ամաչում էր ինքն իրենից և իր թերությունից:

Գործարարը, ով «տիրում էր» աստղերին, տարված էր իր աշխատանքով: Կարիերիստ մարդու բնավորություն ուներ:

Լապտերավառը ապրում էր Փոքրիկ Իշխանի հանդիպած ամենափոքր մոլորակում: Նրա աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ, երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում: Աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, բայց իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է:

Աշխարհագետը մի ծերունի էր: Այս մոլորակից մեզ խորհուրդ է տրվում, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է:

Արդիական կերպարներ են, չէ՞:

Յուրահատուկ կերպարներ էին Վարդն ու Աղվեսը` Փոքրիկ Իշխանի սերն ու ընկերությունը: Վարդը այս ստեղծագործության մեջ  սիրո մարմնացումն էր: Վարդը ևս սիրում էր Փոքրիկ Իշխանին, բայց քմահաճ էր և հպարտ, և հենց դա էր պատճառը, որ Փոքրիկ իշխանը նրանից նեղանալով ` ցանկանում էր գնալ ուրիշ մոլորակներ:

Աղվեսին հանդիպում է Երկիր մոլորակում: Աղվեսը իսկական ընկեր էր, ով վախենում էր, որ իրեն կընտելացնեն, քանի որ «երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս»:

«Փոքրիկ Իշխանը» այն ստեղծագործություններից է, որ պետք է անպայման կարդալ` անկախ տարիքից, ազգությունից ու աշխարհայացքից: Կարդացեք և մի բուռ սեր ու բարություն խնդրեք Փոքրիկ Իշխանից, համոզված եմ` չի մերժի…

Ստորև ներկայացնում եմ գրքից մի քանի մեջբերումներ:

  • Չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
  • Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:
  • Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
  • Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
  • Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
  • Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
  • Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
  • Գնա և մի անգամ ևս վարդերին նայիր։ Այն ժամանակ կհասկանաս, որ քոնը միակն է աշխարհում:
  • Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ, որ կարողանում են ընկեր ունենալ։
  • Փառասերները միայն գովեստներ են լսում։
  • Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն:
  • Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
  • Էլ մի ձգձգիր… Դա անտանելի է… Եթե որոշել ես գնալ՝ գնա…
  • Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում:
  • Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…
  • Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
  • Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը»…
  • Մարդիկ էլ երևակայություն չունեն…Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են…