ani avetisyan portret

Գիրք, որը պիտի կարդա ամեն հայ…

Կան գրքեր, որոնք, ասում են, պիտի կարդա յուրաքանչյուր մարդ՝ անկախ ռասայից և ազգությունից. դրանք համաշխարհային գրականության գոհարներն են:
Կան գրքեր, որոնք պիտի կարդա յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից, մասնագիտությունից ու զբաղմունքից. դրանք հայոց պատմության կենդանի պատկերներն են: Երևի շատերը հասկացան, թե ինչ գրքերի անուններ պիտի գրեմ՝ Մովսես Խորենացի, «Հայոց Պատմություն», «Վերք Հայաստանի», «Վարդանանք», «Գևորգ Մարզպետունի»…

Այդպիսի մի գիրք էլ մեզ համար Ֆրանց Վերֆելի վեպն է՝ «Մուսա լեռան 40 օրը»: Այն իր բնույթով հայ ազգի կենսագրությունն է՝ «ամենացուրտ» օրերի կենսագրությունը, բայց և յուրահատուկ է նրանով, որ գրված է օտարազգի գրողի գրչով, գրված այնպես, ասես ինքն էլ հայ էր, ինքն էլ էր գաղթի ճանապարհին և իր ականջով էր լսել հայուհու երգը, որը նկարագրում էր գրքում.

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան…

Սա այն գիրքն է, որն ամբողջ աշխարհին պատմեց Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին, և որը գրելու համար հեղինակն ուսումնասիրել էր ամբողջ հայոց պատմությունը (այսօր մեզանից երևի քչերը հայոց ողջ պատմությունը գիտեն): Սա գիրք է, որը կարդալով՝ ամեն հայ պիտի ճանաչի իրեն, զգա ու ապրի, ինչպես արել է հեղինակը:

Գրքի գլխավոր հերոսը Արևմտյան Հայաստանի Սուեդիայի շրջանի հայտնի ընտանիքներից մեկի զավակն էր՝ Գաբրիել Բագրատյանը, ով, ապրելով Եվրոպայում՝ աստիճանաբար օտարանում էր հայրենիքի և հայրենիքն էլ իր համար: Սակայն եղբոր մահվանից հետո ընտանիքի գործերին տեր կանգնող էր պետք, և Բագրատյանը ստիպված վերադառնում է հայրենի գյուղ՝ ֆրանսուհի կնոջ և որդու հետ: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է արհավիրքը… Գաբրիելն անխզելի կապով կապվում է հայրենի հողին ու որոշում՝ կյանքի ու մահվան գնով՝ չհանձնվել ու ժողովրդին հենց այնպես, անպաշտպան չթողնել թուրքի յաթաղանի առաջ:

Հետո սկսվում են պատրաստությունները և… Բոլորին այնքան հայտնի ու ողջ աշխարհի հիացմունքի առարկան դարձած Մուսա լեռան ինքնապաշտպանությունը՝ կյանքի, մահվան ու ազատության մի պայքար, որն աննկարագրելիորեն գեղեցիկ ներկայացված է գրքում:
«Մուսա լեռան 40 օրը» վեպը արդիական է բոլոր ժամանակների համար, արդիական՝ պատերազմի ու բռնության դեմ ուղղված իր պաթոսով, ազատության, խաղաղության ու համերաշխության գաղափարներով: Գրքի էջերով անցնում է մի ողջ ժողովուրդ՝ ձուլված ամուր մետաղով, հպարտ իր անհուն վշտի մեջ….

Հ.Գ. Կուզեի, շա՜տ կուզեի, որ յուրաքանչյուր հայ կարդար այս գիրքը, կարդար ու հայ մնար, հայ լիներ… Գոնե այնքան, որքան հայ եղավ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը: