anushik davtyan

Գլոբալ տաքացում

Նախ, ի՞նչ է իրենից ներկայացնում գլոբալ տաքացումը: Դա մի երևույթ է, որի ժամանակ բարձրանում է երկրագնդի մթնոլորտի և օվկիանոսների միջին ջերմաստիճանը:

Շատ հաճախ է խոսվում գլոբալ տաքացման մասին թե հեռուստացույցով, թե համացանցում և թե թերթերում: Սովորաբար ես դրան շատ ուշադրություն չէի դարձնում, որովհետև դա երբեք անմիջականորեն չէի զգացել: Բայց վերջերս գլոբալ տաքացումը սկսեց ցույց տալ իր ներկայությունը:

Իջևանը, որտեղ ես ապրում եմ, միշտ ունեցել է զով ամառներ, և միայն օգոստոսի կեսերին է շատ շոգ եղել: Հունիսին միշտ անձրև, կարկուտ և ամպրոպ էր լինում: Բայց վերջին տարիներին ամառը դարձել է սաստիկ անտանելի. այստեղ ոչ միայն անձրև չի գալիս, այլ ջերմաստիճանը հասնում է +36-40 ըստ Ցելսիուսի:

Սա անհանգստանալու տեղիք է տալիս: Եթե այսպես շարունակվի, շուտով շատ տաք եղանակը պատճառ կդառնա որոշ գետերի չորացման, կենդանիների տեսակների վերացման, անապատային տարածքների ավելացման և իհարկե օվկիանոսների ջրի մակարդակի կտրուկ բարձրացման, ինչը կարող է տեղի ունենալ սառցաբեկորների հալվելու պատճառով, և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Որոշ տարածքներ ջրով կծածկվեն, այդպիսով խլելով բազմաթիվ մարդկանց ու կենդանիների կյանքեր: Որոշ գետեր մեծանալով, իրենց մեջ կհավաքեն բավականին աղբ ու մի օր այնքան կմեծանան, որ կմիանան օվկիանոսներին, այդպիսով աղտոտելով այն: Քիչ-քիչ երկրի երեսից կանհետանան մաքուր ջուրը ու բուսական աշխարհը, այդպիսով անհնարին դարձնելով այդտեղ ապրողների կյանքը: Այսպիսի վատ ավարտից խուսափելու համար պետք է քայլեր ձեռնարկել:
Ցավոք, չկա այնպիսի մի բան, որ դա անելով հնարավոր լինի հարյուր տոկոսով կանգնեցնել գլոբալ տաքացումը, քանի որ այն հիմնականում տեղի է ունենում մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող բարդ պրոցեսների հետևանքով: Սակայն գլոբալ տաքացման պատճառ է նաև մթնոլորտի աղտոտվածությունը: Հետևաբար, մենք քիչ թե շատ կարող ենք օգնել մեր մոլորակին այդ վերահաս վտանգից խուսափելու:
Ուրեմն, ի՞նչ անել: Ամենապարզ բանը, որ կարող ենք անել՝ փողոցներում ու գետերում աղբ չթափելն է: Պետք է այդ աղբը կուտակել, հետո հանձնել համապատասխան վայր, որտեղ դա վերամշակման կենթարկվի: Ինչքանով որ ես տեղեկացված եմ, Հայաստանում աղբը դեռևս վերամշակման չի ենթարկվում, ինչը շատ վատ է, որովհետև, երբ աղբը տարվում է բոլորիս հայտնի Սովետաշեն ու այրվում, այդ այրումից առաջացած թունավոր նյութերը մտնում են մթնոլորտ ու աղտոտում այն, ինչը կարող է բազմաթիվ վարակների պատճառ դառնալ: Հույս ունեմ` մոտ ժամանակներս այս հարցին լուծում կտրվի:
Երկրորդ կարևոր բանը, որ պետք է անել, պոլիէթիլենային տոպրակներից խուսափելն է, դրանք չեն քայքայվում բնության մեջ, անգամ, ուժեղ կրակի մեջ ենք դրանք այրելիս, էթիլենը մինչև վերջ չի այրվում ու մնում է: Միշտ ունեցեք թղթե կամ կտորից պատրաստված պայուսակ, որը կօգնի գնումների կամ իրեր տեղափոխելիս միանգամյա տոպրակներից խուսափել:

Հաջորդը բենզինով աշխատող ավտոմեքենա չօգտագործելն է: Աշխատենք ընդհանրապես մեքենաներից քիչ օգտվել: Սա դժվար կլիներ ասել, օրինակ շատ մեծ քաղաքներում, որտեղ տեղաշարժվելու համար մեքենան անհրաժեշտություն է: Բայց Երևանը և ընդհանրապես մեր բոլոր քաղաքները շատ փոքր են, մի տեղ գնալու համար կարելի է գնալ ոտքով կամ հեծանիվով: Դա օգտակար կլինի ոչ միայն բնության, այլ նաև մեզ համար:

Ահա այս պարզ գործողությունները կատարելով մենք կարող ենք փրկել մեր մոլորակը վերահաս վտանգից: