ruslan aleqsanyan

Գյուղացու կյանքը ամառվա ամիսներին

Ամռանը գյուղում սկսվում է աշխատանքային եռուզեռը: Սկսվում է խոտ հնձելու սեզոնը, որը ես, ճիշտն ասած, այդքան էլ չեմ սիրում: Հունիսի վերջերից սկսած բոլորը սկսում են խոտը հնձել, հավաքել: Շատերը տուկ են կապում, որոշ մարդիկ չեն կապում՝ ասելով, որ տուկ կապելիս ընկնում է խոտի որակը:

Այսօր ինձ համար այդ դաժան օրերից մեկն էր:

Մենք գյուղում ամեն տարի ամենաշուտն ենք սկսում խոտ հնձել, և արդեն ավարտել էինք հնձելն ու հավաքելը: Պետք է խոտը դաշտից բերեինք տուն, դարսեինք խոտի համար հատուկ պատրաստված «չարդախում»: Պապիկս նույնպես կարծում է, որ տուկ կապելիս խոտի որակն ընկնում է, այդ պատճառով մենք տուկ չենք կապում: Նաև ասեմ, որ խոտը կրելն ավելի բարդ է, քան տուկը: Երևի հենց այդ պատճառով էլ չեմ սիրում խոտ կրելը:

Վաղ առավոտյան լսեցի հայրիկիս ձայնը, որը փորձում էր ինձ արթնացնել, ինչն այդքան էլ հեշտ չէ: Այդքան շուտ արթնացնելու պատճառն այն էր, որ գնում էինք խոտը բերելու: Գյուղում բոլոր գյուղացիներն այդ ժամանակ զբաղված են իրենց գործերով, այդ պատճառով էլ ես պետք է գնայի հայրիկիս օգնելու: Այս տարի ամենաբարդն էր: Ես և հայրս ամբողջ օրը խոտ կրեցինք, բայց աշխատանքն այդպիսով չվերջացավ. մնացածը մնաց վաղվան: