Գյուղը ծաղկում է

Բարևներ Սյունիքից` համեմատաբար զով, բայց միևնույն է, շոգ Դարբասից:

Քանի որ համարյա մեկ տարի է՝ գյուղում չէի եղել, որոշեցի շրջել և իհարկե, նկատեցի զգալի փոփոխություններ: Կարոտել էի գյուղս, մարդկանց իրենց ժպիտներով և զվարճալի կատակներով, լեռները, և իհարկե, հայրիկիս պատրաստած գառան խորովածը:

Ամենաոգևորիչ և զգալի փոփոխություններից մեկը դա ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքն է: Ամենուրեք փոշի է, քարեր և տարբեր շինարարական աշխատանքներ, մարդիկ մեծ ոգևորությամբ և սիրով են աշխատում:

-Բարև ձեզ, կարո ՞ղ եմ ձեզ նկարել:

-Հա, եկ, եկ նկարի:

-Էդ ուղարկելու ես Ամերիկա ՞:

Տարիներ առաջ վերանորոգվել էր Սիսիան-Շամբ ավտոճանապարհը, որը փոքր ինչ թեթևացրել էր իրավիճակը, բայց Շամբից Շենաթաղ տանող ճանապարհը, որը անցնում է երեք գյուղերով` Դարբասով, Գետաթաղով և Լորով, այդպես էլ անմխիթար էր մնացել:

Ակամայից հիշեցի, թե ինչպես էին շատերը բողոքում ճանապարհներից և դրանց վիճակից, շատերն էլ ասում էին.

-Ո ՞նց գանք-գնանք էս ճանապարհներով, բա մեքենա կդիմանա ՞:

Շատ մեծ ուրախությամբ եմ ասում, որ շուտով այլևս այսպիսի խնդիրների առջև չենք կանգնի:

Հաջորդ ոգևորիչ հանգամանքը գյուղում նոր շինության կառուցումն է, որի աշխատանքները դեռևս սկսել էին այն ժամանակ, երբ ես մեկնեցի ԱՄՆ: Այն կառուցվում է բարերարներ Արամ և Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ, և համարյա իր ավարտին է մոտենում: Իսկ ի ՞նչ շինության մասին է խոսքը:

Շինությունը գյուղին կծառայի որպես սուպերմարկետ, վարսավիրանոց, դեղատուն, բանկոմատ և հանդիսությունների սրահ: Սրանք այնպիսի կարևոր բաներ են, որոնց կարիքը գյուղը միշտ ունեցել է: Այս ամենը շատ կօգնի գյուղի բնակիչներին, քանի որ նրանք այլևս ստիպված չեն լինի ամեն փոքր բանի համար գնալ Սիսիան քաղաք, որը գտնվում է Դարբասից 25կմ հեռավորության վրա: Բացի այդ, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Այցելեցի մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Հեռվից ինձ տեսնելով Միշա պապիկի դեմքին լայն ժպիտ հայտնվեց.

-Այ ամերիկացի, էդ եկա ՞լ ես:

Պապի արձանը իր թոռնուհու հետ ինչպես միշտ հպարտ կանգնած է ու իր բարի ու գյուղական աշխատանքներից տանջված հայացքով օրհնում էր գյուղին ու նրա զավակներին: Եկեղեցու այգու վարդերը մի այլ տեսակի գեղեցիկ էին այդ օրը: Մի շարք հիշողություններ այցելեցին ինձ: Չէ ՞ որ մանկությանս ու պատենակությանս մեծ մասը հենց այստեղ եմ անցկացրել, այս դրախտավայրում:

Լեռները առաջվա պես խրոխտ են և միշտ խրոխտ են լինելու, նրանք դեռ իմ զինվորներն են:

Եղիակ լեռը վերևից հսկում է ամբողջ գյուղը և իր օրհնությունը տարածում:

Խոտի սեզոնը սկսվել է, ինչպես նաև կոմպոտների, ջեմերի և թթուներինը: Մայրիկս պատրաստվում է ճախաթթու դնել (այսպես ենք անվանում բազուկի թթվին), այն իմ ամենասիրելի թթուներից մեկն է:

Գյուղը նույն գյուղն է իր բարքերով, սովորույթներով, առօրյայով ու աշխատասեր մարդկանցով, միայն թե հիմա սկսել է էլ ավելի ծաղկել, և համոզված եմ դեռ շատ է ծաղկելու: