anna gharakeshishyan

Գյուղը պահել է պետք

Հրաչիկ պապը մեր գյուղի ազատամարտիկներից է: Պատմում է, որ երբ սկսվեց ադրբեջանա-հայկական պատերազմը, 1992 թվականն էր, լուրը հասավ ժողովրդին, որ պետք է լքեն գյուղը` Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Կանանց և երեխաներին հանեցին, գյուղում մնացին տղամարդիկ: Սկսեցին գյուղը գնդակոծել «գրադ» կայանից:

Այդ ժամանակ գյուղը զենք չի ունեցել, մի քանի որսորդական հրացան էր, պաշտպանվում էին բահերով, եղաններով և անգամ քարերով: Ոմանք վիրավորվեցին, ունեցանք բազմաթիվ վիրավորներ, բազմաթիվ զոհեր: Գյուղը շրջապատված էր անգամ դեսանտներով:

-Օմոնը մտավ Հացուտի պոստը, որը նոր էր կառուցվել, անփորձ, անմեղ մարդիկ էին, Օմոնը ջարդեց նրանց, մեծ զոհեր տվինք, անգամ սահմանապահ շանը՝ Գռաֆին խփեցին,- պատմում է Հրաչիկ պապը:

-Հետո մտան մի ծեր մարդ ու կնոջ տուն, ամուսնուն տարան, կնոջ վիզն էլ կտրեցին և դաժանաբար սպանեցին:

Հրաչիկ պապը ցավով է պատմում և հիշում այն ժամանակվա դեպքերը:

Պատմում է, որ շատ անգամ հիշելիս նստում է և մանկան նման հեկեկում: Կորցրեց ընկերներին, հարազատներին, և անգամ հույսը չնչին էր, որ կփրկվի ինքը: Բազում գնդակներ է իր վրա վերցրել մեր գյուղը` Բարեկամավանը, և սահմանում ապրող ամեն մի ծեր, որ եղել է այդ տարիներին գյուղում, անգամ չի ուզում պատմել և վերհիշել ցավը: Անգամ վտանգված էին ճանապարհները, պատմում է, որ թաքնվում էին ճանապարհներին և հարձակվում մեքենաների վրա, գերի վերցնում կամ էլ տեղում վառում մեքենայի մեջի մարդկանց և հեռանում:

-է՜հ, որը պատմեմ և որը թողնեմ,- Հրաչիկ պապը պատմում է ցավը՝ արցունքն աչքերին: -Ես արդեն ծերացել եմ ու իմ սերունդներին եմ տալիս իմ զենքը, թող լինեն համարձակ, անկոտրում, երբեք թշնամու գնդակից չվախենան և չփախչեն, եղեք հպարտ, որ բարեկամավանցի եք, ամեն մեկս մեր ուժի չափով պահենք մեր հողը, իսկ մնացած հողերն էլ դեռ պիտի վերադարձնենք: Մեր գյուղը սահմանապահ է, կից ադրբեջանական սահմանին, եկողներն էլ կասեն, թե էս փոսի մեջ ո՞նց են ապրում:

Գիտե՞ք՝ կան բաներ, որոնք անկախ ամեն ինչից՝ պահել է պետք, ու կան նաև հաղթանակներ, որոնք մարդուն ուժեղ են դարձնում և հպարտ: