Գյուղի կինը

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Գյուղի կինը աշխարհի 8-րդ հրաշալիքն է: Եթե, մտածում ես, որ կարող էի պարզապես գրել «կինը», ապա սխալվում ես:

Երբևէ եղե՞լ ես գյուղում, տեսե՞լ ես ժանգոտած դարպասի մոտ նստած մի տատիկի, ով լարում է չեղած տեսողությունը՝ ասեղը թելելու համար, կամ հին փեղկերով պատուհանից նայող ջահել հարսի, ում աչքերի մեջ սպասումի դառը հետքն է…

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Ես տեսել եմ ու տեսնում եմ միշտ: Ամեն առավոտ, երբ ես մի կերպ արթնանում եմ դպրոց գնալու, հարևանի կինը արդեն կաթի դույլերը ձեռքին փողոցում կանգնած է: Անցնում եմ, բարև տալիս, ու թվում է, թե իմ «բարև»-ը , ամենևին էլ տեղին չէր, կարևորը կաթ հավաքող մեքենայի ազդանշանն է:

Երբ, դեռ լույսը չբացված հարևան փողոցի միայնակ տատին, փոցխը ձեռքին բակի տերևներն է մաքրում, ես սկսում եմ ատել քամին ու չորացած տերևները: Երբեմն մոտենում եմ «քեֆ, հալ» հարցնում, որ մենակությունից չտխրի:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Ման արի՛ գյուղով, եթե գտնես մի կին, ում ձեռքերը ընկույզի սեզոնին դարչնագույն չեն, ուրեմն դու հայտնագործություն ես արել:

Այսպիսին է գյուղի կանանց մեծ մասի օրը, կյանքը:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Նրանց աշխարհն իրենց դարպասից ներս է: Այնտեղ նրանք են քանդված պատերով դղյակի թե՛ սպասուհին, և թե՛ թագուհին: Նրանց ձեռքերն ու աչքերն են գյուղի դառը կյանքի կրողը: Իսկ ժպիտ գրեթե չկա, որովհետև առիթ էլ չի մնացել, երևի…