Ani Harutyunyan

Գյուղի շոգն ուրիշ չի

-Գյուղո՞ւմ էլ ա քաղաքի պես շոգ, – ամեն զանգողի հերթական ու ո՞նց ես-ից կարևոր, բայց խոսքի մեջ միշտ երկրորդ հարցն է:

«Ոնց ես»-ի պատասխանը ես էլ գիտեմ, որ հետաքրքիր չէ, դրա համար ես միշտ լավ եմ, նորմալ եմ, եղանակի հարցի պատասխանն էլ է միշտ նույնը` գյուղում էլ է նույնը, դեռ ավելի շոգ: Որպես պատասխան ծանր հոգոց եմ լսում խոսափողի մեջ, թվում է` ծանր արտաշնչած տաք օդը հասավ ականջիս:

Գյուղում շոգ է, չեք հավատա, բայց նույն արևն է, կեսօրին մարդիկ չկան փողոցներում, մեկ-մեկ դաշտից հեծանիվ է գալիս, արագ անցնում` ջրի դատարկ շշերը հետևից կապած. որպես կանոն դաշտից վերադառնում են, երբ սառը ջուրը վերջանում է: Նույն-նույն տաք գետինը, մի տարբերությամբ` ասֆալտ չի, հող է, տաք հող` հեծանիվի ակներից փոշու տեսքով վերև բարձրացող ու գյուղացու քրտնած դեմքին նստող:

Գյուղում շոգ է, ու մարդիկ շենքեր չեն գտնում` ստվերի տակով քայլելու, գոնե շոգը մեղմելու: Խանութները երեքն են, գյուղն էլ` փոքր, կարիք ու պետք չկա խանութ մտնելու, որ գոնե մի քիչ հովանաս, եթե մտնես էլ խանութ, մի բան պիտի առնես անպայման, դե որ գյուղը փոքր է, մարդիկ էլ` քիչ, խանութպանը դեմքով կճանաչի անպայման, գյուղացին էլ ամոթ կանի դատարկ ձեռքով դուրս գալ:

Գյուղի շոգը չի տարբերվում քաղաքի շոգից, բայց կյանքն է տարբերվում: Քաղաքում, հիմնականում, աշխատանքի են գնում 9-ին, բախտավորներ էլ կան, որ 10-ին, իսկ գյուղում, հիմնականում, այդ ժամին դաշտից տուն են վերադառնում, գնում են 5-ին, թե բախտները բերի ու քնել չկարողանան, արթնանում են շուտ ու գնում 4-ին, որովհետև գյուղում շոգ է ու դաշտում աշխատանքին խանգարում է: Մարդկանց է խանգարում, իսկ պտուղները առաջ ընկած հասնում են, հետո հասնում են քաղաք` նույն շոգ ճանապարհով:

Ամեն օր ինձ տեսնելիս փողոցի մեծերը հարցնում են` ի՞նչ են գրում էդ ձեր ինտերնետներում, ե՞րբ են հովերն ընկնելու, ու շարունակում, որ կյանքում էսպես շոգ չէին տեսել, ու դա ասում են ամեն տարի. ամռանը` էսպես շոգ, ձմռանը` էսպես ցուրտ:

Երեխաների համար Վարդավառը հովանալու ամենալավ տարբերակն է, որոշ փողոցներում ամեն օր Վարդավառ է, բայց քաղաքի Վարդավառից տարբերվում է. գետնին ասֆալտ չի, հող է, տաք հող, որ ջրերի մեջ ցեխի է վերածվում, ու հեծանիվն արդեն ցեխի մանր հատիկներ է թռցնում հետևից. արագ քշելուց է, որ քիչ ջրվի: Գյուղի բոլոր երեխաները հավաքվում են դպրոցի բակում ու դառնում մի նորմալ փողոցի երեխաների չափ, որ պիտի լինեին գյուղում, ամեն փողոցում: Էլի նույն շոգն է, որովհետև ցեխը երկար ցեխ չի մնում, արևն արագ չորացնում է ու երեկոյան, երբ հեծանիվը հետ է գնում դաշտ` սառը ջրերը հետևից կապած, նորից նույն փոշին է:

Գյուղում շոգ է, բայց շոգի մեջ հանգստություն կա. մեքենաները չեն ծանրացնում փողոցն ավելորդ օդով, կեսօրի շոգին տան հովին հանգստանալուն չի խանգարում դրսի աղմուկը, փոշի՞ն, ոչինչ, դրա` ասֆալտի փոխվելու հույսն էլ կա: