janna sargsyan lori

Գյուղ-քաղաք

Զգացե՞լ եք՝ վերջին շրջանում ինչքան է խոսվում գյուղ-քաղաք, գյուղի ժողովուրդ-քաղաքի ժողովուրդ տարբերության մասին: Չգիտեմ, եթե խտրականություն անվանեմ, երևի ճիշտ կլինի: Վերջերս մի փոքրիկ պատմվածք աչքովս ընկավ, որտեղ կարդացի մոտավորապես այսպիսի մի նախադասություն. «Բարեկամներդ ապրում են քաղաքակրթությունից շատ հեռու գյուղում»: Ու ամբողջ պատմվածքում առանձնացնում է գյուղացուն մնացածից: Արագ-արագ որոշեցի փնտրել հեղինակին ու գտա: Երիտասարդ ստեղծագործող էր: Արդյունքում մի մեծ բանավեճի բռնվեցինք: Ի՞նչ ասել է՝ քաղաքակրթությունից շատ հեռու գյուղ: Բոլորս էլ ապրում ենք այնպիսի դարում, երբ ինտերնետի միջոցով կարող ես տեղեկանալ ամենավերջին նորությունների ու իրադարձությունների մասին:

Քաղաք-գյուղ տարբերությանը շատ են անդրադառնում նաև հայկական սերիալներում: Վերջին շրջանում դրանց մեծամասնությունն սկսվում է այսպես. գյուղից գնում են քաղաք՝ սովորելու կամ աշխատելու, շրջապատում անընդհատ առանձնացնում են, չեն շփվում գյուղացու հետ, ծաղրում են: Դե, հա, դա ընդամենը սերիալ է, սցենարիստը իր մտքերն է արտահայտում: Բայց միևնույնն է՝ չեմ հասկանում մարդկանց այդ տեսակի մտածելակերպը, որ սկսում են վիրավորել ու առանձնացնել գյուղաբնակներին:

Առաջին հերթին՝ երեխան ոչ մի մեղք չունի, որ ապրում է գյուղում ու որոշ բաներից հետ է մնում՝ հնարավորություն չունենալով այցելելու կինոթատրոն, սրճարան կամ նմանատիպ վայրեր: Նա էլ քաղաք գնալով փորձում է այդ բացը լրացնել: Օրինակ՝ եթե գյուղերում լինեին այնպիսի հաստատություններ, որտեղ երեխան դպրոցից հետո կկարողանար այցելել թատերական, երգի կամ այլ խմբակների, համոզված եմ՝ ավելի տաղանդավոր դերասաններ ու երգիչներ կբացահայտվեին: Գյուղաբնակ երիտասարդների հնարավորությունները սահմանափակվում են, ու հնարավորություն չունենալու պատճառով էլ տաղանդավոր երիտասարդները չեն բացահայտվում: Խնդիրը գնալով ավելի է բարդանում, իսկ խտրականությունը՝ շատանում:

Չեմ հասկանում՝ իսկ ի՞նչ տարբերություն, թե որտեղից ես՝ գյուղից, թե քաղաքից, չէ՞ որ բոլորս էլ ապրում ենք փոքր Հայաստանում՝ մեր խնդիրներով ու ուրախություններով լի: