Գյումրի. հիշողության մեխեր

Գյումրու երիտասարդների նոր նախաձեռնությունը

- Ինչպե՞ս առաջացավ Գյումրու տնակների մեխերից արվեստի գործեր ստեղծելու գաղափարը: 

Արսեն Վարդանյան.

– Շատ գյումրեցիների պես ես էլ դոմիկի` տնակի բնակիչ եմ եղել: Երկար ընդմիջումից հետո, երբ գնացի մեր տնակի տարածք, նկատեցի, որ այնտեղ տնակից մնացել են միայն մեխերը: Էդ մեխերը որոշեցի հավաքել ու ստեղծագործությունների շարք ստանալ։ Ու քանի որ շատ ու շատ արտահայտություններ,  ասույթներ հենց այդ ժամանակներում են ծնվել, էս պահին խորթ ու անծանոթ են դարձել, տնակների հետ վերանում են:  Որպեսզի մարդիկ զգան, թե ինչի մասին է խոսքը, մենք որոշեցինք շարք ստեղծել, որտեղ հիմնականում ոչ միայն կենցաղային բնույթի պատկերներ կստանանք, այլ նաև հայկական ասացվածքների մեծ մասն ենք փորձել վերականգնել։

Մեխը հիշողություն է, լավ և վատ բան է տեսել: Որոշեցինք անպայման հենց մեր տնակի շարքով սկսել հիշողության շարքը:

Ի սկզբանե այն հուշերի արթնացում է, որովհետև շատ ու շատ երիտասարդներ, պատանիներ, ովքեր տնակային թաղամասում են ապրել կամ մեծացել, այստեղ են ապրում կամ արտերկրում, մանկությունից հիշում են իրենց տնակներում ապրած պահերից, կենցաղից։ Որոշեցինք ամեն տնակ ունենա իր հիշողության շարքը։ Ու շատ լավ արձագանքներ ունենք: Շատ գյումրեցիներ, որոնք արտերկրում են ապրում հիմա, ֆեյսբուքով գրում են, իրենց տնակի տեղն են բացատրում, ուզում են տեսնել` ինչ է մնացել այդ հատվածից: Ուսումնասիրելով հասկացանք, որ արժե ոչ միայն մեխեր օգտագործել,  այլ էդ տարածքներից քարեր, վառարանի խողովակներ, այլ դետալներ: Օրինակ, այս ժամացույցը պատրաստելուց վառարանի խողովակներից սլաքները պատրաստեցինք: Այսինքն, դետալային իրեր ենք վերցնում այդ տարածքից, որոնք մարդիկ տեսնելով, կարող են դրանց միջոցով հիշողություններ արթնացնել իրենց մեջ։ Որպես ֆիքսելու հարթակ օգտագործում ենք ծառի փայտը, քանի որ 90-ականներին ծառ կտրելը բավական ակտուալ էր, ու կազմում էր  «դոմիկային» կյանքի անբաժանելի մասը:

-Որտեղի՞ց են ծնվում նման մտահղացումներ ու գաղափարներ։

Գագիկ Մխիթարյան.

– Ուղղակի առօրյա շփումներից։ Երբ շփվում ենք ինչ որ բանի հետ ու խնդիր ենք տեսնում, առաջանում է ցանկություն դա լուծելու կամ փոխելու, ավելի լավը դարձնելու, և առաջանում են գաղափարներ, փորձում ենք գտնել լուծման տարբերակներ։ Մի խոսքով, տեսնում ենք ինչ որ բաց հարթակ, փորձում ենք այդ բաց հարթակում մեր մասնակցությունը ունենալ:

-Ուրիշ ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես գալիս ու ի՞նչ նպատակներ ունեք։

Գագիկ Մխիթարյան.

– Նպատակները երիտասարդներին խրախուսելն է, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան քաղաքի զարգացման, քաղաքի դեմքը ճիշտ ցույց տալու գործում։ Մենք ընդամենը օրինակ ենք ծառայում, մատուցում ենք ավելի լավ տարբերակներ, որտեղից մարդիկ կարող են ոգևորվել, շարունակել ու ավելիին ձգտել, պայքարել,  հղանալ նոր գաղափարներ ու փոխել իրենց միջավայրը։ Շատ մտահղացումներ ունենք, բայց չեմ սիրում խոսել այդ մասին, քանի դեռ չենք իրագործել։

-Ինչպիսի՞ն եք տեսնում արդեն վերածնված Գյումրին։

Արսեն Վարդանյան.

–Ինձ համար Գյումրին կատաստրոֆիկ արագությամբ առաջ է գնացել։ Այսինքն, երբ ասում են` ինչ վերածնունդ, վերածնունդ դեռ չի եղել, ես այնքան էլ համաձայն չեմ։ Մարդը, երբ որոշել է, որ իր ընտանիքի հետ պետք է այստեղ ապրի ու այստեղ է տեսնում իր ապագան, արդեն իսկ լավ է ապրում, դա արդեն ինձ համար շատ մեծ առաջընթաց է։ Այսօր ակնառու է, որ մեր երիտասարդները կարող են վաստակել այնքան, որքան նախկինում ոչ ոք ի վիճակի չի եղել վաստակել Գյումրիում: Օրինակ, ՏՏ ոլորտում:

Գյումրին էս պայմաններում արդեն մեծ հաջողություններ է գրանցել։ Վերջին 2-3 տարիներին Գյումրին զբոսաշրջության քաղաք է դարձել: Այսինքն, ռեալ ու լուրջ քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Մեզ համար դա հսկայական առաջընթաց է: Մարդիկ տեսնում են ինչ փոփոխություններ կան, ինչպես են այդ փոփոխությունները զարգանում։ Ճանապարհների վերանորոգումը էլի առաջընթաց ու հնարավորություններ է ստեղծում Գյումրու համար։

Մենք տեսել ենք ու տեսնում ենք այս քաղաքի պոտենցիալը, անկախ նրանից, թե էս տարածաշրջանի մարդիկ ինչպես են մտածում։ Մենք մեր քայլերով օրինակ ենք հանդիսանում, որպեսզի, մյուս մարդիկ այս տարածաշրջանի պոտենցիալը բացահայտեն ու կարողանան մի բան ավել ստեղծել այս քաղաքի համար։

Գագիկ Մխիթարյան.

– Գյումրին նոր չէ, որ բդի վերածնվի։ Այդ ամեն ինչը 31 տարվա ընթացքում անընդհատ, անգամ փոքր քայլերով, թեկուզ դժվարությամբ, թեկուզ շատ բարդ, վերածնվում է: Անելիքներ դեռ շատ կան, ահռելի աշխատանք կա անելու թե քաղաքի շինարարության ու ճարտարապետության հետ կապված, թե աշխատատեղերի,  թե մարդկանց մտածելակերպի, որպեսզի Գյումրին կրկին դառնա հզոր, ակտիվ աշխատանքային, արդյունաբերական քաղաք, որի մեջքը երկրաշարժը չկարողացավ կոտրել, քանի որ ուներ «թասիբով» քաղաքացիներ։