Գյումրու հոգևոր խորհրդանիշը

Լուսանկարը՝ Անի Առաքելյանի

Լուսանկարը՝ Անի Առաքելյանի

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցին աչքի է ընկնում իր վեհությամբ և գեղեցկությամբ:
Եկեղեցու շինարարությունը ընթացել է 1859-1873 թթ., այն կառուցել են տոհմիկ որմնադիր Պապիկ Կարապետյանը (Բարտաշոյանց), վարպետաց վարպետը (ուսատաբաշի, իսկ որոշ հիշատակություններում` Ճարտարապետը) Թադևոս Կարապետյանը (Անտիկյանց) և Արդար Մանուկը (Մանուկ Պետրոսյան): Եկեղեցու բուն շինարարության ամբողջ 14 տարիների ընթացքում գյումրեցի հարուստները շինարարների, վարպետների և բանվորների համար ամեն օր հաց են դրել շինհրապարակում:
Շինարարության ղեկավարը Արդար Մանուկն էր ,նա ամեն շաբաթ գնում էր Անի, նայում Մայր Տաճարին, գրի էր առնում ամեն քարի չափսը , գույնը և վերադառնալով տալիս էր այդ ամենը մյուս վարպետներին, ու նրանք սկսում էին կառուցել: Եկեղեցին դիմացել է Լենինականի 1926 թ. ավերիչ երկրաշարժի հարվածներին, սակայն մի քանի տարի անց սովետական իշխանությունները մարտնչող աթեիզմի շրջանակներում փորձել են քանդել այն, ինչպես և` Երևանի ու Հայաստանի մի շարք այլ եկեղեցիներ: Ըստ որոշ պատմությունների, տրակտորով ճոպաններով քաշքշել են զանգակատունը, որը քանդել չի հաջողվել, որովհետեւ բավականաչափ ամուր է եղել, ի վերջո մի շարք քննարկումներից հետո, որոշվել է եկեղեցու հյուսիսային կողմում հսկա դպրոց կառուցել, դրանով էլ փակել եկեղեցու տեսքը Մայիսյան ապստամբության հրապարակի և քաղաքային խորհրդի շենքի կողմից, և մոտ 50 տարի եկեղեցին, Սբ.Աստվածածին տաճարի պես փակված է եղել շենքով, Ամենափրկիչը` 2-րդ դպրոցով, իսկ Աստվածածին եկեղեցին «Մանկական աշխարհ» խանութով: Երկրորդ դպրոցի շենքը քանդվեց և հեռացվեց դեռևս մինչեւ 1988 թ. երկրաշարժը: Ականատեսների վկայությամբ, 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ ցնցումներից նախ փլվել է զանգակատունը, ապա մի քանի ակնթարթում փլվել է նաև Ավագ գմբեթը, թափվելով եկեղեցու կենտրոնում: Եկեղեցուց պահպանվել էր միայն զանգակատան մուտքի պատը և եկեղեցու արևելյան կեսը` առանց գմբեթի: Մինչ այդ ավերիչ երկրաշարժը սբ. Ամենափրկիչ եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիա, որտեղ կայացած համերգներին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ:
Նախորդ տարի` 2014թ., ավարտվեց եկեղեցու արտաքին կառուցումը և տեղի ունեցավ խաչի օծումն ու տեղադրումը: Այժմ տեղի է ունենում եկեղեցու ներքին հարդարումը: Հուսանք շուտով ականատես կլինենք սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությանը: