sona zakaryan

Գնացի՜…

Եվս մեկ գեղեցիկ առավոտ մի փոքրիկ գյուղում, որը շրջապատված է հսկայական լեռներով։ Մազերը ծամ արած մի աղջիկ նստած ծառի տակ գիրք է ընթերցում։ Գիրքը պատմական է ու գրված մեծ հայրենասիրական ոգով։ Այն շատ հետաքրքիր է, ուստի աղջիկը չի ուզում դադարեցնել կարդալը նույնիսկ այն ժամանակ, երբ մայրը նախաճաշի է հրավիրում։

-Սոնա՜, արի՛, նախաճաշի ժամն է։

-Ի՞նչ ես եփել, մամ։

-Քո սիրելի հնդկաձավարը ու տնական կոմպոտ։

-Մա՛մ, գիրք եմ կարդում, տասը րոպեից այդտեղ կլինեմ։

Կարծում եմ՝ արդեն գուշակեցիք, թե ով է այդ աղջիկը։ Ես եմ։

Նա գրեթե վերջացրել է գիրքը, և արցունքները հոսում են նրա աչքերից։ Ինչո՞ւ է նա այսքան զգայուն, ինքն էլ չգիտի։

-Միաո՜ւ…

-Վա՜յ, ինչ լավ փիսիկ է։

-Հե՜յ, արի այստեղ, ուզում եմ քեզ շոյել։

-Սոնա՜, տասը րոպեն անցավ արդեն,- լսվում է մայրիկի ձայնը։

-Գալիս եմ, գալիս։

-Մենք պետք է գնանք այգի և ազնվամորի հավաքենք, որ ձմեռվա համար մուրաբա պատրաստենք։

-Լավ, մամ։

-Մամ, որ տեղափոխվեմ քաղաք, ինձ կկարոտե՞ս։

-Ինչո՞ւ ես միշտ այդպիսի հարցեր տալիս, եթե արդեն գիտես պատասխանը։

-Կարծում եմ, որ մեր նպատակները ստիպում են մեզ հեռու գնալ, ուսումնասիրել նորը, բացահայտել իրականությունը և ինչպես դու ես ասում՝ հանել մեր գունավոր ակնոցները։

-Ես գիտեմ, թանկագինս, ու վստահ եմ, որ դու ամեն ինչ ճիշտ կանես։

-Ես քեզ սիրում եմ, մամ։

-Ես էլ քեզ, բալես։

-Մա՞մ։

-Ջան։

-Չմոռանաս ինձ ազնվամորու մուրաբա ուղարկել։