Գնացի ակ վառելու

Լուսանկարը` Հովիկ Վանյանի

Դեռ հնուց, մեր գյուղում` Դսեղում, մի սովորություն կա, երբ Նոր տարվա գիշերը` թաղով գնում են «ակ վառելու»: Հայրիկիս ասում է, որ իրենց ժամանակ էլ է այդ սովորությունը եղել:
Բայց մինչև «ակ վառելու օրը» պետք է անվադողեր հավաքել, չէ° : Սեպտեմբերից սկսած, սկսում են ավտոմեքենաների հին ու մաշված անվադողեր հավաքել ամբողջ գյուղից, և ոչ միայն: Ինձ համար վառ օրինակ է փոքր եղբայրս, ով շատ է սիրում այդ սովորությունը, ու լինում են դեպքեր, երբ նույնիսկ մեզնից թաքուն է գնում հավաքելու: Այս գործընթացը տևում է մինչև դեկտեմբերի վերջին օրերը, ու պետք է գոնե 50 հատ հավաքված լինի:

Ակ վառելու տեղը կոչվում է Կվհանք: Տեղը շատ բարձր է, ու այնտեղից երևում է մեր ամբողջ գյուղը, ու եթե ամպամած օր չլինի, կարելի է տեսնել նաև տասը այլ գյուղեր: Միշտ գյուղի ուրիշ թաղեր նախանձով են նայել մեր ակ վառելու տեղին: Քանի որ տեղանքը բարձր է ու հեռու, անվադողերը պետք է ինչ-որ կերպ հասցնել տեղ: Դե’, այդ ժամանակ էլ օգնության են գալիս բեռնատար ավտոմեքենաները: Դեկտեմբերի 31-ին անվադողերը բարձում են մեքենան և ուղարկում Կվհանք` դատարկելու: Հետո բոլորը հավաքվում են իրենց վերցրած ուտելիքներով ու բարձրանում վերև:

Դե, անկեղծ ասած, ես չէի սիրում այս սովորությունը, բայց այս տարի եղբայրս շատ համոզեց, ու որոշեցի գնալ: Մինչ հասանք տեղ, շատ էինք հոգնել: Արդեն անվադողերն այնտեղ էին, մնում էր վառել: Դժվարը սկզբից վառելն էր, հետո շատ հեշտ էր վառվում: Քիչ հետո արդեն լսվում էր կրակի ճտճտոցը, իսկ մենք մի քիչ հեռու փայտով էինք կրակ վառել, որպեսզի մրոտ չլինենք, և’ տաք ‘մնանք, և’ խորոված անենք: Կրակը շատ գեղեցիկ էր ու հաճելի տաքություն էր հաղորդում: Նաև շատ գեղեցիկ էր գյուղը գիշերով, հատկապես, երբ նայում էինք կրակի միջով, ու տեսնում, թե ինչպես են հրավառություն անում, իսկ մենք դրանից բարձր էինք գտնվում:

Լուսանկարը` Հովիկ Վանյանի

Լուսանկարը` Հովիկ Վանյանի

Մոտավորապես երկու ժամ մնացի ու որոշեցի իջնել, որովհետև արդեն տեսա, թե ինչ էր նշանակում «ակ վառել»: Մտնելով տուն, ծնողներիս պատմեցի, թե եղբայրս ինչ էր տեսնում դրա մեջ, և ինչու է ամեն տարի ամիսներ առաջ նախապատրաստվում այդ օրվան: