Գնացքները կամ անհանգիստ խաղաղություն

Մեռնող օրվա աշխույժից թուլացած նստած եմ իմ սիրելի  ճոճանակին, ու  հաստ պարանները հետ ու առաջ անելով ստեղծում են անրջային մտքեր: Վերջալույսի արևի վերջին ճառագայթները ծառերի տերևների միջով թափանցելով շոյում են դեմքս՝ կարծես օրհնելու իմ այդ խաղաղ թռիչքը: Ներքին մի մղումով հանկարծ զգացի, թե որքան օրհնված է երկիրս, թեկուզ իր այդ ժայռային կերպարանքի մեջ:  Որքա՜ն բերկրանք կա արևի մեջ ու այդչափ  խոստում՝ հողի: Ինչքա՜ն նպատակ ջրի և որքա՜ն խենթություն օդի մեջ: Ի՜նչ շնորհված եմ, որ հենց այստեղ եմ ծնվել՝ այս հողի վրա, և հիմա ընկղմված եմ այս ճոճանակի մեջ ու…

Ինձ մի պահ շոյված զգացի իմ այդ մտքերից, ու ձեռքս կողքիս սկսեց փնտրել գրիչս՝ պատմելու տատիցս լսած այն հին հեքիաթներից  այդ օրհնված երկերում ապրող-ապրած այն պարզ, հասարակ մարդկանց ու նրանց խաղաղ, անվրդով կենցաղի մասին: Ամփոփման նման մի պահ ուղեղիս միջով անցավ օրս. հրաշալի էր, վաստակած, խաղաղ…խաղա՞ղ…

Մտորումներիս թելը հանկարծ կտրեց գնացքի վագոնների անվերջանալի վարգը. «Տգլին, տգլին, տգլին…», և տատիս հին-հին հեքիաթների մասին մտքերը աներևութացան արդի տպավորությունների քողի տակ, անրջայինը փոխվեց իրականի:

Երբ ես փոքր էի, այդ գնացքն էլի գնում էր, երբ մեծացա իմ մանկության «պու՜ չըք-չըք»-ը  էլի անցնում էր մեր տան մոտով, երբ տխուր էի, էլի գնացքը գնում էր, երբ մեծացա, նա նորից կար: Երբ ես չկայի, ասում են՝ նա  անցնում էր այստեղով: Հիմա ես կամ ու արդեն երկար տարիներ է, ինչ նրան ամեն օր՝ նույն ժամին, հավատարիմ կերպով դիմավորում եմ այս նույն ճոճանակին նստած: Եվ այդ գնացքները, որ միշտ գնում-գալիս են մեր տան մոտով, մի տեսակ այնքան հարազատ էին դարձել ինձ: Բայց վերջին ժամանակներս այդ գնացքները շատ հաճախ են սկսել անցնել այստեղով: Նույնիսկ գիշերները երբեմն վեր եմ թռչում գնացքների շչակների ձայներից ու հասկանում, որ էլի  զենք են տեղափոխում: Եվ այն գնացքն էլ, որ մի քիչ առաջ անցել էր դիմացովս ու խռովել էությունս,  նույնպես բեռնված էր տանկերով և այլ ռազմական տեխնիկայով: Հիմա, երբ այդ գնացքն ամեն անգամ անցնում է այստեղով,  երակներիս մեջ մի պահ կանգ է առնում արյունս, որպես պատերազմի ցավը ժառանգած ու խաղաղության գինն իմացող ժողովրդի զավակ:

Մենք ասում ենք, թե ապրում ենք խաղաղ Հայաստանում: Ու մենք ասում ենք դա այն ժամանակ, երբ ցանկացած պահի միացնում ես հեռուստացույցը, լսում ես, որ էլի մի երիտասարդ զոհվեց սահմանին, որ նա ընկավ հերոսի մահով, բայց ի՞նչ կապ ունի: Նա երևի երազանքներ ուներ, չէ՞, քույր, եղբայր, ծնողներ, սիրելիներ, որոնց ոչ մի հետմահու տրված մեդալ երբեք չի մխիթարի: Հնարավոր է՝ նա այս երկրի ապագա մեծ գիտնականն էր  կամ արվեստագետը, կամ էլ թեկուզ շարքային մեծ քաղաքացին: Միևնույնն է, նրա գոյությունը սովորական չէր կարող լինել այս երկրի համար: Բայց հիմա դա այլևս էական չէ, որովհետև նա այլևս չկա, որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ աչքեր հավերժ արցունքոտ կմնան, թեկուզ այն ժամանակ, երբ հեռուստացույցը էլ մահ չգուժի, որովհետև դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են խաղաղության ու պատերազմի այս ոլորանում, ովքեր ամեն բացվող օրվա հետ գոյության կռվ են մղում, որովհետև դեռ կան շատ որովհետևներ…

Ես վախենում եմ այս տեսակ խաղաղությունից: Ավելին՝ ես մերժում եմ այսպիսի խաղաղությունը: Եվ սա ասում եմ այն հայի հոգու խորքից, ովքեր խաղաղության արժեքն իրենց ես-ի մեջ ժառանգած են ծնվում: Ու մենք բոլորս այդպիսին ենք ծնվում: Դա հայ տեսակի գենի հենքն է կազմում: Թշնամու այս տեսակ անսանձ լրբությունը ոտնձգություն է հենց այդ գենի նկատմամբ, ոչ թե զուտ զինադադարի խաղտում:

Հազարամյակների  այս խաղաղ պատերազմներն արդեն որքան ժամանակ է հոգնեցուցիչ են դարձել: Թվում է՝ բնությունը ամեն ինչով օժտել է այս հողը, որ մարդիկ երջանիկ ապրեն ու արարեն, բայց այս երկիրն անընդհատ տնքում է պատերազմների մեջ: Բնավ հարկավոր չէ մեղքը միայն նախախնամության վրա գցել: Գուցե մենք ինքներս մեր մտածելակերպով, կենցաղով և արարքներո՞վ ենք հասել դրան: Հայրենիքի համար մահը միշտ ամենավեհ արժեքն է համարվել մեր մեջ, իսկ կյա՞նքը, ո՞ւր մնաց կյանքը… Ե՞րբ ենք մենք սկսելու ապրել հայրենիքի համար ապրելու, այլ ոչ թե մեռնելու համար: Ե՞րբ ենք մենք դադարելու տառապել գլոբալիզացիայով ու սկսելու մի քիչ ավելի ազգային մտածել: Մի ընկեր ունեինք. միշտ սարսափելի բարկանում էր, երբ տեսնում էր բրիտանական, ամերիկյան, կամ այլ երկրի դրոշներով հագուստ էինք կրում: Ասում էր. «Ոնց կարելի ա նման բան անել: Քանի հազար տարի ա մեր արժեքների պահպանման համար կռիվ ենք անում, ու դուք գնում եք ուրիշ երկիր եք գովազդում ձեր հագուստի վրա: Երբևէ տեսե՞լ եք ամերիկացիները Հայաստանի դրոշով շորեր հագնեն:  Ձեր ախպերները կյանքի գնով սահման են պահում, իսկ դուք ասում եք, որ ձեր ամենասիրած երկիրը Իսպանիան ա, և ուզում եք թողնեք գնաք էս երկրից…»: Մենք ասում էինք նրան, որ իր հայրենասիրությունը երբեմն ազգայնամոլության է հասնում, իսկ ինքը պատասխանում էր. «Փոքր ազգերի համար, ինչպիսին մենք ենք, ազգայնամոլությունը կարևոր պայման ա: Մեր ազգայնամոլությունը երբեք չի կարա աշխարհում որևէ ազգի խանգարի կամ չարիք ստեղծի, բայց կարա մեր նման փոքր ազգերի համար ազգապահպանման հիմք դառնա, խոչընդոտի ձուլմանը»: Հիմա նոր եմ հասկանում ընկերոջս «ազգայնամոլությունը»: Այս և մյուս բոլոր պատերազմներն էլ իրականում մեր արժեքների դեմ են եղել, և գոնե այս խառը ժամանակներում մենք պիտի ավելի ևս փորձենք ազգային մտածել…

…Մեռնող օրվա աշխույժից թուլացած նստած եմ իմ սիրելի  ճոճանակին, ու  հաստ պարանները հետ ու առաջ անելով ստեղծում են  անորոշ մտքեր: Վերջալույսի արևի ճառագայթները սկսել են ավելի թույլ ջերմացնել: Օդում քիչ-քիչ մարում է հեռացող գնացքի աղմուկը՝ իր հետ տանելով հայացքս դեպի այն վերջին կայարանը, որտեղից պիտի հետ գան գնացքները:

Հ.Գ. Գնացքները երևի միշտ կգնան ու կգան այստեղով: Այն ժամանակ, երբ ուրախ ես կամ տխուր, փոքր ես, թե՝ ծեր, ժամը 3-ն է, թե՝ 12-ը, հեքիաթում ես, թե՝ իրական կյանքում, միևնույնն է՝ գնացքները միշտ գնում են: Ժամանակի մեջ այդ հավերժ ընթացքն իրականում այնքան սովորական է թվում: Բայց կա մի բան, որ  ժամանումն ավելի սպասված է դարձնում, թե  ի՞նչ կբերեն իրենց հետ այս անգամ գնացքները. խաղաղություն, թե՞ ….