laura sekoyan

Գնումների հետևից

Կարելի է մի փոքր խոսել գարնան շնչով լցված տրանսպորտից։ Գարնանը բոլոր խանութներում նոր գարնանային հագուստների տեսականի են ստանում, ինչը առիթ է գյուղից դուրս գալու ու մի որևէ բան գնելու համար։ Գնումները ավելի են հետաքրքրանում, երբ մեքենայի փոխարեն գնում ես հասարակական տրանսպորտով։ Տրանսպորտում կարող ես իմանալ ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը քեզ ընդհանրապես հետաքրքիր չէ կամ ուղղակի պետք չէ։ Այստեղ կարող ես իմանալ` ով նշանվեց, ով ամուսնացավ, ում հետ և ինչպես։ Կարող ես իմանալ մի ամբողջ ընտանիքի պատմություն։ Տեղեկանում ես, թե ինչը ինչքան է թանկացել կամ էժանացել։ Իմանում ես հաջորդ օրվա կամ շաբաթվա եղանակի մասին և նմանատիպ այլ բաներ։ Տրանսպորտում լսում ես այնպիսի երաժշտություն, որը տանը երբեք չէիր լսի։ Այստեղ հանդիպում ես այնպիսի մարդկանց, որոնց ճանաչում ես, բայց տարիներով չես տեսել։ Ու լավն այն է, որ երկար ընդմիջումից հետո, միևնույնն է, կամ դու ես տոմս հանում նրանց համար, կամ նրանք`քեզ։

Տրանսպորտում հնչող բարձր երաժշտությունը հաճախ ստիպում է քեզ այլ կանգառում իջնել։ Օրինակ` այսօր մի տղա այնքան գոռաց, որ վարորդը կանգառում կանգնի, բայց բարձր երաժշտության պատճառով վարորդը չլսեց։ Բոլոր ուղևորները ծիծաղում էին, իսկ այդ ծիծաղից մի երկու կանգառ հետո վարորդն արգելակեց։ Այդ տղան հազիվ իջավ ու վազելով հետ գնաց դեպի իր կանգառը։

Տրանսպորտում միշտ տեղ չկա, ուղևորների մեծ մասը կանգնած են մնում։ Եվ այդ պատճառով մի հարց միշտ անլուծելի է մնում` ով տեղ զիջի, որ իրենից մեծը նստի։ Այժմ երիտասարդները մեծերից շատ են ցանկանում նստել, և հիմնականում տեղ չեն զիջում մեծերին։ Երիտասարդների մի մասը հեռախոսով խաղ է խաղում, մյուս մասն էլ խորասուզվում է պատուհանից դուրս տեսարանի մեջ ու իբր չի տեսնում մեծահասակին։ Ամեն դեպքում, ինչքան էլ գեղեցիկ տեսարան լինի պատուհանից դուրս, խաղի որ աշխարհն էլ հաղթելիս լինես, միևնույնն է, պետք է միշտ տեղդ զիջես մեծահասակին։

Ինչևէ, եթե ուզում ես նոր հագուստ գնել, նոր տեղեկություններ իմանալ, ճշտել հաջորդ շաբաթվա եղանակը, ապա լավագույն միջոցը հասարակական տրանսպորտ նստելն է։