amalya harutyunyan

Գնում են, ոչինչ….

Դե, էդպես մի նայիր ինձ: Հա, վերադարձել եմ, ուզում եմ էլի զրուցենք, քեզ հետ զրուցել լավ է ստացվում: Դու լսում ես, ես` անվերջ խոսում, ի՞նչ վատ է: Ինչ էլ ասեմ, լսում ես, մեկ-մեկ միայն, երբ շատ եմ ներսիս եղածը պատմում, երևի բարկանում ես:
Էդպիսի մի ընկերուհի էլ ունեմ, ինչքան խոսեմ, մեկ է՝ կլռի: Իրականում այս ձևը լավագույն տարբերակը չէ:
Էսօր ոչնչից եմ խոսելու: Հա, ամենահասարակ, ամենասովորական ոչնչից: Այսօր մատներս ամենահիմար մտքերն են գրելու, ու գիտակցությանս մեջ էդ անխուսափելի ոչինչն է գերիշխելու:
Մի քանի վայրկյան առաջ ընկերներիս հիշեցի:
Էնքան էլ քիչ են: Եթե մի քանի անգամ հաշվեմ, հետո էլ փորձեմ մտերիմներին առանձնացնել, քչերը կմնան: Բայց ամեն անգամ, երբ էս քչերից մեկը ինձ ասի, որ գնում է, մյուսը խնդրի՝ կարևորություն չտալ իրեն, այն մեկը նեղանա, ու ես ինձ աշխարհում ամենամենակը զգամ, մի օր կհանդիպեն:
-Ամ, ինչի՞ ես տխուր:
Կպատասխանեմ` տխուր չեմ:
Երբ սպառնում են.
-Ամ, ժպտա, էլի, լաց չլինես:
Էս մարդիկ չգիտեն էլ, որ ամեն անգամ, ամեն պահ…
-Ամ ի՞նչ է եղել:
-Ոչ մի բան, անկեղծ, ոչինչ:
Մերոնք գնում են, գիտե՞ս: Հա, անկեղծ, գնում են: Օր օրի մենք ավելի հեռու ենք դառնում:
-Մամ, ես կուշանամ մի քիչ, երեխեքի հետ եմ:
-Հա, մենակ թե շատ չմնաս:
Գիտե՞ս, մորս զանգելուց հետո հաջողություն եմ մաղթում երեխաներին ու սկսում մենակ քայլել:
Այգի-մետրո-փողոցներ-մետրո-կանգառ-տուն:

Մենք ամենևին էլ չենք ասում այն, ինչ կա: Մենք անխնա հեռանում ենք իրարից:
Բայց ի՞նչ է պատահել: Ոչինչ:
Երբ նստած էս տեքստը գրեմ ու շատ ընկճվեմ, մորս հարցին ինչ է պատահել, էլի էն իմ սիրած «ոչինչն» եմ պատասխանելու:
Ու որովհետև մերոնք գնում են: Որովհետև ամեն անգամ, երբ ասեն, որ ես անհասկանալի եմ, որ դժվար է ինձ հետ, չեն հասկանալու, որ իմ մոլորակից են գնում, որ մենք շատ ավելի հեռու ենք դառնում: Բայց երբ տեսնեն ինձ՝ հայացքս հառած ինչ-որ կետի, կասեն:
-Հիմա ի՞նչ ես մտածում:
Կասեմ:
-Հեչ, ոչինչ:
Բայց գիտես, մարդիկ էլ ավելի հեռու են փորձում գնալ: էն բարեկամները, էն հազար ու մի ծանոթ ու անծանոթ մարդիկ, երբ հանդիպում են քեզ, ասում են.
-Վայ, Ամալյա ջան, էս ո՞նց ես մեծացել, երբ տեսել ենք, մի մատ երեխա էիր:
Չեն էլ հասկանում, որ ավելի լավ է լռեն, չասեն, որ էսքան ժամանակ գնացել են ու հետ չեն նայել, չասեն, որ ոչինչ չգիտեն ինձնից, ոչինչ չեն հիշում, էն իմ չսիրած ոչնչից…
Բայց մի սարսափելի միջոց էլ կա: Մարդիկ գնում են իրենց բնակավայրից, ընտանիքից, գյուղից, հայրենիքից…
Էս մարդիկ էնքան են անում, որ անխնա գոռում ենք, թե ծխնելույզի ծուխը պակասել է, որ օդանավակայանները լիքն են, որ ընկերներս ուրախ են, երբ իրենց հայրը վերադառնում է, որ էդ ժամանակ իրենց աչքերը էնքան պայծառ են փայլում:
Չենք հասկանում, որ ամեն անգամ, երբ…
-Քույրիկ, գիտե՞ս, չէ՞, էսօր դասընկերս Մոսկվա գնաց:
Մյուս օրը.
-Գիտե՞ս, Տարոնն ասել է 20 օրից հետ է գալու, չեկավ:
Քրոջս բացատրել, որ էլի մի քանի ինքնաթիռներ լքել են մեզ ու իրենց հետ հազարավոր մարդիկ, անտանելի դժվար է: Բացատրել, որ մենք էնքան ենք գնում, որ կորցրել ենք մնալու արվեստը, էն էլ անկախ նրանից, թե ինչպես ենք լքել, հետ չենք գալիս:
Որովհետև ամեն անգամ պիտի 2009-ի դեկտեմբերի 14-ը ու հորաքրոջս գնալը հիշեմ: Լսեմ լացիս ձայնը ու նորից մղձավանջի նման ապրեմ էդ սառը օդանավակայանի պատերն ու ճամպրուկների անտանելի աղմուկը:
Բայց ինքն ասում էր.
-Ես հետ կգամ, ոչինչ:
Որովհետև ամեն անգամ պիտի Հոլանդիա գնացող մորաքրոջս ընտանիքը հիշեմ: Պիտի հիշեմ, որ տղաներից մեկը հենց էնտեղ էր ծնվել, ու մինչ իրենք գալիս էին, ու ես 20 օրում նոր փորձում էի ճանաչել իրենց, իրենք նորից գնում էին: Էլ հետ գալ չէր լինում: Հետ գալու համար ուշ էր:
Բայց նրանք ինձ ամեն անգամ պիտի ասեին:
-Էլի կգանք, ոչինչ…
Գիտե՞ս, երբ 14 տարեկան էի, ես մի ամբողջ 4 հոգու եմ պահել Հայաստանում:
Ես մեր ընտանիքին պահել եմ գնալու մտքից, համոզել, որ էստեղ մնալը, էստեղ հասնել բարձունքներին ու առհասարակ էստեղ լինելը ճիշտ է:
Համոզել չստացվեց, բայց մենք էս պահին էս հողի վրա ենք, մենք չենք դասվել գնացողների շարքին, ու էս երևի ամենակարևորն է:
Ու ինձ մեծ հաշվով շատ քիչ է հետաքրքրում՝ ինչքան են ինձ մեղադրում էստեղ մնալու համար, ինչքան են ասում, որ դրսում լավ կլիներ, դա էլ միշտ չէ, ոչինչ…
Որովհետև ամեն անգամ, երբ ինձ հարցնեն, թե ինչ կա դրսում ու օտար երկրներում, պատասխանելու եմ
-Ոչինչ, ոչինչ էլ չկա:
Էն իմ սիրած ոչնչից:
Մի քանի օր առաջ ամբողջ համալսարանով մեկ լաց էի լինում ու կրկնում:
-Ինձ բոլորը նեղացնում են:
Ով ու ինչու հարցերին էդպես էլ չպատասխանեցի:
Ոչինչ չհասկացան: Ես էլ ոչինչ չասացի:
Կանցնի, ոչինչ…