anush davtyan

Գոռը

Գոռին վերջին անգամ երևի մոտ ինը տարի առաջ էի տեսել։ Ես իրեն հիշում էի էն տեսքով, որ դեռ մի գլուխ կարճ էր ինձնից (դե, երկու տարվա տարբերությունը մեծ բան է փոքր տարիքում), շա՜տ նիհար էր, ոնց որ ասում են՝ «ճլեզ», ու մեր մանկությունից հիշում եմ մենակ էն պահերը, երբ իրար հետ կախվում էինք իրենց տան պտտաձողից («տուռնիկ»՝ այլ կերպ ասած)։ Մամայիս պատմածներից գիտեմ, որ ահավոր, անտանելի ու անհնարին չար երեխա է եղել։ Չար ասելով՝ հասկանում ենք չարաճճի։ Շատ ակտիվ էր ու երևի դրանով բոլորի զահլան տանում էր։

Դե, անցան տարիներ, ու վերջապես նորից տեսանք իրար «համաբարեկամական» հավաքներից մեկին։ Գոռը տատիկիս եղբոր տղայի տղան է։ Գոռը մեր «ախպերն ա»։ Ու հիմա էդ առաջվա փոքր-մոքր տղան արդեն անցել է ինձ մոտ մի գլխի չափով, էնքան թափ է հավաքել, որ մտածում ես՝ ցանկացած կռվից հաղթող դուրս կգա։ Ու էդ շատ էլ բնական է, որովհետև ինքը Ռուսաստանում մի քանի տարի ապրած և ֆանտաստիկ հաջողությունների հասած մարզիկ է։ Ուշադրություն՝ ընդամենը 17 տարեկան։ Չգիտեմ՝ ում համար ոնց, բայց ես իրոք մտածում եմ, որ իր հաջողությունները ֆանտաստիկ են։ Հիմա թե էդ ձողի վրա երկու պտույտ ավել կանի, թե պակաս, ցած թռչելուց ուղիղ կկանգնի գետնին, թե չէ, իր կատարած ծանր աշխատանքը ոչ մի բանը չի փոխի (մեդալներն էլ չեն տանի)։

Կարճ ասած՝ քույր-եղբայր վերամիավորումը շատ լավ անցավ։ Էնքան լավ, որ որոշեցինք իրենց մեքենան քշել, տանել բակից, քանի բանալին ձեռքներս էր ընկել։ Ուղղակի ես հաշվի չէի առել մի բան․ Գոռը երկրորդ անգամ էր ղեկին նստում։ Ու էդ պարզ պատճառով մեզ շատ արագ բռնացրին ու հետ կանչեցին տուն։

Դրանից հետո ու առաջ էլի ինչ ասես չեղավ, ինչ ասես չարեցինք։ Կես օրը, իհարկե, անասելի քիչ է, որ հասցնես ինը տարվա դեպքեր պատմել, մանավանդ եթե զրուցակիցդ պատմելու բան ունի։ Իսկ Գոռը անցյալ ունեցող մարդ է ինձ համար, որովհետև շատ պատմելու բան ունի։ Ես էլ շատ ասելիք ունեմ։ Ռուսաստանի առաջացրած բացը պետք է լրացնել։