Milena Sedrakyan

Գոռը

Ոչ շատ երկար դադարից հետո ձեզ հետ նորից ես եմ` Միլենան:

Այս անգամ ձեզ պատմելու եմ մի պատանու մասին, ով չնայած իր տարիքին` այնքան բան է անում, որ չափահաս մարդը անգամ չէր կարողանա:

Գիտեմ, գիտեմ միանգամից մտքներիդ եկավ մի պատանի, ով ամբողջ օրը դաշտերում է, բայց ոչ, այստեղ լրիվ հակառակն է:

Մի զայրացեք, չեմ ձգձգում, պատմում եմ:

Պամությանս հերոսը Գոռն է ,Գոռը հորաքրոջս միջնեկ որդին է, 15 տարեկան է, ապրում է Երևանում: Երազանքներ շատ ունի, և աշխատում է, որ դրանք իրագործվեն:
Բացի այն, որ սովորում է ավագ դպրոցում, նվագում է ակուստիկ կիթառ, հարվածային գործիքներ, դաշնամուր, երաժշտություն է հավաքում, ստեղծում, ստեղծագործում, լուսանկարում է, ցանկանում է դառնալ օպերատոր:

Գոռը նաև դերասան է. խաղացել է ներկայացումներում: Նա այնքան բնական կարող է ձևացել մի բան, որ չհավատալ պարզապես չի ստացվի:

Ինձ շատ է օգնում, կարելի է ասել, իմ «շտապ օգնությունն» է, մի հարց, և զանգ Գոռին:

-Գոռ, ինչպե՞ս նկարեմ, որ լույսը հետևից ընկնի:

-Գոռ, ֆիլմի գաղափար ունեմ, կօգնե՞ս` նկարենք:

-Գոռ, մի երկու գեղեցիկ նկար եմ ուզում, տեսախցիկդ բեր, լուսանկարի, հա՞:

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Եվ ես շատ շնորհակալ եմ նրան, առանց նրա ես կյանքում չէի սիրի լուսանկարչությունը:

-Գոռ, իսկ ինչպե՞ս սկեցիր նվագել կիթառ, պատմիր այդ մասին:

-Դեռ մակուց, երազել եմ նվագել այդ գործիքը, բոլոր իմ տարիքի տղաները երազում էին դառնալ տիեզերագնաց կամ ոստիկան, բայց ես երբ առաջին անգամ տեսա մեծ եղբորս ձեռքին բաս կիթառը, իմ մեջ ցանկություն առաջացավ կիթառ սովորել:

-Քանի՞ է տարի է, ինչ կիթառ ես նվագում:

-Արդեն երկու տարուց ավելի է, ինչ կիթառ եմ նվագում: Սկզբում շատ դժվար էր, նույնիսկ այնքան, որ մի պահ հույսս լիովին կորցրել էի, էլ չէի ուզում նվագել, սակայն իմ մեջ ուժ գտա և որոշեցի շարունակել:

-Ո՞վ է քո սիրած կիթառահարը:

-Ունեմ երկու շատ սիրելի կիթառահար, որոնցից մեկը իմ ուսուցիչն է` Գարեգին Ամյանը, իսկ եթե վերցնենք համաշխարհային մասշտաբով, շատ եմ սիրում Էնդի Մքքիին:

-Ես գիտեմ, որ դու դաշնամուր նվագել սովորել ես ինքնուրույն:

-Մի անգամ, երբ հայրս երգչախմբի դասեր էր անցկացնում, իմ ամենասիրած երգերից մեկը նվագեց, ես շատ էի տպավորվել և որոշեցի այդ գործիքն էլ դարձնել իմը: Մենք տանը ունեինք էլեկտրադաշնամուր, ես սկսեցի անել իմ առաջին քայլերը մենակ, քանի որ հայրս չափազանց զբաղված էր: Սկզբում չէր ստացվում, բայց հույսս չէի կորցնում և զգացի, որ ամեն ինչ կախված է իմ աշխատասիրությունից, և ամբողջ օրը նվագում էի ու չէի հոգնում:  Այնուհետև հայրս տեսնելով իմ մեջ ձգտումը, կարողացավ ինձ ժամանակ հատկացնել և որոշ բաներ սովորեցրեց: Եվ ես շատ ոգևորված արեցի իմ առաջին գործիքավորումը: Դա Սթինգի “Shape of my heart”-ն էր: Նվագում էր իմ եղբայրը` Մարգար Մկրտչյանը բաս կիթառ և իմ հորեղբոր տղան` Նարեկը` հարվածային գործիքներ:

-Գիտեմ, որ ինքդ էլ ունես գրած մեղեդիներ, դրանց ստեղծման պատմությունն էլ պատմիր:

-Ես ունեմ մեղեդիներ, որոնք ինքս եմ գրել, և դրա համար ես միայն շնորհակալ եմ Աստծուց, և երբեք չեմ հպարտանում դրանցով:

-Իսկ ի՞նչ  կպատմես հարվածային գործիքեր նվագելուդ մասին:

-Հորս խորհուրդն ընդունելով, որոշեցի նաև նվագել հարվածային գործիք, որը կլիներ իմ հիմնական գործիքը: Իսկ այժմ ընդունվել եմ Ջազի և էստրադային պետական քոլեջի հարվածային գործիքների բաժինը:

-Իսկ ինչպե՞ս  սկսեցիր լուսանկարել:

-Մեկ տարի առաջ ծնողներիս հետ մտածում էինք իմ մասնագիտության մասին, և նրանք ինձ խորհուրդ տվեցին դառնալ օպերատոր, որը ինձ անչափ համապատասխան էր և դուր էր գալիս: Հիմա լուսանկարում եմ և փորձում հմտանալ այդ մասնագիտության մեջ: