anna  andreasyan

Գործի գիտակները

Քիչ առաջ կարդում էի նախորդ հոդվածներս ու մտածում՝ ի՞նչ կլինի, որ հաջորդ նյութս բողոք կամ քննադատություն չլինի ինչ-որ հարցի շուրջ, այլ մի պատմություն: Սկսեցի շրջագայել գլխումս, մի բան հիշելու համար: Վերջապես՝ մտքիս ամեն մի անկյունը փորփրելուց հետո, հիշեցի մի հետաքրքիր դեպք, որ թեև մի քանի տարի առաջ էր պատահել, բայց մինչև հիմա էլ այն հիշելիս դեմքիս ժպիտ է գալիս:

Ուրեմն մեր Մայիսյան գյուղին բնորոշ մի շոգ ամառ էր: Դե, ամառային արձակուրդներ էին, ու բան չունեի անելու: Ամբողջ ցերեկը տանջող շոգից հետո, վերջապես եկել էր երեկոն՝ իր հետ բերելով ամառային երեկոներին բնորոշ զով քամին: Ես ու մայրս հեռուստացույցով մեր սերիալն էինք դիտում՝ սերիալ դիտողներին բնորոշ համակ ուշադրությամբ, որ անտեսում է շրջապատում կատարվող ամեն ինչը (կար մի ժամանակ, երբ ես հեռուստացույցով սերիալներ էի նայում): Մեկ էլ զանգահարեց հորեղբայրս (նա և տատիկս խաղողի այգում էին) և ասաց, որ մեր հարևանը տեսել է, թե ինչպես են մեր խոզի ձագերը դուրս եկել գոմից: Անկեղծ ասած՝ դա ինձ սկզբում այնքան էլ չհետաքրքրեց, և ես շարունակեցի իմ դիտումը, բայց հետո, մայրս, ստուգելով դրա ճշմարտացիությունը, վերադարձավ ինձ ասելու, որ գնամ օգնեմ խոզի ձագերին նորից ներս տանել: Այստեղ մի պարզաբանում է պետք իրավիճակը ավելի լավ հասկանալու համար: Չնայած գյուղում ապրելուն՝ երբեք գործ չէի ունեցել մեր ընտանի կենդանիների հետ, ավելին՝ նրանցից վախենում էի (ինչպես գրեթե մյուս բոլոր կենդանիներից): Նրանց հորեղբայրս ու տատիկս էին պահում, այնպես որ, մայրս էլ համարյա թե գործ չուներ նրանց հետ: Ու հիմա ինձ՝ այս գործերից բացարձակ անտեղյակիս, տանում են օգնելու: Ինչ արած, հո չէի՞նք թողնելու, որ խոզերը կորչեն: Ես ու մայրս գնացինք նրանց փնտրելու՝ հետներս ապահովության համար վերցնելով պետք եկածից ավելի մեծ ու ամուր փայտեր:

Եվ այսպես, խոզերին գտանք, նրանք մեր գոմի հետևում էին, այնքան էլ հեռու չէին: Թվով 12-ն էին ու չնայած դեռ ձագեր էին՝ բավականին մեծ էին չափսերով: Պլանը այսպիսին էր՝ մայրս պետք է նրանց քշեր դեպի գոմ, իսկ ես թույլ չտայի, որ ճանապարհից շեղվեին: Սկզբում ամեն ինչ նորմալ էր գնում, բայց հետո նրանցից մի քանիսը հանկարծ մտափոխվեցին և որոշեցին մի քիչ էլ վայելել ազատության մեջ գտնվելու բացառիկ հնարավորությունը: Մենք էլ սկսեցինք այդ մի քանիսի հետևից վազել՝ բավականին մեծ աղմուկ բարձրացնելով: Ու հենց այդ աղմուկը լսելով էլ՝ մեր հարևան կանայք, որոնք եթե ոչ մեզանից պակաս, ապա հաստատ ավել էլ չէին հասկանում այդ գործից, հավաքվեցին՝ առաջարկելով իրենց օգնությունը: Ես էլ, առիթը բաց չթողնելով, մի փայտ տվեցի նրանցից մեկին, որ հետս կանգնի իմ նշանակված տեղում:

Մինչ այս ամենը կատարվում էր մեր՝ ազատությանը կարոտ խոզերը ավելի էին ոգևորվել ու ոչ մի կերպ չէին ուզում ներս մտնել: Իրականում, ինչպես հետո տատիկս ասաց, մենք նրանց վախեցրել էինք մեր փայտերով ու վազվզոցով: Տե՜ս է, ինձ էլ ամբողջ ընթացքում թվում էր, թե այդտեղ միակ վախեցածը ես էի։ Փաստորեն, խոզերն էլ էին նույն վիճակում, ուղղակի մեկս մյուսի լեզուն չէինք հասկանում:

Մի շատ ծիծաղելի տեսարան էր, մի 5-6 հոգով վազում էինք խոզերի հետևից, փորձում նրանց բռնել, իսկ նրանք փախուստի ճամփան միշտ գտնում էին: Իմիջիայլոց, մեր հարևաններից երկուսը, որ խոզերի հետ վարվելու ձևերին ծանոթ էին, հեռվից զարմացած մեզ էին նայում՝ հավանաբար խղճալով ոչ թե մեզ, այլ խոզերին:

Մի խոսքով՝ մեր ու խոզերի շնչառությունը, սրտի զարկերի արագությունն ու քանակը հավասարվել էին, երբ տատիկս ու հորեղբայրս վերադարձան տուն: Անմիջապես եկան մեզ մոտ: Տատիկս մի պահ զարմացավ՝ տեսնելով մեր խմբին շնչակտուր, մեծ փայտերը ձեռքներիս: Հանգիստ մոտեցավ խոզերին, ասաց «մաշ-մաշ» կախարդական բառերը, և խոզերը հանգիստ ներս անցան: Դե, պատկերացրեք, մեր խմբի զայրույթն ու զարմանքը: Կես ժամից ավելի 5-6 հոգով չէինք կարողանում մի քանի խոզերի մեզ ենթարկել, իսկ տատիկս առանց ջանք թափելու նրանց ներս տարավ:

Ամեն անգամ այդ պատմությունը հարևաններով հիշելիս մի լավ ծիծաղում ենք, ու ես ակամա հանգում եմ այն մտքին, որ ամեն մարդ իր գործի գիտակն է: