Գուրմէ Դուրմէ

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Եթե սիրում եք լավ շոկոլադ ու լավ պատմություններ, ապա` «Գուրմէ Դուրմէ» -ն ամենալավ համադրությունն է։ «Գուրմէ Դուրմէ»-ն ոչ թե պատմություն է շոկոլադի, այլ՝ բռնած գործին անմնացորդ հավատացող մարդկանց մասին։

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում երիտասարդ ձեռներեցներին ոգեշնչելու և իր ընկերության հաջողության պատմությունով կիսվելու էր եկել Դիրան Բաղդադյանը:

-Գիտեք,  երբ  առավոտյան արթնանում ես, պետք է կյանքը քեզ մի քանի բանով ուրախացնի՝ նվաճումներ, փոքր երազանքներ և մեծ երազանքներ։ Ու ամեն օր պետք է մի բան անես այդ երազանքների համար․․․

Տատի ոտքերի տակ նստած երկու եղբայր իրենց տատին հարցեր էին տալիս։ Ու երբ 2 կեսի բաժանված ականջների մասին էին հարցնում՝ նա լալիս էր, թուրքերն էին զարդերը ականջից քաշել, պոկել։ Եվ իհարկե 5-6 տարեկան տղա երեխան պետք է իր տատի համար ոխ պահեր։ Նրանց քշել էին սեփական տնից, և դրա միակ պատասխանը նրանց պլանը ձախողելը պետք է լիներ՝ տուն վերադառնալը։ 93թ-ին Հայաստանում ապրելը ընդգրկվեց մեծ երազանքների ցուցակում և սկսեց փոքր քայլերով իրականություն դառնալ։ Առանց հասկանալու, թե ինչով պետք է այստեղ զբաղվեն, 2005թ-ին եկան վերջնական և անվերադրաձ։

Բայց ինչով զբաղվելը շատ պարզ է դառնում, երբ սկսում ես հասկանալ մարդկանց  նիստն ու կացը, ու գործդ լավ ես անում երբ այդ նիստն ու կացը սկսում են ոգեշնչել քեզ։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ես այսքան տարբեր տեղեր եմ ապրել,  բայց երբեք չէի տեսել, որ մարդիկ շոկոլադին այսքան կարևորություն տան։ Ուր գնում են` շոկոլադ են տանում. հարսանիք, ծնունդ, կնունք, նույնիսկ թաղում։

Հետո մի գաղտնիք ձեզ բացեմ՝ առօրյա կյանքը խիստ կապված է ստեղծագործական աշխատանքի հետ։ Օրինակ՝ եթե ես Մոսկվայում ապրեի, անհնար կլիներ նման լավ դիզայներական աշխատանքի նմուշներ ստեղծել։ Ոչ մի տնտեսագիտությանը վերաբերող գրքում սա չեն ասում, բայց շատ կարևոր է, որ դու լիցքավորվես քո միջավայրից։ Բջջային հեռախոսի նման՝ պետք է լիցքավորվես, որ առավոտյան ժամը 12-ին չանջատվես։ Ու այդ լիցքը, ոգևորությունը, որ մենք ստացանք Հայաստանում, ուղղեցինք դեպի աշխատանքը և  4 նոր դիզայներական լուծումներով տուփեր ստեղծեցինք։ Փոքր սենյակում էինք աշխատում. ես էի, եղբայրս և երկու աշխատող։ Քանի որ «ծանոթի կարգով» ասածը մենք չենք ընդունում, որոշեցինք, որ մեր շոկոլադները օդանավակայանում՝ Duty Free-ում ենք վաճառելու։ Վերցրեցինք մեր նոր դիզայնով 4 շոկոլադի տուփերը և գնացինք մեր ապրանքանիշը ներկայացնելու։ 15 րոպե տևեց ընդամենը հանդիպումը, բայց մեր աշխատանքը հասցրեցին գնահատել և պատվիրել։ Պատվիրված քանակը և ժամկետը, որի ընթացքում պետք է անեինք, մեզ վախեցրին, բայց օր ու գիշեր չքնելով ավարտին հասցրեցինք:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Տնտեսագիտության գրքերում չեն ասում նաև, որ արդյունավետ աշխատանքի գաղտնիքներից մեկն էլ շուտ արթնանալն է։ Աշտարակում «Գուրմէ Դուրմէ»-ի գործարանի աշխատակիցները ժամը 8-ից են սկսում աշխատել և 5-ին բոլորը տուն են գնում։ Անկեղծ ասած, ես էլ եմ կարծում, որ շատ խելացի է օրվա առաջին մասը աշխատանքին տրամադրելը, մյուս մասն էլ միջավայրից ու կյանքից լիցքավորվելու՝ հաճույք ստանալու համար ծախսել։ Կարելի ասել, որ «Գուրմէ Դուրմէ»-ի հաջողության գաղտնիքներից մեկն էլ հենց շուտ արթնանալն է։ Բայց եթե խոսենք հաջողության գլխավոր գաղտնիքից, ապա դա հաստատ լավատեսությունը և հումորը պետք է լինեն։ Դրական միտքը, որ թույլ է տալիս առաջ շարժվել, աշխատել արդար, թափանցիկ ու ամեն օր ինչ-որ բան փոխել Հայաստանում դեպի լավը․․․

Գիտե՛մ, հաստատ ամբողջ ընթացքում մտածել եք, թե ի՞նչ է վերջիվերջո նշանակում «Գուրմէ Դուրմէ», իսկ պատասխանը ուղղակի․

-ԼԱՎ ՀԱՄԵՂ ՇՈԿՈԼԱԴ․․․