Ինձ տանջում են շատ հարցեր: Հիմա կմտածեք` ինչո՞ւ տանջող, այլ ոչ թե հուզող, որովհետև այդ հարցերը ինձ իրոք շա՜տ են տանջում:
Տիեզերք: Մի մեծ աշխարհ: Այնքա՜ն գաղտնիքներ կան այնտեղ, որ մարդը գաղափար չունի դրանց բոլորի մասին: Մարդ, որ ամեն ինչի ունակ է, դեռ չի բացահայտել Տիեզերքի բոլոր գաղտնիքները: Ամեն գիշեր քնելուց ես մտածում եմ, թե որտե՞ղ է Տիեզերքի սահմանը, ուրիշ ի՞նչ մոլորակներ կան, բացի մեր իմացածներից, արդյո՞ք գոյություն ունի կյանք Երկրից դուրս, ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը, չնայած, որ ես միշտ էլ հավատացել ու հավատալու եմ աստվածային ծագմանը:
Գիտնականները բազմաթիվ վարկածներ են առաջարկում, որոնցից քչերին է հաջողվում ապացուցել այդ: Օրինակ ՝ Տիեզերքն առաջացել է «Մեծ պայթյուն»-ից կամ «Մեծ սառցակալման» հետևանքով (նրանք դա բացատրում են այսպես՝ քանի որ Տիեզերքը սառցակալում է, նրանում «բյուրեղանում են» մեզ այսօր հայտնի ժամանակն ու տարածությունը, և ինչպես սառցի մեջ, այնպես էլ Տիեզերքում, ձևավորվում են ճեղքեր: Ու շատ ու շատ այլ վարկածներ:
Հետո մտքիս գալիս է մի ուրիշ հարց, թե ի՞նչ կա Սև խոռոչի ներսում: Այնտեղից ոչինչ էլ չի կարող դուրս գալ, քանի որ լույսի արագությունից ավելի մեծ արագություն գոյություն չունի: Գուցե այնտեղ կյա՞նք կա, ավելի հետաքրքիր ու տարբեր է մեր մոլորակից:
Հետո մտքիս գալիս է մյուսը, մյուսը, և այդպես շարունակ:
Իմ շրջապատում դեռ չեմ հանդիպել այնպիսի մեկին, ով ինձ նման հետաքրքրված լինի Տիեզերքով: Նրանք դա համարում են մի մեծ, մութ աշխարհ, որտեղ ամեն ինչ ձանձրալի է, բայց ես շա՜տ եմ հետաքրքրված Տիեզերքով: Երևի մի օր կհանդիպեմ մի մարդու, ում հետ կարող եմ քննարկել շատ ու շատ հարցեր:
Անթարթ աչքով, անխարխափ հոգով
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ:
Ու վերանում է հոգիս զըվարթուն-
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:
Հ.Գ. Գուցե մի օր բացահայտվի այս բոլոր հարցերի պատասխանները, որը ես շա՜տ եմ ուզում, և ամենակարևորը, գտնվի Տիեզերքի ՍԱՀՄԱՆԸ: