vanuhi harutyunyan

Գտա իմ կոչումը

Ես Վանուհի Հարությունյանն եմ: Ծնվել ու ապրում եմ գեղատեսիլ Տավուշի Գետահովիտ գյուղում: Այս տարի ավարտել եմ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ԵՊՀ Իմ) Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժինը:

Անսահման սիրում եմ ընթերցանություն և ապրում եմ երաժշտությամբ: Մանկուց երազել եմ դառնալ լրագրող, սակայն, չգիտեմ ինչու, հարազատներս չէին ցանկանում ինձ տեսնել այդ ոլորտում: Հիմա, ճակատագրի բերումով, դարձել եմ «Մանանա» թիմի թղթակից ու աշխատում եմ հնարավորինս հմտանալ լրագրության ոլորտում:

Մինչ այս լրիվ այլ էր պատկերացումս լրագրության մասին, բայց հիմա, երբ ծանոթ եմ նրա սկզբունքներին, հասկանում ոմ, որ մինչ այս գրեթե ոչինչ չեմ իմացել:

Վաղուց էի ցանկանում այս թեմայով նյութ պատրաստել, բայց չէի հասկանում, թե իրականում ով եմ ես, և որն է իմ առաքելությունն այս կյանքում, իսկ այժմ, երբ ընտրել եմ մասնագիտությունս, հստակ գիտեմ, որ իմ առաքելությունն է` կրթել ու հայեցի դաստիարակել գալիք սերունդներին: Ինձ շատ են ասել, թե գնամ այստեղից, այլ մասնագիտություն ընտրեմ, ավելի հեռանկարային աշխատանքով զբաղվեմ, բայց ըստ իս, իմ տեղն այստեղ է` իմ հայրենիքում, իմ գյուղում, և ես այստեղ ավելի եմ պետք, քան ուրիշ այլ վայրում:

Այն հարցի վերաբերյալ, թե ինչ եմ ուզում, երբեք լուրջ չեմ խորհել, բայց հիմա հստակ կարող եմ պատասխանել. հավատարմություն մեր ազգային ու մշակութային արժեքների հանդեպ, հայրենասիրություն և հավասարություն (սոցիալական) մեր պետությունում: