margarita voskanyan lori

Գտնվել է հոգու մի կտոր

Կգա ժամանակը, ու մենք կփոխվենք տեղերով: Եկավ ժամանակը, ու մենք փոխվեցինք տեղերով: Եկավ այն պահը, որ դու ունես հոգածության ու սփոփանքի կարիք: Այսօր քո հոգին է փշրված, այսօր դու ունես այն միակի կարիքը, որ հատիկ առ հատիկ հավաքի հոգուդ փշուրները:

Կոտրված ապակիներով պատուհանիս առջև նստած` ես անընդհատ մտածում եմ քո, քո հոգու ու սրտի փշուրների մասին: Ես ուզում եմ բառեր հորինել քեզ սփոփելու համար… Քամին ապտակում է երեսս, ու ես սթափվում եմ:

Հիմա լավ, թե վատ, ինչ-որ մեկը փորձում է հավաքել հոգուդ կտորները: Եվ սա ոչինչ էլ չի նշանակում ինձ համար: Կարևորը` հավաքվեն հոգուդ բոլոր մասնիկները:

Ու էլի գիտեմ, համոզված եմ, որ ոչ ոք չի կարողանա անկորուստ հավաքել քեզ: Նրանք քեզնից մի թանկ մասնիկ անպայման կկորցնեն: Ու դու կիսատ կդառնաս: Իսկ ո՞վ կարող է այդպես ապրել… Ես չեմ թողնի, ես պիտի օգնեմ քեզ:

Ուշադրություն

Նա կորցրել է իր հոգու թանկագին մասնիկը: Գտնողներին խնդրում ենք վերադարձնել:

Անհամար թվով կորցրած հոգու մասնիկներ գտնվեցին: Բայց դրանցից ոչ մեկը քոնը չէր: Ու ես հասկացա, որ… Որ միայն ես կարող եմ գտնել, որովհետև իմ ու քո հոգիները իրար շատ նման են: Մեր հոգիները չարենցագույն են` կապույտ, ոսկեգույն ու մանուշակագույն: Ես չէի սխալվում: Ես փնտրեցի ու գտա կարևոր կտորը: Դու վերցրիր ու հեռացար… Ուրիշ ոչինչ չէի էլ սպասում:

Իսկ ի՞նչ պիտի անեմ հարյուր հազարավոր գտնված հոգու կտորների հետ:

Ուշադրություն

Բացվել է կորցրած հոգու կտորների ընդհանուր կենտրոն: Եթե կորցրել եք այն և դեռ ապրում եք, ապա այն կարող է մեզ մոտ լինել: